«Գյուղի կանանց իրավունքներն 90 տոկոսով ոտնահարվում են, լինի տանը, թե աշխատավայրում»
«Թոնրի հացի համն ու բույրն ուրիշ է, թոնիրն օջախը կերակրողն է, լավաշը կշտացնում է, թե չէ մատնաքաշն ի՞նչ»,- ասում է եղեգիսցի 52-ամյա Գրետա Վարդանյանը:
Գրետան սկսել է հաց թխել դեռ 20 տարեկանից, երբ հարս է եկել Եղեգիս: Սկզբում դժվար էր, հետո ընտելացավ, «առանձին ապրելու դժվարությունն էլ դա էր, ամեն ինչ ինքդ պետք է անես, օգնող չկա»: Ասում են, հացի ու ճաշի համը տնտեսուհու ձեռքից է: Սա նաև Գրետայի համար է ասված: Թեև առողջական խնդիրներ ունի, այնուհանդերձ գյուղի կնոջը բնորոշ տնտեսական բոլոր դժվարությունները հաղթահարում է: Ընտանիքն իր ձեռքին է նայում, պետք է տեղը տեղին հասցնի:
-Մեզ մոտ կանայք շուտ են ծերանում, հոգնում, տանջանքը շատ ա: Ես էլ եմ շատ հոգնում, սակայն երջանիկ եմ, երջանիկ եմ իմ ընտանիքով, օջախով, մի տղա ու մի աղջիկ ունեմ, ու մի չքնաղ թոռնիկ, -ասում է Գրետան ու շարունակում, -գյուղի կնոջ համար ամենադժվար աշխատանքը հաց թխելն ա, թեև առողջությունս խլել ա, բայց սիրով եմ թխում, հոգի եմ դնում, մեջը, որ համով լինի: Հետո, հարևաններով միմյանց օգնում ենք, խոսելով-կատակելով գործը որ անում ես, դժվարությունը չես էլ զգում: Անասնապահությունն ու հողագործությունը պակաս դժվար չեն, ախր չկա աշխատանք, որ դժվարություն չունենա:
Հարցնում եմ, քաղաքում կապրեի՞ր: Պատասխանում է, թե երիտասարդ տարիքում գուցե, սակայն հիմա կապվել է գյուղի կյանքին, դեռ պետք է օգնի գյուղում ամուսնացած դստերն ու որդուն, հետո կատակով ավելացնում, թե, այ, որ ձեռք ու ոտքից ընկնի, այն ժամանակ կգնա քաղաքում ապրելու:
Մեր զրույցը շարունակվեց գյուղի կանանց աշխատանքային իրավունքների շուրջ:
– Հիմիկվա կանայք հոգսաշատ են, ու թեև կյանքը քանի հեշտանում ա, դժվարություններն ու հոգսը ավելանում են, հիմա կզարմանաք ասածիս վրա: Էսօր կանայք պայքարում են լավ ապրելու համար, և ճիշտ են անում, ես սիրում եմ պայքարող կանաց, պայքարում են իրենց ընտանիքի բարեկեցության համար, բոլոր անօրինությունների դեմ: Բայց, ցավոք, կանանց իրավունքները միշտ չէ, որ պաշտպանված են, հատկապես գյուղերում կանանց իրավունքներն 90 տոկոսով ոտնահարվում են, լինի տանը, թե աշխատավայրում: Սեփական մաշկի վրա եմ զգացել:
Երկար տարիներ Գրետան աշխատել է գյուղի մանկապարտեզում, այնուհետև դպրոցում որպես տեխնիկական աշխատող, 25 հազար դրամ աշխատավարձով: Հաստիքների կրճատման պատրվակով ազատել են աշխատանքից առանց նախապես զգուշացնելու:
-Անարդար էր, միշտ բարեխիղճ եմ եղել աշխատանքիս մեջ, շատ էլ չէինք, որ ասեի, թե ես ավելորդ եմ: Դե, ինչպես միշտ քեռի-բաջանաղ-քենի հարաբերություններն են գործում: Աշխատանքից ազատել են առանց նախազգուշացնելու, ես օրենքներից այնքան անտեղյակ չեմ, որ չիմանամ կարգն ու կանոնը, միշտ հետևում եմ լուրերին, օրենքների փոփոխություններին, հետո, հասարակ տրամաբանություն է, իբրև հանձնաժողով են ստեղծել ազատման հարցը քննարկելու, այն դեպքում, երբ ես ներկա չեմ գտնվել այդ քննարկմանը,- նեղսրտած պատմում է Գրետան:
Առողջական խնդիրների պատճառով Գրետան չի համառել ու չի պայքարել իր աշխատանքային իրավունքը պաշտպանելու համար, չի դիմել մարզի կրթության բաժին, և հետո, անառողջ մթնոլորտում աշխատել չի ցանկացել, հաճելի չէ աշխատել լարված հարաբերությունների պայմաններում: Սակայն առ այսօր նեղվում է, որ իր հանդեպ անարդար են վարվել, բայց ինքը չի պայքարել, դրա համար էլ շարունակում է պնդել, որ պետք է անպայման պայքարես քո իրավունքների համար:
Գրետան անտարբեր չէ երկրում, գյուղում ընթացող իրադրությունների ու փոփոխությունների հանդեպ: Համապետական և ՏԻՄ ընտրություններում կանանց ակտիվ մասնակցությունը դրական ու ճիշտ է համարում: Նրա խոսքով, պետության ղեկավար մարմիններում գերակշռողը կանայք պետք է լինեն, նրանք սրտացավ կմոտենան ցանկացած հարցի, ի տարբերություն տղամարդկանց, նրանց մոտ ամոթն ու խիղճը շատ է:
– Կինը տան սյունն ա, տան ողջ հոգսն իր ուսերին ա: Բայց կինը միայն իր ընտանիքի համար չի ստեղծված, կինը նաև պետք ա լինի պետության հիմքը, էսօր պետությունն էլ ա կնոջ ուսերին հենված, էտ բոլոր անօրինությունները կանանց քթերից ա դուրս գալիս: Նախկինում կանայք խուսափում էին արտահայտել իրենց կարծիքը երկրի, համայնքի վիճակի մասին: Բայց էսօր պայքարում են, ու լավ են անում: Ես մի բան գիտեմ, որ կարևորը սրտացավ ու բանիմաց ղեկավար ունենալն է, որ սրտացավ եղավ, ամեն ինչ իր տեղում կլինի, ժողովուրդն էլ կաշխատի կապրի, երկիրն ու համայնքն էլ կծաղկեն, – ասում է Գրետան:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 2347