Արփինե Սահակյան. «Աշխատող մայրերի համար շատ լուրջ է մանկապարտեզի խնդիրը»  

WomenNet.am-ի զրուցակիցն է Երևանի ավագանու ընտրություններում «Հայք» (Հայկազունիներ) կուսակցության ընտրական ցուցակի  4-րդ հորիզոնականում   առաջադրված Արփինե Սահակյանը։

 

 

Սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, որոշ ժամանակ աշխատել է որպես մանկավարժ, ապա 2007  թվականին ընդունվել ՀՀ ՊԿԱ հանրային կառավարման բաժինը, ավարտել այն 2009 թ. և ստացել կառավարման մագիստրոսի որակավորում: Այնուհետև ավարտել է   ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերությունների բաժինը՝  ստանալով միջազգային հարաբերությունների մասնագետճապոնագետ, կոնֆլիկտոլոգ  մասնագետի կոչում: Ներկայում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի միջազգային տնտեսական ինտեգրման վարչության գլխավոր մասնագետն է։

 

 

Մեզ հետ զրույցում Արփինե Սահակյանը նշեց, որ թեև ավագանու ընտրությունները նրա առաջին քայլն է քաղաքականության մեջ, որոշել է առաջադրվել՝ վստահ լինելով, որ կարող է գիտելիքներն ու փորձը ներդնել քաղաքի բարգավաճման հետ կապված որոշումների կայացմանը:  Հարցին՝ ո՞րն  է իր թիմի հիմնական ասելիքը երևանցիներին, ինչո՞ւ պետք է երևանցիներն ընտրեն հենց իրենց կուսակցությանը, Արփինե Սահակյանը պատասխանում է. «Մեր ասելիքը հետևյալն է՝ Երևանի  դերի նորովի գնահատում, քաղաքի զարգացում՝ որպես համահայկական մայրաքաղաք»։

 

 

Որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնք լինելու են ձեր ուշադրության կենտրոնում՝ ավագանու կազմում ընտրվելու դեպքում:

 

-Այդ խնդիրները բազմազան են՝ վթարային շենքեր, ոչ կենտրոնական փողոցներում ասֆալտի բացակայություն, քաղաքի ճարտարապետական ոճի անխաթար պահելու խնդիր և այլն:

 

 

Ըստ Ձեզ՝ կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ որքանով կնպաստի երկրում, մայրաքաղաքում առկա խնդրիների լուծմանը:

 

-Կանանց և տղամարդկանց հավասար ներգրավվածությունը կբերի նրան, որ կբարձրացվեն երկու սեռերի ուշադրության կենտրոնում գտնվող խնդիրները:

 

 

Ի՞նչ խնդիրներ ունեն մայրաքաղաքում  բնակվող  կանայք ու երեխաները և ի՞նչ լուծումներ եք Դուք տեսնում:

 

-Օրինակ, աշխատող մայրերի համար շատ լուրջ է մանկապարտեզի խնդիրը, քանի որ մանկապարտեզները գերծանրաբեռնված են, և հերթագրումից հետո հիմնականում առնվազն պետք է մեկ տարի սպասել, մինչև գա երեխային պետական մանկապարտեզ ընդունելու հերթը, իսկ վճարովի մանկապարտեզ, որտեղ ամսական վճարը տատանվում է 50000-100000 դրամի սահմաններում, ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ:

 

Բացի այդ, խնդիր է նաև մանկապարտեզի  աշխատաժամը, քանի որ գիտենք, որ մանկապարտեզը, կրթօջախ լինելուց բացի, նաև երեխային ապահով ձեռքերում թողնելու տեղն է աշխատող մայրերի համար: Սովորական աշխատանքային օրն ավարտվում է ժամը  վեցին, մանկապարտեզի աշխատաժամանակը մինչև հինգն է, այսինքն՝ այստեղ խնդիր է առաջանում, թե ում մոտ թողնել երեխային մինչև մոր՝ աշխատանքից տուն գալը, կամ էլ պետք է դայակ վարձել, ով այդ մեկ-երկու ժամը երեխայի հետ կլինի, իսկ դա լրացուցից ֆինանսական բեռ է: Հարկավոր է այս խնդրին լուծում գտնել:

 

 

Ըստ Ձեզ՝ ինչպիսին պետք է լինի Երևանի քաղաքապետը:

 

-Նվիրված, կիրթ, պատկերացնի քաղաքի խնդիրների լուծման կարևորությունը ոչ միայն բուն երևանցիների, այլ համայն հայության և նաև քաղաքը որպես զբոսաշրջության կարևոր կենտրոն ներկայացնելու համար: Կարողանա թիմային աշխատանք կատարել, հաշվի առնել թիմակիցների կարծիքը, առողջ քննադատության կողմնակից լինի:

 

 

Եվ, վերջապես, ինչպիսի՞ն եք ուզում տեսնել մայրաքաղաքը

 

-Հավերժ երիտասարդ, մաքուր,  տարեցտարի ավելացող կանաչապատ տարածքներով, կարգավորված, քաղաքակիրթ հանրային տրանսպորտով: Ուզում եմ գոնե Կենտրոնը մեքենաներից ու աղմուկից բեռնաթափված տեսնել, հետիոտների համար նախատեսված փողոցներով, հեծանվային երթուղիներով՝ գոնե այն հատվածներում, որտեղ ռելիեֆը թույլ է տալիս:

 

Մ.Մարգարյան

Դիտումների քանակը` 1614

Գլխավոր էջ