Դունյա Միյատովիչ. «Հայաստանի հանրային կյանքում կանանց մասնակցությունը պետք է ավելի արդյունավետ կերպով  խթանվի»

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն  ամփոփել է  սեպտեմբերի 15-ից 20-ը Հայաստան կատարած այցը՝ ուշադրություն դարձնելով  կանանց իրավունքներին, գենդերային հավասարության ու ընտանեկան բռնության խնդիրներին,  ինչպես նաև անապահով ու խոցելի խմբերի մարդկանց իրավունքների պաշտպանությանը։ Այդ դիտարկումները  հետագայում առավել մանրամասն տեղ կգտնեն հրապարակվելիք զեկույցում։

 

«2018թ.-ին Հայաստանում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխությունն իսկապես ուշագրավ էր։ Սակայն, հանրային ակնկալիքները, որ կլինեն շոշափելի բարելավումներ մարդկանց կյանքում, շատ բարձր են։  Կառավարությունը պետք է իր ուշադրությունը հրավիրի երկար ժամանակ անտեսված այն մարդկանց իրավունքների վերականգնմանը, ովքեր ամենախոցելիներն են»,-նշել է Դունյա Միյատովիչը։

 

Անդրադառնալով կանանց իրավունքներին ու նրանց քաղաքական մասնակցությանը՝ նա նշել է, որ  Հայաստանի հանրային կյանքում կանանց մասնակցությունը պետք է առավել արդյունավետորեն խթանվի. «Կանանց մասնակցությունը Հայաստանի հասարակական կյանքում պետք է ավելի արդյունավետ կերպով խթանվի, հատկապես` որոշումների կայացման բարձր մակարդակներում և տեղական մակարդակում, որտեղ նրանց մասնակցությունը  հատկապես ցածր է»։

 

Հանձնակատարն իր խոսքում ընդգծել է՝  ժամանակավոր հատուկ միջոցառումները, որոնցից է  պարտադիր քվոտավորումը, կարող են օգտակար լինել «խաղադաշտը կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության առումով հարթեցնելու», այսինքն խաղի հավասար պայմաններ ստեղծելու համար։

 

 ԵԽ պաշտոնյան  խորհուրդ է տալիս կանանց մասնակցության ակտիվացման համար կոնկրետ և  հավակնոտ թիրախներ սահմանել՝ ներառյալ տեղական ընտրությունները: «Իշխանությունները պետք է ավելին անեն, որպեսզի կանայք և աղջիկներն առավել ակտիվ մասնակցություն ունենան քաղաքական կյանքին, նպաստեն գենդերային հավասարության սկզբունքների խթանմանը, ստեղծեն խտրական կարծրատիպերից զերծ գենդերային առումով զգայուն, հավասար կրթական միջավայր»,-մանրամասնել է հանձնակատար Միյատովիչիչը:

 

Նա ընդգծել է նաև կանանց ու տղամարդկանց հավասար վարձատրության խնդիրը,  պնդել, որ Հայաստանը պետք է վճռական քայլեր ձեռնարկի՝ աշխատաշուկա կանանց ու տղամարդկանց համար հավասար մուտք, ինչպես նաև հավասար վարձատրություն ապահովելու համար՝ լրացնելով  աշխատաշուկայում առկա ճեղքը։ «Պետք է նպաստել, որպեսզի կանայք ծննդաբերությունից հետո արձակուրդից աշխատանքի վերադառնան», – նշել է նա։ Անդրադարձ է կատարվել նաև կանանց համար վտանգավոր մասնագիտությունների ցանկի վերանայմանը:

 

 «Հայաստանը նաև պետք է նաև խթանի վարչապետին կից ստեղծված՝  ՀՀ-ում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հարցերով խորհրդի գործունեությունը»,-շեշտել է հանձնակատարը։

 

ԵԽ պաշտոնյան ողջունել է նախորդ տարվա նոյեմբերին «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի ընդունումը, ինչպես նաև «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) ստորագրումը։ Նրա դիտարկմամբ, քանի որ Հայաստանն այդ  կոնվեցիայի վավերացման ճանապարհին է, ապա կարելի է հույս ունենալ, որ ազգային օրենսդրությունն էլ լիարժեք կգործի՝ 2019-ի հունվարից ուժի մեջ մտնելուց հետո։ Այս առումով նա կարևորել է իրավապահ մարմինների աշխատակիցների, քննիչների, սոցիալական աշխատողների և դատական համակարգի անդամների կարողությունների հետագա զարգացումն ու իրազեկվածության մակարդակի բարձրացումը, որպեսզի նրանք ավելի պատրաստված լինեն՝ ապահովելու  ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը և կանխելու կրկնակի զոհ լինելու վտանգը։

 

Հայաստան այցի շրջանակում ԵԽ հանձնակատարն  այցելել է ընտանեկան բռնությունից տուժածների կացարան, որտեղ այս պահին հինգ կանայք են ապրում իրենց երեխաների հետ։  «Ես ուրախ էի տեղեկանալու, որ կառավարությունը 2019-ին նոր ապաստարաններ է բացելու։ Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ նման ապաստարաններ լինեն ոչ միայն Երևանում, այլև մարզերում ու շրջաններում։ Կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին մեծ ուշադրություն դարձնել ապաստարաններում գտնվող  երեխաների կրթության ստանալու իրավունքն ապահովելու հարցին»,-ասել է նա։

 

Դունյա Միյատովիչը հատուկ ուշադրության է արժանացրել նաև Հայաստանում ծերանոցների ու մանկատների բնակիչների ու սաների,  հաշմանդամություն ունեցողների  խնդիրներին։  Հայաստանում գտնվելու օրերին նա այցելել է Նորքի մանկատուն, ծերանոց, ողջունել է այդ կառույցների բեռնաթափման վերաբերյալ կառավարության որոշումը, ընդգծել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց պետական աջակցության տրամադրման ուղղությամբ իրավական դաշտի բարելավման անհրաժեշտություն կա։ Նա նշել է, որ հսկա կառուցներ պահելը ճիշտ չի համարում, և այդ առումով նրան դուր է եկել Սպիտակի խնամքի տան մոդելը, որտեղ անհատական զարգացման համար նպասատավոր միջավայր է ստեղծված։
 

Դունյա Միյատովիչն անդրադարձել է նաև ներառական կրթության վերաբերյալ կառավարության որոշմանը, կոչ արել շարունակել այդ ուղղությամբ ջանքերը։

 

Երևան քաղաքի «Նորք» մանկատուն այցելության ժամանակ Հանձնակատարը գոհունակություն է արտահայտել անձնակազմի կողմից ցուցաբերած խնամքի և նվիրվածության վերաբերյալ, սակայն մտահոգված է բազմաթիվ երեխաների` ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ նման խնդիրներ չունեցող երեխաների իրենց ծնողների կողմից լքված լինելու հանգամանքով։ «Բոլոր երեխաները իրավունք ունեն մեծանալ ընտանիքում։ Ոչ հաշմանդամությունը, ոչ աղքատությունը չպետք է արդարացնեն նման  հաստատություններում երեխաների գտնվելը», – ասել  է նա։

 

Հանձնակատարը ցավով արձանագրել է, որ  տարեցների սոցիալական պաշտպանության մակարդակը Հայաստանում անբավարար է, նա կոչ է արել բարձրացնել թոշակները, ապահովել առողջապահական մատչելի ծառայություններ։ «Ես խրախուսում եմ Հայաստանի իշխանություններին ապահովել տարեցների արժանապատիվ կյանքն ու բարօրությունը համապարփակ ռազմավարության միջոցով», – ասել է հանձնակատար Միյատովիչը:

 

Հանձնակատարը նաև կոչ է արել իշխանություններին ընդունել խտրականության դեմ պայքարի մասին օրենք, պայքարել ատելության խոսքի, ԼԳԲՏ համայնքի նկատմամբ ատելության հանցագործությունների  դեմ, ինչպես նաև ապահովել, որ նման բոլոր միջադեպերը պատշաճորեն քննության ենթարկվեն, իսկ մեղավորները պատժվեն։

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 2075

Գլխավոր էջ