Գայանե Եղիազարյան. «Ավագանին ու քաղաքը պետք է իրար զգալով ապրեն ու գործեն»
Դաշնակցության ընտրական ցուցակի 8-րդ հորիզոնականում ներկայացված «Լոնդոն այ» միջազգային ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն, անկուսակցական Գայանե Եղիազարյանը մինչ այդ քաղաքական գործընթացներում ուղղակիորեն ներգրավված չի եղել: Սակայն առաջարկը մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին իր համար անակնկալ չի եղել…
Համալսարանն ավարտելուց հետո աշխատանքային գործունեությունը սկսել է միջնակարգ դպրոցներից մեկում որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի: Տարբեր ծրագրերի մասնակցելով, Համաշխարհային բանկի ԾԻԳ-ի կրթական ծրագրում աշխատել է որպես թեստերի համահեղինակ ավագ դպրոցների ավարտական և բուհերի ընդունելության ծրագրում, այնուհետև՝ ուսուցիչ-վերապատրաստող: 2011-ին հիմնել է «Լոնդոն այ» միջազգային ուսումնական կենտրոնը: 2018 թվականին արժանացել է «Հայուհի 2018» տիտղոսին՝ «Հայաստանում միջազգային կրթության տարածման և կրթական համակարգում միջպետական կապերի ստեղծման համար»:
WomenNet.am-ի հետ զրույցում Գայանե Եղիազարյանը համոզմունք հայտնեց, որ կինը Հայաստանում կարող է անել և հասնել առավելագույնի, և դրա օրինակը հենց իրեն է համարում, քանի որ կարողացել է ինքնուրույն իր հաջողությունների ճանապարհն անցնել: «Հայուհին ուժեղ կերպար է, մտածող ու արարող կերպար է: Հայուհին նաև երբևէ չի դադարում առաջ շարժվելուց»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է քաղաքական գործընթացներին ներգրավվելուն, տիկին Եղիազարյանը նշեց, որ իր համար այդքան էլ անակնկալ չի եղել առաջարկը մասնակցելու ընտրություններին ՀՅԴ ցուցակով.
«Չի կարելի ասել անակնկալ էր, քանի որ ինձ հոգեհարազատ է «Միասին հանուն Երևանի» գաղափարը՝ հանուն կանաչ ու զարգացող, հարմարավետ, համահայկական, մշակույթային Երևանի: Քաղաքականությամբ չեմ զբաղել, անկուսակցան եմ, բայց երբևէ ձեռնպահ չեմ մնացել դրա զարգացման մեջ իմ բաժին ներդրումն ունենալ՝ տարբեր միջազգային և տեղական ծրագրեր մշակելով: Իսկ ՀՅԴ-ն կարևորում է բանիմաց մարդկաց ներգրավվածությունը»,- նշեց մեր զրուցակիցը:
Ծրագրային դրույթներից, որոնք կան Դաշնակցության ծրագրում և որոնք իրեն հոգեհարազատ են, առանձնացրեց Երևանը հարմարավետ դարձնելու տեսլականը ու, ինչպես իրենց Երևանի քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանն է շեշտադրում, մայրաքաղաքի համահայկական ու մարդակենտրոն լինելը:
«Երևանը մեր ամենահարազատն ու ամենասիրելին է, իսկ հարազատին չեն ընտրում, այլ անում են բառացիորեն ամեն ինչ հարազատով հպարտանալու համար», – ասում է Գայանե Եղիազարյանը:
Անդրադառնալով Երևանի կանանց ու երեխաների խնդիրներին, նա բավականին լակոնիկ գտնվեց՝ այս հարցում կարևորում է կանանց իրազեկությունը և, որպես կրթության ոլորտի ներկայացուցիչ , երեխաների կրթության մատչելիությունը, հասանելիությունը և հասցեականությունը:
Հարցին թե ինչ խոստում է պատրաստ իրագործել, եթե սեպտեմբերի 23-ին երևանցին իր վստահության քվեն տա Դաշնակցությանը, պատասխանում է, որ երևանցին վաղուց արդեն հոգնել է ամպագոռգոռ հայտարարություններից, պաթետիկ ճառերից ու տեքստերից, երկար ճանապարհ ունենք անցնելու՝ լավը ու շատ լավը լինելու համար:
«Ավագանին պետք է երևանցու հոգսը թեթևացնի ու հավատը վերադաձնի: Երևանն էլ կենդանի օրգանիզմ է, ամեն օր արթնանում, շնչում ու արտաշնչում է, ապրում իր առօրյա հոգսերով ու Երևան քաղաքի պետն էլ այնքան զգայուն, համբերատար ու հետևողական պետք է լինի, որ ավագանին ու քաղաքը ներդաշնակ միաձուլվեն ու իրար զգալով ապրեն ու գործեն: Մենք գնում ենք այս ամենը միասին կյանքի կոչելու համար»:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 2304