«Հայեցակարգն երաշխավորում է Ազգային ժողովում կանանց ներկայացվածության 30 տոկոսը»
Ինչպես հայտնի է , ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը հրապարակել է Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը : Նախատեսված փոփոխություններից գլխավորով առաջարկվում է անցում կատարել պարզ համամասնական ընտրակարգի՝ առանց ռեյտինգային ընտրակարգի դրսեւորումների: Անդրադարձ կա նաև կանանց մասնակցությանն աջակցող քվոտավորմանը, ինչի շուրջ WomenNet.am-ը զրուցել է հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի հետ:
– Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ նախնական քննարկումների ժամանակ կանանց ՀԿ-ները առաջարկում էին կուսակցությունների ցուցակներում սեռերի 30/70 համամասնությունը սահմանող քվոտան բարելավել՝ ամրագրելով այն 40/60 կամ 50/50 համամասնությամբ: Ինչու՞ կանգ առանք 30/70 համամասնության վրա:
– Առաջարկել ենք կուսակցությունների ցուցակներում սահմանել սեռերի 30/70 համամասնությունը, քանի որ մենք հրաժարվում ռեյտինգային ընտրակարգից և գնում ամբողջությամբ համամասնական ընտրակարգի, իսկ դա նշանակում է, որ ընտրված Ազգային ժողովի կազմում կանանց ներկայացվածության 30 տոկոսը երաշխավորելու հնարավորություն կա: Հայեցակարգով առաջարկվում է, որ յուրաքանչյուր սեռի առնվազն 30 տոկոս ներկայացվածությունը ոչ միայն կուսակցությունների ընտրական ցուցակներում լինի, այլ ընտրված խորհրդարանի խմբակցություններում: Սա գործնականում նշանակում է, որ եթե այս Ընտրական օրենսգիրքն ընդունվի, ապա այն կերաշխավորվի, որ գալիք խորհրդարանում կանայք կլինեն նվազագույնը 30 տոկոս, մինչդեռ գործող ԱԺ-ում նրանց ներկայացվածությունը ընդամենը 18 տոկոս է: Այսինքն մենք ունենալու ենք կանանց ներկայացվածության գրեթե կրկնակի աճ: Գուցե 40/60 համամասնությունն ավելի լավ կլիներ, բայց կարծում եմ, որ այդ աճը պետք է լինի աստիճանաբար և կտրուկ թռիչքները կարող են հակառակ արդյունքի բերել:
-Քննարկվել է արդյո՞ք , թե ինչ քվոտա է սահամանվելու հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ի վերջո, 2017-ին ծրագրվում էր, որ 30/70 համամասնությունը կյանքի կկոչվի 2022-ի ընտրությունների ժամանակ:
– Կարծում եմ, դա այսօր քննարկելը ճիշտ չէր: Նման դրույթ ամրագրելը պոպուլիստական քայլ կլիներ, հատկապես, որ Ընտրական օրենսգիրքը բոլոր ընտրություններից առաջ միշտ վերանայվում է: Ճիշտ է, գործող ԸՕ-ում նախապես ամրագրված էր քվոտայի աճը, որը պետք է 2021-ին արտահայտվեր 30/70 համամսնությամբ, բայց ինչպես տեսնում եք՝ դա տեղի ունեցավ ավելի շուտ, քանի որ օրենսգիրքը փոխում ենք սպասվածից շուտ:
– Թվում էր, որ քվոտավորման անհրաժեշտության մասին վեճերն արդեն անցյալում են, սակայն պարզվեց , որ այս հարցի շուրջ դեռ կան ընդդիմախոսներ: Ինչպիսի՞ն է Ձեր անձնական վերաբերմունքը կանանց աջակցող քվոտաներին:
-Քվոտան անհրաժեշտ է, որպեսզի այն կանայք, ովքեր չեն զիջում տղամարդկանց իրենց հմտություններով, մասնագիտական որակներով ու այլ հատկանիշներով, հնարավորություն ունենան ներկայացված լինել խորհրդարանում: Եվ չնայած հաստատ կարելի է ասել, որ նրանք ավելի վատ պատգամավոր չեն լինի, բայց այնուամենայնիվ կին քաղաքական գործիչներն այդքան էլ հանրության կողմից չեն ընդունվում և կուսակցություններն են միշտ չէ, որ պատրաստ են իրենց ցուցակներում կանանց ներառել, առավել ևս անցողիկ տեղերում: Քվոտավորումը ժամանակավոր միջոց է, որը որոշակի ժամանակահատվածում կլուծի այդ հարցը, քանի որ հասարակությունը կտեսնի ու կհամոզվի, որ կին քաղաքական գործիչները չեն զիջում տղամարդկանց: Հետագայում հնարավոր կլինի բոլոր քվոտաները չեղարկել: Բայց այսօր դեռևս տղամարդիկ ավելի շատ են ներկայացված ցուցակներում, քան կանայք:
– Հայտարարվել էր , որ հայեցակարգը հոկտեմբերի 1-ին պետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով: Ե՞րբ եք ակնկալում ստանալ պատասխանը:
-Նախատեսում ենք անհապաղ ուղարկել փաստաթուղթը և ոչ միայն Վենետիկի հանձնաժողով, այլև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ: Պատասխանի ժամկետների մասով հստակ որևէ բան ասել չեմ կարող, բայց չեմ կարծում, որ գործընթացը երկար կտևի: Բայց ուզում եմ վստահեցնել, որ եթե Ազգային ժողովը խոչընդոտներ չստեղծի, ապա ընտրությունները կանցկացվեն փոփոխված և բարելավված Ընտրական օրենսգրքով: Այդ թվում չեմ բացառում, որ այս տարվա դեկտեմբերին:
Լիա Խոջոյան
Կարդացեք թեմայի շուրջ.
Բաց նամակ ընտրություններում կանանց մասնակցության վերաբերյալ
Կառավարական հանձնաժողովը հակված է կյանքի կոչել 30/70 համամասնությունը սահմանող քվոտան
Պատգամավորներն առաջարկում են կիրառել 33%-անոց քվոտան արտահերթ խորհրդարանական ընտրություններում
«Քվոտան պետք է բարձրանա». քննարկում կառավարությունում ընտրական բարեփոխումների շուրջ
«Բաց ցուցակները կանանց մասնակցության ամենամեծ խոչընդոտն են»
Միացե՛ք. Բաց նամակ ընտրական օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ
Դիտումների քանակը` 3504