«Մեր խնդիրն էր, ոչ թե նախընտրական ցուցակներում, այլ արդյունքում` ԱԺ-ում 20% կին ունենալ »
«Առաջինը հենց հայ կինն է եղել, ով ընտրելու իրավունք է ստացել, մասնակցել քաղաքական գործընթացներին, իսկ ինչո՞ւ ենք մենք այսօր օտարում նրան», – ասում է կառավարման համակարգերի մասնագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Թամարա Գևորգյանը, կանանց օտարման գործընթացի ցայտուն օրինակ դիտարկելով այն փաստը, որ ընտրությունների արդյունքում սահմանված 20%-ի փոխարեն, այսօր խորհրդարանում ունեցանք ընդամենը 14 կին, այն է` 10%:
– Ճիշտն ասած, խորհրդարանական ընտրություններում կանանց մասնակցությունից ի սկզբանե այնքան էլ մեծ սպասելիքներ չունեի, քանի որ մեր հասարակությունում շարունակում են գերիշխել կարծրատիպային մոտեցումները, իսկ քաղաքական դաշտում՝ տղամարդկանց կողմից թելադրվող «խաղի կանոնները»: Մենք խոսում ենք ժողովրդավարության մասին, բայց երբ խոսքը վերաբերում է կնոջ իրավունքներին և նրա` քաղաքական մասնակցությանը, անմիջապես հասարակությունում տարակարծություններ են սկսվում:
Այնուամենայնիվ, ինչու՞ գենդերային քվոտայի բարձրացումը 15 տոկոսից մինչև 20 տոկոս իրեն չարդարացրեց:
– Ի սկզբանե, մեր խնդիրն էր, որ ոչ թե նախընտրական ցուցակներում ունենալ 20% կանանց ներկայացվածություն, այլ արդյունքում` ԱԺ-ում կանայք 20% կազմեին: Դրա համար առաջարկվում էր, որ մանդատից հրաժարվելու դեպքում կնոջը փոխարինի, ըստ ցուցակի, հաջորդ կին թեկնածուն: Ահա այստեղ է, որ մենք անելու դեռ շատ խնդիրներ ունենք, հուսամ նոր խորհրդարանը հետամուտ կլինի այս խնդրին:
Ձեր կարծիքով, որո՞նք են կանանց` պատգամավորական մանդատից հրաժարվելու դրդապատճատները, և կարելի՞ է արդյոք որակել այդ երևույթը` որպես ճնշում և թաքնված խտրականություն կանանց նկատմամբ:
-Պատճառները կարող են տարբեր լինել: Ես չեմ ուզում մասնավոր դեպքեր քննարկել, բայց եթե ընդհանուր առմամբ դիտարկենք երևույթը, ապա գաղտնիք չէ որևէ մեկի համար, որ իշխանությունը, ի սկզբանե, նախնական պայմանավորվածություններ է ձեռք բերում, ցուցակների հետ կապված: Ես զարմանում եմ այն կանանց վրա, ովքեր հենց սկզբից էլ համաձայնվում են անել այդ քայլը և կարծես գործարքի են գնում` հրաժարվելով իրենց մանդատներից: Այստեղ ես գտնում եմ, որ մենք մտածողության հետ կապված խնդիրներ ունենք:
Կանայք, ովքեր հավակնություններ ունեն` լինել օրենսդրական դաշտում, խնդիրների են բախվում: Եթե խոսում ենք համամասնական ընտրակարգի մասին, կուսակցությունները հստակ ունեն իրենց մոտեցումները և չես կարող պարտադրել վերանայել դրանք, քանի դեռ օրենքով ամրագրված չէ, սակայն այլ է մեծամասնական ընտրակարգը:
Այստեղ է, որ թվում է` դաշտը բաց է, բայց նորից կանայք շատ հազվադեպ են իրենց թեկնածությունը առաջադրում: Գլխավոր պատճառն այն է, որ մենք պատրիարխալ հասարակությունում ենք ապրում: Այն գործիքները, որոնք կիրառվում են քաղաքական դաշտում. նախընտրական փուլում, ընտրությունների ժամանակ և հետընտրական գործընթացներում «տղամարդկային» կանոններով են առաջնորդվում: Շատ կանայք չեն կարող այս խարդավանքների և այսպիսի գործիքների կիրառմամբ գալ օրենսդիր մարմին:
Թաղային հեղինակություններ, ֆինանսական մեծ հոսքերի առկայություն, օրենքով չամրագրված տարբեր մեթոդների կիրառումը, սրանք են տղամարդկանց կողմից թելադրվող «խաղի կանոնները»: Անգամ հնչող այն հարցադրումները, թե կանանց հետ ի՞նչ դեբատ անենք, ավելորդ անգամ ցույց են տալիս, որ նրանք ձևական են ընդունում կնոջ մասնակցությունը….
Հետևաբար ի՞նչ անի կինը: Թաղային հեղինակության հե՞տ սկսի բանակցել… Կարծում եմ, երբ բացառենք նման երևույները մեզանում և հավասար պայմաններ ունենանք բոլորի համար, միայն այն ժամանակ կտեսնենք, թե որքան շատ կանայք ի հայտ կգան քաղաքական դաշտում և մասնակից կդառնան նույն այդ մեծամասնական պայքարին:
Ինչպե՞ս կգնահատեք առաջադրված կանանց մասնակցությունը քարոզարշավին: Ի՞նչ չափով էր այն տեսանելի հասարակությանը:
– Բուն պայքարը, կարծես, ձևական բնույթ էր կրում: Կանգնած լինելով լուրջ մարտահրավերնեի առջև, մենք այս փուլում ունեցանք թվացյալ հանդարտ ընտրություններ և նախընտրական պայքար: Այս ընտրությունները շատ տարօրինակ էին: Զարմանալի է, բայց չեղան լուրջ դեբատներ…
Կանայք նույնպես ակտիվ չէին: Դժվար է ասել, որն էր պատճառը` միջոցների բացակայութունը, թե այլ խնդիրներ, բայց նրանց քարոզարշավը միջինից ցածր կարելի է գնահատել: Ցավով եմ ասում, քանի որ այստեղ նաև հասարկության խնդիրն է, որքանով է նա կանգնած այս կամ այն մարդու կողքին, ով, անկախ սեռից, կաշառքի կամ նվերների միջոցով չի անում իր քարոզարշավը:
Ի տարբերություն, մեծամասնականի, համամասնական ընտրացուցակներով առաջադրված կանայք պետք է, գոնե, իրենց կուսակցություններում կարողանային հասարակության համար կարեոր խնդիրներ բարձրաձայնել: Օրինակ, մենք ունենք սոցիալական լուրջ բևեռացում, 35 % աղքատության ցուցանիշ: Կարծում եմ, այն կանայք, ովքեր, ի վերջո, մտել էին ընրապայքարի մեջ, պետք է խոսեին այս հարցերի մասին: Սակայն նրանք չափազանց պասիվ էին: Դժվար է ասել ինչն էր կաշկանդում նրանց, ամեն դեպքում պետք է հետևություններ անենք, պարզենք իրական պատճառները, հետագայում նույնը չկրկնելու համար:
Ազգային Ժողովրդավարության ինստիտուտի կանանց խորհուրդը փորձ արեց հավաքել կուսակցական ցուցակներում առաջադրված կանանց և տեսնել, թե ինչ նպատակներով, ծրագրերով են նրանք մտնում ԱԺ: Մենք ընձեռեցինք նրանց այդ ամբիոնը, բայց, ցավոք, շատերը այնքան էլ տեղեկացված չէին` ինչու են գնում խորհրդարան, չունեին հստակ ծրագրեր, բացի մի քանի տրաֆարետային հայտարարություններից:
Ի՞նչ փոփոխություններ եք տեսնում նախորդ` 2007 թվականի ընտրությունների համեմատությամբ կանանց մասնակցության առումով:
– Միայն թվացյալ փոփոխություն կար, նախորդ ընտրություններում պայքարը շատ ավելի կոշտ ու կոպիտ էր: Այս անգամ մամուլն ավելի ազատ էր, սակայն այնպես չէ, որ այս արդյունքն ինձ գոհացնում է: Մեր հասարկությունը շատ ավելիին է արժանի: Պետք չէ սպասել նաև, թե այս կամ այն միջազգային կառույցը ինչ գնահատական տվեց, քանի որ գնհատականը մենք ինքներս պետք է տանք: Մենք ենք մեր երկիրի տերը և դրա թերություններն ու առավելությունները նույնպես մերն են:
Պետք չէ հասարակությանը հրամցնել փրկիչի գաղափարը, հետո էլ ասել` գնա և նրան ձայն տուր: Այսինքն, յուրաքանչյուրս պետք է մեզ համար որոշենք` մենք ազատ քաղաքացի ենք, թե ստրուկ ենք «ազատ քաղաքացու» անվան տակ:
Այն կանայք ու տղամարդիկ, ովքեր այսօր ԱԺ-ում են, պետք է հասկանան ու բարձրաձայեն, ինչ ասել է 35% աղքատություն, ինչ ասել է մուրացիկի գաղափարախոսություն սերմանելը… Բարեգործություն հարկավոր չէ, հարկավոր է վճարել հարկերը, օրենքներն էլ պետք է լինեն բոլորի համար… Այն ժամանակ էլ կտեսնենք, քանի կին կունենանք խորհրդարանում:
Զրուցեց Լիլիթ Քոչինյանը
Դիտումների քանակը` 6679