Արփինե Հովհաննիսյան. «Կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին սոսկ թվեր, քվոտաներ չեն…»

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը մասնակցել է սեպտեմբերի 19-21-ը Սանկտ Պետերբուրգում կայացած  «Կանայք հանուն գլոբալ անվտանգության և կայուն զարգացման» երկրորդ եվրասիական համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով:

 

Իր ելույթի մեջ՝ ողջունելով համաժողովի մասնակիցներին ու որակելով այն որպես շփման, փորձի փոխանակման, բազմակողմանի համագործակցության պահանջված հարթակ,  նա, մասնավորապես, ասել է.

 

«Կլինեմ անկեղծ, ես բավական երկար եմ մտածել, թե ինչ խոսել այսօր։Երկար մտորումներից հետո, ես որոշեցի չխորշել էմոցիոնալ ելույթից, որովհետև հենց այդ էմոցիոնալություն է, որը թեև մեր թուլություն է, բայց միևույն ժամանակ մեր զենքը ավելի արդար, ավելի կարեկցող աշխարհ կառուցելու ճանապարհին։ Ցավոք սրտի, երկար ժամանակ մեր հասարակություններում արդիական է եղել այն հայտնի ասույթը, որ կանայք նայելու համար են, ոչ թե լսելու, ու հենց այդ տրամաբանությամբ էլ առաջնորդվել են ամբողջ հասարակությունները։ Բոլոր թերահավատներին առաջարկում եմ նայել այս դահլճում հավաքված կանանց։ Համոզված եմ` այստեղ գտնվող յուրաքանչյուրը հսկայական դեր ունի իր երկրում քաղաքականության մշակման, մտածողության փոփոխության համար, որքան էլ որ այդ ճանապարհը լինի բարդ, որքան էլ որ այդ ճանապահին մենք բախվենք երբեմն անհաղթահարելի թվացող անտարբերության, քամահրանքի, իսկ երբեմն նույնիսկ վիրավորանքի…

 

 

Քննարկումների ժամանակ ինձ միշտ այցելում է այն միտքը, որ խոսելով կանանց ներգրավվածության մասին, մենք բավականաչափ չենք արձանագրում կանանց մասնակցության կարևորությունը։ Ի վերջո ի՞նչ է փոխելու մի շարք հասարակական գործընթացներում կանանց մասնակցությունը։ Բերեմ օրինակներ։

 

Հաշվարկները ցույց են տալիս, որ եթե կանայք ունենային արտադրական ակտիվներին նույն հասանելիությունը ինչ տղամարդիկ, ապա 34 զարգացող երկրներում գյուղատնտեսական արտադրության ծավալները կաճեին 4 տոկոսով։ Սա հնարավորություն կտար կրճատել թերսնվող բնակչության քանակը 17 տոկոսով։ 150 միլիոն մարդ այլևս սովին մատնված չէր լինի։ Այլ խոսքերով միայն մի ոլորտում կանանց ներգրավվածությունը կարող է փոխել 150 միլիոն մարդու կյանք։ Նման օրինակները շատ են, և ես կարող եմ երկար թվել։ Սա կայուն զարգացման գործընթացում կանանց անփոխարինելի դերակատարման վկայություն է։ 

 

Ինձ համար և, համոզված եմ, նաև ձեզ համար կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին սոսկ թվեր, քվոտաներ չեն կամ սոսկ ներկայացվածություն չէ խորհրդարանում կամ կառավարությունում. կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին երկրում առկա քաղաքական մթնոլորտի փոփոխման գործոն է: ՄԱԿ-ի հրապարակած տվյալների համաձայն, որքան շատ կին է ներգրավվում քաղաքականության մեջ, այնքան ավելի սոցիալապես արդար է լինում երկիրը: Ու շատ կարևոր է, որ կանանց մասնակցությունը քաղաքականության մեջ իրականում պայմանավորված լինի ոչ միայն օրենսդրական կարգավորումներով, որ թե նրա համար, որ այդպես է նախատեսված, այլ նաև նրանց պրոֆեսիոնալիզմով և արժանապատվությամբ։

 

Գիտենք նաև, որ երբեմն կարող են լինել իրավիճակներ, երբ կնոջ գործունեությունը քաղաքականության մեջ կարող է թիրախավորվել միայն նրա համար, որ նա կին է, երբեմն կարող է կնոջ ձայնը խլացվել ատելության խոսքով։ 
Ցավոք, մենք դեռ ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որ իշխանության մեջ գտնվող կանայք, հատկապես երիտասարդ կանայք շատ հաճախ խտրականության և հարձակումների թիրախ են ու դա,որպես կանոն, իրականացվում է մի պարզ պատճառով՝ ապալեգիտիմացնել նրանց ազդեցությունը իշխանության մեջ։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ կին քաղաքական գործիչների նկատմամբ սեռով պայմանավորված բռնությունը անհանգստացնող գերակայություն ունի ամբողջ աշխարհում, այդ թվում՝ նաև ներկայիս Հայաստանում։ Նման բռնությունը խոչընդոտում է կին քաղաքական գործիչներին ազատորեն և ապահով կերպով կատարել իրենց աշխատանքը և ունի ընդհանուր առմամբ վանող ազդեցություն քաղաքականության մեջ կանանց ներգրավման համար։ Սա նշանակում է, որ բոլորիս խնդիր է ստեղծել այնպիսի նպաստավոր միջավայր կանանց գործունեության համար, որ մեզնից որևէ մեկը երբևէ չմտածի, որ իր սեռային պատկանելիությունը կարող է մեկնաբանվել ի վնաս իրեն։Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր ազդեցիկ կին ոչ միայն պետք է գեղեցիկ խոսի խնդիրների մասին, այլ նաև ձեռնարկի կոնկրետ է քայլեր հասարակության մեջ սիրո, հանդուրժողականության և համերաշխության հաստատման համար։ 

 

Մենք՝ կանայք, շատ ենք սիրում խոսել այնպիսի հոգևոր արժեքներից, ինչպիսիք են բարությունը, գթասրտությունը, ներդաշնակությունը և ի վերջո խաղաղությունը ամբողջ աշխարհում։ Կա մի պարզ բանաձև. Այդ արժեքների մասին խոսելուց առաջ դրանք պետք է լինեն հենց մեր մեջ, փոխանցվեն մեր ընտանիքներ մեր հասարակություններ և հետո ավելի լայնամասշտաբ հարթակներ»։

 

Հիշեցնենք, որ  «Կանայք՝ հանուն գլո­բալ անվտանգության եւ կայուն զարգացման» Ֆորումի նախաձեռնողը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն է, ում հրավերով  ֆորումին մասնակցել են  ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և  Աժ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյա­նը:  Համաժողովին մասնակցում էին աշխարհի 120 երկրի շուրջ 2000 կին հասարակական, քաղաքական գործիչներ, գիտնականներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:

Դիտումների քանակը` 2366

Գլխավոր էջ