Սեդա Աղբալյան. «Մայրաքաղաքի խնամքն ավելի հոգատար, նուրբ սրտի ու ձեռքերի կարիք ունի»
WomenNet.am-ի հարցերին է պատասխանում Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածու Սեդա Աղբալյանը: Ասում է, որ «Ժառանգություն» կուսակցության այս ընտրությունների «Ժպտա» կարգախոսին , կավելացներ՝ «Անկեղծ ժպտա»:
Ծնվել է 1984 թ. Երևանում: Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, մասնագիտությամբ տնտեսագետ է: Աշխատել է <Արմենակոբ> հեռուստաընկերությունում որպես հաղորդման հեղինակ և հաղորդավար, այնուհետև աշխատել է Հանրային ռադիոյում: Ներկայումս հանդիսանում է Seductive World տուրիստական գործակալության համահիմնադիրն ու տնօրենը:
– Երևանի ավագանու թեկնածուների մեջ երիտասարդ և նոր դեմքերը շատ են, այդ թվում նաև Դուք: Հանրությունը որքանո՞վ է ճանաչում Ձեզ:
-Ես միշտ իմ գործն արել եմ նվիրումով և ճանաչված լինելու ցանկություն երբևէ չեմ ունեցել:Նախորդ կառավարության վարած քաղաքականության արդյունքում նրանց գաղափարախոսությունը չկիսող շնորհալի և գործիմաց շատ մարդիկ, որոնց թվում քիչ չեն եղել երիտասարդներ, մնացել են ստվերում: Ես իմ գործունեությունը ծավալել եմ տուրիստական գործակալությունում: Աշխատանքի բերումով ընդլայնվել է շրջապատս, բոլորին ծանոթ է երկրի և մասնավորապես Երևանի հանդեպ իմ սերն ու նվիրվածությունը:
-Բացի ծննդավայր լինելուց, ի՞նչ է Ձեզ համար Երևանը:
-Երևանն ինձ համար նաև զարգացման լուրջ հնարավորություններով հարուստ քաղաք է, իր խնդիրներով հանդերձ այն զարգացած, զբոսաշրջային քաղաք դառնալու մեծ ներուժ ունի: Երևանի հսկայական բյուջեն կարող էր բավարարել կուտակված խնդիրները լուծելու համար, եթե չլիներ կոռուպցիան: Սակայն հուսանք, որ նման երևույթներից այլևս զերբազատված ենք և այսուհետ պետք է նպաստենք մայրաքաղաքի հրատապ խնդիրների լուծմանը:
– Ենթադրվում է , որ Ձեր «Ժպտա» կարգախոսը նաև մեսիջ է երևանցիներին, ովքեր քիչ կամ ընդհանրապես չեն ժպտում: Ի՞նչն է պատճառը:
-Կարծում եմ, հոգսը…
-Կարո՞ղ եք նպաստել այդ հոգսի թեթևացմանը: Ինչի՞ց կսկսեք:
-Երևանի և երևանցիների ամենալուրջ հոգսերից մեկը տրանսպորտի չլուծված խնդիրն է: Հնամաշ ու սանիտարական հիգիենայից զուրկ միկրոավտոբուսներով երթևեկելը վիրավորական է երևանցիների համար: Ես մշտապես կարևորել եմ էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցները՝ տրամվայը, ճոպանուղին և հեծանիվը: Սակայն մեր պայմաններում տրամվայի վերագործարկման մասին խոսք լինել չի կարող, այն ցավոք հանվեց շահագործումից, ճոպանուղու գործարկումը ֆինանսական մեծ ներդրումներ է պահանջում, մինչդեռ կարելի է աստիճանաբար ձևավորել հեծանվով երթևեկելու մշակույթ: Բացի դա, տրանսպորտային խցանումնեից խուսափելու նպատակով կարելի է վերանայել դպրոցականների, ուսանողների / թեկուզ դասերը մեկ ժամով ուշ սկսելու պայմանով/ և աշխատողների աշխատաժամակը՝ առավոտյան կանգառներում կուտակումներից խուսափելու նպատակով: Կարծում եմ երթուղայինները ավտոբուսներով փոխարինելու ժամանակն է, հատկապես, որ Չինաստանից ներկրվել է որոշակի խմբաքանակով ավտոբուսներ, որոնք ամբողջովին կարող են փոխարինել երթուղիներին: Պակաս կարևոր չէ նաև նոր ավտոկայանատեղիների ստեղծումը: Երևանում ամենուրեք բիզնես կենտրոններ են կառուցվում, սակայն ավտոկայանատեղիների մասին մոռանում են, արդյունքում ավտոմեքենաները կայանում են որտեղ պատահի, անգամ կանգառներում ու մայթերի վրա: Թեև մի քանի ավտոկայանատեղի կա, սակայն բարձր վարձավճարի պատճառով դրանք հասանելի չեն բոլորին:
-Երևանի քաղաքապետարանը բազմիցս արգելել է փողոցային առևտուրը, սակայն այն այսօր էլ շարունակվում է: Լուծման ի՞նչ ուղիներ կառաջարկեք:
– Գիտեք, դժվար չէ արգելել, փոխարենը ոչինչ չառաջարկելով, մինչդեռ շատերի համար դրա ապրուստի միակ միջոցն է: Հասկանալի է, իր տեսակով փողոցային առևտուրը հարիր չէ մեր մայրաքաղաքի արտքին տեսքին ոչ միայն մաքրության, այլև զբոսաշրջիկների պահով: Կարծում եմ արգելելուց առաջ պետք է առաջարկել այլընտրանք, դրանք մատչելի շուկաներն են, որտեղ հնարավոր կլինի իրականացնել քաղաքակիրթ առևտուր: Այսօր դժվար է գյուղի բնակչին համոզել, որ նա իր բերքը վաճառի շուկայում, դա նրա կարծիքով լրացուցիչ ծախս ու ժամանակի կորուստ է: Բայց միաժամանակ պետք է պահանջել նրանցից հարգել օրենքը:
Բացի դա փողոցային առևտուրը նպաստում է նաև ամենուրեք աղբի կուտակմանը, հատկապես, որ այս օրերին մայրաքաղաքում աղբահանությունը վատ է իրականացվում: Ես համնաձայն չեմ, որ ամբողջ քաղաքի աղբահանությունն իրականացվում է մեկ կազմակերպության կողմից: Երևանն մեծ քաղաք է և հարկ է, որ աղբահանությունն իրականացվի օրվա մեջ և ոչ թե մեկ, այլ երկու հերթափոխով: Այս հարցը կանոնակարգման կարիք ունի, այլապես մայրաքաղաքն ամբողջովին աղբի մեջ կորած է, այն դեպքում, երբ պատրաստվում ենք հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 2018թ. գագաթաժողովը, որից հետ նշվելու է Երևան-2800 ամյակը: Սրանք կարևոր միջոցառումներ են, որոնք ենթադրում են քաղաքային իշխանությունների արհեստավարժ կազմակերպչական ունակություն և բարձր պատասխանատվություն:
-Երևանի կոլորիտը վրականգնելու համար լուծման ինչպիսի՞ ուղիներ եք տեսնում:
–Երևանի ճարտարապետական դեմքն այնքան է խաթարվել, որ չեմ պատկերացնում, թե արդյոք հնարավո՞ր է վերականգնել պատմական տեսքը, նախկին կոլորիտը: Հին, արդեն պատմություն ունեցող շենքերը շրջապատվել են նորակառույց շենք շինություններով, կարծես խեղդվում են դրանց օղակում, համաչափություն չկա: Եվրոպական քաղաքներում անգամ բնակիչներին պարտադրում են, որ տանիքները միանման գույնով ներկեն, մինչդեռ մեզ մոտ ոչ միայն շենքերի տանիքների, այլև պատշգամբերի համաչափությունն է խախտված: Չեմ կարծում թե կգտնվի մի երևանցի, որ չսիրի Երևանը, բայց սիրելով հանդերձ անփույթ ու անհոգ են մայրաքաղաքի հանդեպ:
Երևանում կան թաղամասեր, որոնք շատ են մռայլ: Իմ կարծիքով նման վայրերում կարելի է կիրառել մոդեռն-արտ, արդյունքում տխուր ու մռայլ թաղամասերը կփոխեն արտաքին տեսքը, կդառնան ավելի հրապուրիչ, ինչ էլ կնպաստի բնակչի տրամադրության բարձրացմանը: Ցավում եմ, որ այլևս հնարավոր չէ վերականգնել Հին Երևանը: Երևանը միայն մայրաքաղաքի բնակչինը չէ, այն համայն հայության՝ Սփյուռքի մայրաքաղաքն է, ում հայացքը մշտապես սևեռված է Երևանի վրա: Երևանն իր ներքին ու արտաքին գրավչությամբ պետք է համախմբի աշխարհասփյուռ հայությանը:
-Ըստ Ձեզ, կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ որքանո՞վ կնպաստի երկրում, մայրաքաղաքում առկա խնդիրների լուծմանը:
–Ես դրական եմ գնահատում կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ, որն արդեն տենդենց է ողջ աշխարհում: Փորձը ցույց է տալիս, որ կանայք ավելի խորքային են դիտարկում բոլոր խնդիրները, ավելի խաղաղ են քննարկումների ժամանակ, նրանք կարողանում են հարթել սուր անկյունները և գտնել ավելի ճիշտ լուծումներ: Եվ հետո կանայք երկրի, քաղաքի կառավարման խնդիրներին մոտենում են սրտացավությամբ, ինչպես հարազատ օջախի, նրանք ռիսկային քայլերի չեն գնա և չեն վտանգի խաղաղությունը հանուն ինչ-ինչ շահերի: Երևան քաղաքի առումով կանանց դերը գնահատում եմ, քանի որ մայրաքաղաքի խնամքն ավելի հոգատար, նուրբ սրտի ու ձեռքերի կարիք ունի:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 3020