Պատգամավորներն առաջարկում են կիրառել  33%-անոց քվոտան արտահերթ խորհրդարանական  ընտրություններում

ՀՀ Ազգային ժողովում  ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված աշխատանքային խումբը որոշել է  առաջարկել  կառավարությանը, որ  առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար գործի 2021 թվականից ուժի մեջ մտնող Ընտրական օրենսգրքի դրույթը, ըստ որի կուսակցությունների ցուցակներում թեկնածուների սեռերի համամասնությունը 30/70 պետք է լինի:

 

Նշված դրույթն ապահովելու է, որ  քաղաքական ուժերի  համամասնական ցուցակներում յուրաքանչյուր  երրորդը կամ  33% -ը կին լինի: Առաջարկվում է նաև ամրագրել օրենսգրքում, որ  հաջորդ ընտրություններին, որոնք  նախատեսվում է անցկացնել 2024 թվականին, կին եւ տղամարդ թեկնածուների համամասնությունը  լինի 40/60 տոկոս կամ ցուցակներում  յուրաքանչյուր 5-ից երկուսը կլինեն կին:

 

Այդ որոշմանը  ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները  հանգեցին խորհրդարանական աշխատանքային խմբի  հուլիսի 27-ին  կայացած հերթական նիստում: Քննարկում էին  խորհրդարանում կանանց պատշաճ ներկայացվածության ապահովմանը  վերաբերող  առաջարկները, որոնք  ներկայացվել էին  արտախորհրդարանական քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության կողմից: Առաջարկներից մեկի շուրջ  ՀՀ ԱԺ չորս խմբակցությունների տեսակետները գրեթե համընկնում էին, ուստի եւ ձեռք բերվեց փոխհամաձայնություն:

 

Մասնավորապես,  «Ծառուկյան»  խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ որպես կին քաղաքական գործիչ կողմ է խորհրդարանում կին պատգամավորների քվոտաների ավելացմանը: Նա ներկայացրեց մի հետազոտության արդյունք, ըստ որի, այն խորհրդարաններում, որտեղ կանանց տեսակարար կշիռը 5 տոկոսով ավելանում է, տվյալ խորհրդարաններում ռազմական միջոցներով կոնֆլիկտներ լուծելու ճանապարհը 5 տոկոսով նվազում է:  «Բայց գալիս ենք մի կարեւոր խնդրի. պատրա՞ստ են կուսակցություններն իրենց ցուցակներում ներառել այնպիսի կանանց, որոնք ունակ են ԱԺ-ում աշխատելու: Եթե լուծելու ենք քանակի խնդիր ու չենք լուծելու որակի խնդիր եւ ԱԺ-ում հայտնվելու են կանայք, որոնք տանջամահ են լինում խորհրդարանում, պետք է հասկանալ: Ես այդ պոզիտիվ դիսկրիմինացիայի սկզբունքը չեմ ընդունում, բայց հասկանում եմ, որ մեր տիպի երկրներում կանանց ճանապարհ տալու համար դա պարտադիր գործիք է գոնե տղամարդկանց դեմ պայքարելու համար»,- ասաց Զոհրաբյանը:

 

ՀՅԴ-ից Սպարտակ Սեյրանյանն  ընդգծեց, որ քաղաքական ուժերը թող իրենք մտահոգված լինեն, թե իրենց բերած կին պատգամավորներն  ինչ չափով են համապասխանում   օրենսդիր մարմնի անդամին ներկայացվող պահանջներին . «Քվոտավորումն արհեստական միտումով անելը սխալ է: Դա ոչ միայն չի բարելավելու խորհրդարանի աշխատանքը, այլ ընդամենը քվոտավորման տրամաբանությունն է փչացնելու»: Սեյրանյանը նաեւ նկատեց, որ ՀՅԴ-ի առաջարկած բաց ցուցակներով համամասնական ընտրակարգի դեպքում կանանց քվոտան չի նվազելու, որովհետեւ տղամարդկանց մրցույթն առանձին է լինելու, կանանցը՝ առանձին, որպեսզի քվոտան հնարավոր լինի ապահովել:

 

«Ելք»  խմբակցությունից Լենա Նազարյանն էլ ասաց, որ բոլոր կուսակցություններում էլ կանայք քիչ են եւ այդ կուսակցությունները պետք է ջանք գործադրեն՝ կանանց ներգրավելու համար: «Հիմա իրավիճակը փոխվել է այնպես, որ եթե նախկինում կանայք չէին կարողանալու տարածքային ցուցակներում ձայներ ստանալ, համամասնական ցուցակում ընդգրկվելու առումով ավելի պատրաստ կլինեն հայտ ներկայացնելու եւ մասնակցելու ընտրություններին»,  – ասաց  Լենա Նազարյանը:  Նա նաև  նշեց, որ կողմ է ԱԺ-ում կանանց քվոտան հասնի 40 տոկոսի՝ հավելելով, որ դա իր անձնական տեսակետն է: Լենա Նազարյանի խոսքով, հեղափոխությունից հետո շատ կանայք ոգեւորված են եւ պատրաստ են քաղաքական գործունեություն ծավալել խորհրդարանում:

 

Ըստ էության , խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը համաձայնվեցին, որ առաջիկա ընտրություններում կազմավորելու են իրենց ցուցակները  յուրաքանչյուր երրորդը կին սկզբունքով: Իսկ քաղաքացիական հասարակության  կողմից հնչեցվող  40/60  հարաբերակցության պահանջը հետաձգեցին  մինչև հաջորդ  2024 թվականի  ընտրությունները: Նշենք սակայն, որ ցուցակներում կին-տղամարդ թեկնածուների հարաբերակցությունը  միայն այն դեպքում է  վերածվելու է Ազգային ժողովում նույն չափով  դե-ֆակտո ներկայացվածության , եթե գործելու է մաքուր համամասնական համակարգ, առանց բաց կամ ռեյտինգային  ցուցակների: Մինչդեռ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից ոչ բոլորն են համաձայն  հրաժարվել բաց ցուցակների  գաղափարից:

 

Բոլոր դեպքերում,  ՀՀ ԱԺ խմբակցությունները կամփոփեն իրենց կողմից ընդունելի առաջարկները եւ դրանք կներկայացնեն ՀՀ վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովին:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կառավարական հանձնաժողովը հակված է  կյանքի կոչել 30/70 համամասնությունը սահմանող քվոտան

«Քվոտան պետք է բարձրանա». քննարկում կառավարությունում ընտրական բարեփոխումների շուրջ

Բաց նամակ ընտրություններում կանանց մասնակցության վերաբերյալ

 «Բաց ցուցակները կանանց մասնակցության ամենամեծ խոչընդոտն են»

Միացե՛ք. Բաց նամակ ընտրական օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ

 

Դիտումների քանակը` 3419

Գլխավոր էջ