Խորհրդարանի ղեկավար պաշտոններում ընտրվեց երեք կին
Նոր հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում, որը մեկնարկել էր այսօր` մայիսի 31-ին, պատգամավորները ընտրեցին խորհրդարանի նախագահին, փոխնախագահներին եւ խորհրդարանական 12 մշտական հանձնաժողովների նախագահնեին: Ընդ որում, խորհրդարանի ղեկավարության կազմում ընտրվեց երեք կին՝ փոխնախագահի եւ երկու մշտական հանձնաժողովների պաշտոններում:
Փակ գաղտնի քվեարկությամբ՝ 102 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Հովիկ Աբրահամյանը:
ԱԺ փոխնախագահաների պաշտոններում ընտրվեցին 89 կողմ եւ 10 դեմ ձայնով՝ ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը եւ 91 կողմ եւ 11 դեմ ձայնով՝ Էդուարդ Շարմազանովը:
Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը կգլխավորի Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ խմբակցութունից, իսկ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը` Էլինար Վարդանյանը, նույնպես ԲՀԿ–ից:
Նշենք, որ եթե նախորդ ԱԺ-ում հանձնաժողովների նախագահներ ունեին 4 խմբակցություններ, ապա այս անգամ միայն ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն կունենան հանձնաժողովների նախագահներ: ՀՀԿ-ն կգլխավորի 8 հանձնաժողովներ` ԲՀԿ-ն` 4:
Ըստ այդմ, ՀՀԿ-ից Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը կգլխավորի Դավիթ Հարությունյանը, Տնտեսական հարցերի հանձնաժողովը` Վարդան Այվազյանը, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը` Գագիկ Մինասյանը, Սոցիալական հարցերի հանձնաժողովը` Հակոբ Հակոբյանը, Առողջապահության, մայրության եւ մանկության հանձնաժողովը` Արա Բաբլոյանը, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովը` Արտակ Դավթյանը, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը` Արտակ Զաքարյանը, Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովը` Կորյուն Նահապետյանը:
ԲՀԿ խմբակցութունից Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը կգլխավորի Նաիրա Զոհրաբյանը, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը` Էլինար Վարդանյանը, Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը` Սամվել Բալասանյանը, Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը` Ստեփան Մարգարյանը:
Նրանք բոլորն էլ ընտրվեցին գրեթե միաձայն, նիստին ներկա 106 պատգամավորների կողմից: Քվեարկությանը չեն մասնակցել ՀՅԴ պատգամավորները, իսկ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» պատգամավորներն ընդհանրապես չեն մասնակցել նիստին:
Դիտումների քանակը` 4380