Միացե՛ք. Բաց նամակ ընտրական օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ

«Հավասար» քարոզարշավի մասնակից կազմակերպությունները՝ ի դեմս «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի և «Պրոմեդիա-Գենդեր» ՀԿ-ի, կոչ են անում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպություններին ու փորձագետներին միանալ բաց նամակին, որը հասցեագրված է Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովին և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ձևավորված աշխատանքային խմբին:

 

ԲԱՑ ՆԱՄԱԿ

 

Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս,

 

մտահոգություն ենք հայտնում Հայաստանում քաղաքական որոշումների կայացման մակարդակում, այդ թվում` ՀՀ Ազգային ժողովում կանանց ցածր ներկայացվածության առնչությամբ, ինչը ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածով ամրագրված սեռերի իրավահավասարության սկզբունքի ուղղակի խախտում է և վկայում է կառավարման համակարգում մարդկային կապիտալի ոչ արդյունավետ օգտագործման մասին՝ վտանգելով երկրի կայուն զարգացման ընթացքը:

 

ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխման գործընթացին ընդառաջ, հիմք ընդունելով՝

 

-կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքներն ու ծրագրային փաստաթղթերը,

 

-ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի և մի շարք այլ միջազգային կառույցների շրջանակում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները` կանանց քաղաքական իրավունքների լիարժեք իրացման և որոշումների ընդունման մակարդակում, այդ թվում`ընտրովի մարմիններում կանանց ու տղամարդկանց հավասար ներկայացվածությունը ապահովելու վերաբերյալ, 

 

-ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի 4-րդ կետը, որով կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը սահմանված է պետական քաղաքականության հիմնական նպատակ,

 

հանդես ենք գալիս առաջարկով՝ ուղղված ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովին և ՀՀ Ազգային ժողովում ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ձևավորված աշխատանքային խմբին:

 

Մասնավորապես, առաջարկում ենք.

– ներառել ընտրական բարեփոխումների հայեցակարգում  ընտրովի մարմիններում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությունն երաշխավորող մեխանիզմների ապահովման հարցը, այդ թվում ՀՀ ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ և 10-րդ կետերով` կուսակցությունների ցուցակներում սեռերի 30/70 համամասնությունը սահմանող քվոտայի բարելավման հիմնախնդիրը:

 

Առաջադրված խնդրի լուծման կարևորության մասին են վկայում 2017 թվականին կայացած ընտրություններում կանանց մասնակցության վերաբերյալ հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև միջազգային դիտորդական առաքելությունների կողմից արված դիտարկումները: Մասնավորապես, 2017 թ. խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական, ամփոփիչ զեկույցում նշվում էր, որ նորընտիր Ազգային ժողովում կանանց ներկայացվածության 18%-ը «չի համապատասխանում կին թեկնածուների համար հավասար հնարավորությունների փաստացի ապահովման վերաբերյալ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին»:

 

Մենք պատրաստ ենք լրացուցիչ փաստեր և վերլուծություններ ներկայացնել նշված թեմայի և հատկապես այն խնդրի շուրջ, որ համամասնական ընտրությունների ընթացքում ցանկացած տիպի «բաց» ցուցակների կիրառումը լուրջ ու անհաղթահարելի խոչընդոտ է կին թեկնածուների համար: Ակնկալում ենք, որ այդ փաստարկները հիմք կհանդիսանան արդյունավետ երկխոսության համար, որի նպատակը բոլորիս համար մեկն է՝ ապահովել ազատ ու արդար ընտրություններ Հայաստանում:

 

***

 

Նամակը  բաց է միանալու համար։ Խնդրում ենք տեղեկացնել Ձեր դիրքորոշման մասին`ուղարկելով նամակ lkochinyan@oxygen.org.am  էլեկտրոնային հասցեին՝ մինչև սույն թվականի հուլիսի 3-ը, ժամը 15:00։ 

 

Համագործակցության ակնկալիքով ՝

  1. «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքներիպաշտպանության հիմնադրամ
  2. «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ
  3. «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ
  4. «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
  5. ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն
  6. «Պրոգրես» ՀԿ
  7. Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ
  8. «Աջակցություն կանանց և երեխաներին» ՀԿ
  9. «Իրավական նախաձեռնություններ կենտրոն» իրավապաշտպանհասարակական կազմակերպություն
  10. Երիտասարդ կանանց քրիստոնեական ասոցիացիա «Ֆլորա» ՀԿ
  11. «Իրավունքի ուժ» ՀԿ
  12. Մշակույթի և կատարողական արվեստի միջազգային ակադեմիա
  13. «Ջինջ Արփա» ՀԿ
  14. «Երիտասարդ սերունդ» ՀԿ
  15. «Հայտուր» սոցիալ-տնտեսական և մշակութային հասարակական կազմակերպություն
  16. «Սուրբ Սանդուխտ» կանանց հասարակական կազմակերպություն
  17. «Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ  շրջանավարտների ընկերակցություն» հասարակական կազմակերպություն
  18. «Ապագայի կամուրջներ» կրթամշակութային կենտրոն հասարակական կազմակերպություն
  19. «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
  20. «Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ
  21. «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
  22. «Կանայք հանուն զարգացման» ՀԿ «Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի անդամկազմակերպություններ՝
  23. Գորիսի Կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ
  24. Կապանի կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ
  25. Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ
  26. Սիսիանի կանանց Ռեսուրս կենտրոն հիմնադրամ 
  27. Եղեգնաձորի կանանց Ռեսուրս կենտրոն հիմնադրամ
  28. Իջևանի կանանց Ռեսուրս կենտրոն հիմնադրամ

Նախաձեռնությունը բաց է միանալու համար:

Դիտումների քանակը` 3918

Գլխավոր էջ