Կայուն զարգացման նպատակներ. Հայաստանի ազգային կամավոր զեկույցը գենդերային հավասարության մասին
Հուլիսի 9-18-ը Նյու Յորքում տեղի է ունեցել բարձր մակարդակի քաղաքական ֆորում՝ նվիրված Կայուն զարգացման նպատակների առաջընթացին։ 47 երկրներ, այդ թվում և Հայաստանը, ներկայացրել են իրենց Ազգային կամավոր զեկույցները՝ միջազգային հանրությանը տեղեկացնելով 2030 օրակարգի ողղությամբ իրենց կատարած ու կատարելիք գործողությունների մասին։ Հայաստանի ազգային զեկույցը ներկայացրել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։
Նույն օրը ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել նաև Հայաստանի «Նորարարությունը, հանրօգուտ ներդրումները և Կայուն զարգացման նպատակները որպես բարեփոխումների խթանման գործիք» խորագրով թեմատիկ միջոցառումը, որը նախագահել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Գլոբալ մակարդակով 169 թիրախներից բաղկացած 17 նպատակները ենթարկվել են մշտադիտարկման՝ համաձայն մի շարք գլոբալ ցուցանիշների: Մասնավորապես, 17 նպատակներից 5-րդը սահմանում է. «Հասնել գենդերային հավասարության և զորացնել բոլոր կանանց ու աղջիկներին»: Դրա ենթակետերով նշվում է՝ վերջ դնել կանանց ու աղջիկների նկատմամբ գործադրվող խտրականության բոլոր ձևերին, վերացնել նրանց հանդեպ գործադրվող բոլոր բռնությունները, պետական, մասնավոր ոլորտներում, այդ թվում թրաֆիքինգը, սեռական ու շահագործման այլ տեսակները, ապահովել կանանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը և հավասար հնարավորությունները քաղաքական, տնտեսական և հանրային կյանքում որոշումների կայացման բոլոր մակարդակներում ղեկավար դիրք զբաղեցնելու համար և այլն, և այլն:
Հայաստանի ազգային զեկույցում գենդերային հավասարության նպատակի շուրջ նշվում է, որ երկրի Սահմանադրությունը և իրավական դաշտը երաշխավորում և խթանում են հավասարությունը և սեռերով պայմանավորված խտրականության բացառումը: Սակայն կանայք դեռ չեն կարողանում լիովին օգտվել օրենքով նախատեսված հավասար հնարավորություններից և վայելել գենդերային հավասարությունը:
Զեկույցի համաձայն, Հայաստանում կանանց ու տղամարդկանց համար հավասարապես հասանելի ու մատչելի է կրթությունը, կրթական տարբեր մակարդակներում առավել շատ կանայք են, քան տղամարդիկ: Այսքանով հանդերձ, նշվում է, որ կանայք ավելի շատ դժվարություններ են ունենում բարձր վարձատրվող աշխատանք գտնելու հարցում, հատկապես ոչ գյուղատնտեսական ոլորտում: Տնտեսապես ակտիվ են կանանց (15-64 տարեկան) միայն 58 տոկոսը և ուշագրավ է, որ նրանց 40 տոկոսը ներգրավված է հենց գյուղատնտեսական ոլորտի աշխատանքներում:
Կանանց միջին աշխատավարձը մոտ 34 տոկոսով պակաս է տղամարդկանց աշխատավարձից: Երիտասարդ կանայք (15-24 տարեկան) ավելի հավանական է, որ գործազուրկ լինեն, քան տղամարդիկ: 2016 թ տվյալների համաձայն, գործազրկության մակարդակը կանանց շրջանում (15-24 տարեկան) 46 տոկոս էր կազմում, տղամարդկանց դեպքում այդ ցուցանիշը՝ 29.8 տոկոս է:
Անդրադառնալով ընտանեկան բռնության դեմ պայքարին, զեկույցում նշվում է, որ Հայաստանում 15 տարեկան ու ավելի բարձր տարիքի կանայք և աղջիկներն ավելի քիչ են ենթարկվում ֆիզիկական, սեռական կամ հոգեբանական բռնության իրեն նախկին զուգընկերոջ կողմից, քան աշխարհում ու տարածաշրջանի որևէ երկրում: Ըստ ներկայացված տվյալների, 2015-ին Հայաստանում ֆիզիկական բռնության է ենթարկվել կանանց 4,5 տոկոսը, աշխարհում այդ ցուցանիշը միջինը կազմում է 19 տոկոս, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում համապատասխանաբար 19 տոկոս և 6.1 տոկոս: Կանանց 0,3 տոկոսն է հայտնել, որ սեռական բռնության է ենթարկվել զուգընկերոջ կողմից:
Մինչև 24 տարեկան կանանց թվում մինչև 15 և մինչև 18 տարեկան ամուսնացածների թվի նույն մակարդակում է, ինչ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում: Մինչև 15 տարեկան ամուսնացել են կանանց 1 տոկոսը, Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում այդ թիվը 0 տոկոս է, իսկ Կենտրոնական և Հարավային Ասիայում 16 տոկոս է: Հայաստանում մինչև 18 տարեկան կանանց 6 տոկոսն է ամուսնացել, այդ թիվը Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում 8 տոկոս է, Կենտրոնական և Հարավային Ասիայում՝ 43 տոկոս: Հայաստանում կանանց 96 տոկոսն անձամբ է որոշումներ կայացնում իր սեռական հարաբերությունների, հակաբեղմանվորիչների օգտագործման վերաբերյալ: Զեկույցում խոսվում է նաև սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքրաի առաջընթացի մասին, եթե 2010-ին 114 տղա/100 աղջիկ էր, ապա 2017-ին այդ հարաբերակցությունը կազմել է 110 տղա/100 աղջիկ:
Ըստ զեկույցի, կանայք ավելի քիչ են մասնակցում բիզնեսի, քաղաքականության ոլորտներում որոշումների կայացմանը: Հիշեցնում են, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո կանայք խորհրդարանի անդամների 18 տոկոսն են կազմում, մինչդեռ ԵՄ անդամ երկրների դեպքում միջին ցուցանիշը 29.3 տոկոս է: 17 նախարարներից 2-ն են կանայք կամ 12 տոկոսը, 55 փոխնախարարներից 7-ն են կանայք կամ 13 տոկոսը: Մարզպետների թվում կանայք չկան, մարզպետների 21 տեղակալներից միայն երկուսն են կանայք: Այս մտահոգությունն առկա է նաև կին համայնքապետերի ցուցանիշի առումով՝ ոչ մի կին քաղաքապետ կամ փոխքաղաքապետ չկա (զեկույցում բերված են 2017 թվականի տվյալները): Նշվում է նաև, որ ղեկավար պաշտոններում կանանց ներկայացվածությունը ցածր է, չնայած աճում է: Մասնավորապես, բիզնեսի ղեկավար պաշտոններում կանանց թիվը 2016-ին գնահատվել է 29 տոկոս:
Զեկույցում անդրադարձ կա նաև քվոտավորմանը, մասնավորապես նշվում է, որ դրա շնորհիվ ավելացել է ոչ միայն Ազգային ժողովում, այլ Երևանի, Գյումրիի, Վանաձորի ավագանիներում կանանց ներկայացվածությունը: Միջինում կանանց ներկայացվածությունը հանրապետության երեք խոշոր քաղաքաների ավագանիներում 26 տոկոս է կազմում:
Հիշեցնենք, որ կայուն զարգացման նպատակների շուրջ ՄԱԿ-ի անդամ պետությունների կառավարություններից ակնկալվում է ստանձնել հանձնառություններ և մշակել ազգային ծրագրեր այդ նպատակներին հասնելու համար: Երկրներն առաջնային պատասխանատվություն ունեն իրականացնելու հետևողական գործողություններ և դիտարկելու նպատակների իրագործման առաջնթացը, ինչը պահանջում է որակյալ ու մատչելի տվյալների ժամանակին հավաքագրում և վերլուծություն: Այդ համատեքստում, նշենք , որ Հայաստանի կողմից ներկայացված զեկույցում նկատվում են որոշ անճշտություններ կամ վրիպակներ թիվ 5 նպատակի շուրջ վիճակագրական տվյալների ներկայացման ու մեկնաբանման առումով: Նշենք նաև, որ զեկույցում օգտագործվում է միջազգայնորեն ընդունված գենդերային տերմինոլոգիան, և այդ առումով առավել քան անհասկանալի է կառավարության կողմից վերջին տարիների ներքին փաստաթղթերում այդ տերմինից խուսափումը:
Պատրաստեց Հ. Կարապետյանը
Դիտումների քանակը` 2441