Երեք կին են հայտ ներկայացրել  Երևանի քաղաքապետ դառնալու համար

Երևանի ավագանու գալիք ընտրություններում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել կանանց մասնակցության առումով. առաջին անգամ Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու է միանգամից մի քանի կին թեկնածու: Այս պահի դրությամբ առնվազն  երեք կին են հաստատել  իրենց մտադրությունը Երևանի քաղաքապետ դառնալու մասին:  Հայտնի է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխավորի ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակը կգլխավորի ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ինչպես նաև ճարտարապետ Անահիտ Թարխանյանը  կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին՝ գլխավորելով  «Գալա» կուսակցության  ցուցակը: 

 

Այն, որ տիկին Թարխանյանը նման մտադրություն ունի, տևական ժամանակ է, ինչ խոսվում էր և այսօր նա անձամբ դա հաստատեց: «Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Երևանի հանրություն» նախաձեռնություն ձևավորած հասարակական կազմակերպությունների գործընկերներին և «ԳԱԼԱ» կուսակցությանը ինձ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու համար։ Ես ջանք չեմ խնայի արդարացնելու Ձեր և երևանցիների սպասումները և վստահությունը»,- Facebook-յան իր էջում գրել է Անահիտ Թարխանյանը:

 

Վերջինս, հիշեցնենք, շուրջ երկու տարի անազատության մեջ անցկացրած ընդդիմադիր գործիչ, «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի կինն է: Անահիտ Թարխանյանը մշտապես աչքի է ընկել իր ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ: Ի դեպ, Անդրիաս Ղուկասյանը, որը մայիսին երկրից չբացակայելու ստորագրությամբ կալանքից ազատ արձակվեց, արդեն հայտարարել է, որ կուսակցություն է հիմնելու և մասնակցելու է խորհրդարանական առաջիկա ընտրություններին: Դա նշանակում է, որ  թեպետ   այս պահին Անահիտ Թարխանյանը քաղաքականություն է մտնում որպես Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող  թեկնածու, հնարավոր է , որ  նա  ակտիվ դերակատարում կունենա նաև խորհրդարանական ընտրություններում: 

 

 Ի դեպ, չի բացառվում, որ բացի Նաիրա Զոհրաբյանից, Զարուհի Փոստանջյանից և Անահիտ Թարխանյանից Երևանի քաղաքապետի պաշտոնի համար այլ կին թեկնածուներ ևս պայքարեն: Եվ նույնիսկ եթե   նրանք լինեն ոչ այնքան հայտնի կամ քաղաքական գործընթացներում ոչ այդքան թրծված, բայց թավշյա հեղափոխությունից հետո դա որևէ մեկին չի զարմացնի` երիտասարդությանն ու նոր անուններին այսօր բավականին լուրջ քարտ-բլանշ է տրվում:

 

Այդպես, WomenNet.am-ը տեղեկացավ, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել-չմասնակցելու շուրջ լուրջ քննարկումներ է անցկացնում նաև Ռեֆորմիստների կուսակցությունը: Մեզ հետ զրույցում կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանը չհերքեց այդ տեղեկությունը և նշեց, որ քննարկումների ակտիվ փուլում են և միակ հստակությունն այս պահի դրությամբ այն է, որ եթե որոշում կայացվի մասնակցելու վերաբերյալ, ապա իրենց ցուցակը հաստատ ինքը չի գլխավորի: Հարցին` հնարավո՞ր է այդ կարևոր առաքելությունը վստահվի կնոջ, Բաբայանն ասաց, որ ոչինչ չի բացառում. «Հարցը դեռ քննարկվում է և ես ոչինչ չեմ բացառում: Բայց այն, որ մեր ցուցակում գերակշիռ մասը կանայք են լինելու հստակ է»,- հավելեց նա:

 

Քննարկումները շարունակվում են, ուժերը ստուգում են դաշտն ու իրենց կարողությունները մինչ Երևանի ավագանին պաշտոնապես կլուծարվի ու նոր ընտրությունների օր կհայտարարվի: Բայց այն, որ մինչև սեպտեմբերի վերջ Երևանը նոր քաղաքապետ կունենա, չի բացառվում նաև, որ պատմության մեջ առաջին անգամ մայրաքաղաքի կառավարման ղեկը կհանձնվի կնոջը…

 

Լիա Խոջոյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Մայրաքաղաքը վերջապես պետք է ունենա կին քաղաքապետ»

Զարուհի Փոստանջյան . «Առաջադրվելու եմ Երևանի քաղաքապետի թեկնածու»/ լրացված

 

Դիտումների քանակը` 2887

Գլխավոր էջ