Ադրբեջանից փախստականները՝ որպես ՀՀ վտարյալ քաղաքացիների նոր տեսակ

1995թ.-ին` «Քաղաքացիության մասին» օրենքի ընդունումից հետո, Հայաստանում սկսվեց Ադրբեջանից փախստականների «կամավոր» հպատակագրման գործընթացը՝ վերջիններիս քաղաքացիության տրամադրմամբ, որը նրանց ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև` երկրի սահմաններից դուրս գալու իրավունք էր տալիս, գրում է  «Փախստականի ձայն» ՀԿ-ի ղեկավար Օքսաննա Մուսայելյանը  Հետք.ամ –ում՝ ներկայացնելով  Ադրբերջանից բռնագաղթած փախստականների հիմնախնդիրները:

 

 

Այսօր Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայության տվյալներով, փախստականի կարգավիճակ է պահպանել Ադրբեջանից շուրջ 20 000 փախստական: Սակայն, հպատակագրման ծրագրի արդյունքում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած փախստականները՝ շուրջ 83 000 մարդ, համոզված են, որ հպատակագրումը հարկադրված էր, և իրենց համարում են երկրի միգրացիոն քաղաքականության ծուղակն ընկած զոհեր: Այդպիսի տրամադրության պատճառը չիրականացած երազանքներն են, թե քաղաքացիության ձեռքբերումն արմատապես կփոխի նրանց սոցիալ-տնտեսական դրությունը: Սակայն, դա բավարար չեղավ նրանց դե-ֆակտո լիիրավ քաղաքացի դարձնելու համար, ինչի արդյունքում կավելանային հասարակության կյանքին մասնակցելու նրանց հնարավորությունները: Երկու կատեգորիաներն էլ՝ և´ հպատակագրվածները, և´ փախստականի կարգավիճակը պահպանածները, առ այսօր համարվում են բնակչության ամենաաղքատ, մարգինալացված և խոցելի շերտերը, որոնք ունեն մի շարք չլուծված խնդիրներ, այդ թվում` բնակարանի, կրթության և զբաղվածության հարցերը:      

 

 

«Մեզ խաբել են: Խոստացել են, որ քաղաքացիության ընդունումից հետո մեր բնակարանային խնդիրը կլուծվի, բայց դա տեղի չունեցավ: Բացի այդ, Հայաստանի շնորհած փախստականի անձնագիրը սահմանափակում էր տեղաշարժվելու հնարավորությունները, դրանով անհնար էր երկրի սահմաններից դուրս գալ»,-ահա նախկին փախստականների շրջանում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու ամենատարածված բացատրությունը: Նորաթուխ քաղաքացիները վստահ են, որ հրաժարվելով փախստականի կարգավիճակից` իրենք զրկվեցին միջազգային հանրության պաշտպանությունից՝ անձնատուր լինելով Հայաստանի իշխանությունների գթածությանը: Իսկ վերջինների անտարբեր կեցվածքն ինքնին նպաստեց խնդրից ազատվելուն կամ այն բնական ճանապարհով լուծելուն` արտագաղթի ալիքի և փախստականների շրջանում բարձր մահացության հաշվին:  

 

 

Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանն այդպիսի բացատրությունը մոլորություն է համարում: «Շատերը կարծում են, որ փախստականի կարգավիճակն իրենց ավելի շատ առավելություններ է տալիս, քան ՀՀ քաղաքացիությունը: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ 90-ականներին Հայաստանը մեծ քանակությամբ մարդասիրական օգնություն էր ստանում, որը բաշխվում էր կարիքավոր սոցիալական խմբերի ներկայացուցիչների շրջանում, իսկ փախստականները նրանցից մեկն էին: Սակայն, 2000թ.-ից հետո մարդասիրական օգնություն այլևս չի եղել: Իսկ կարծրատիպը մարդկանց շրջանում մնացել է»,-ասում է նա:

 

 

Ինչ վերաբերում է ամենացավոտ թեմային՝ բնակարանային խնդրին, ապա փախստակնների շուրջ 700 ընտանիքներ դրանով ապահովվել են փախստականներին բնակարանով ապահովելու ծրագրի շրջանակում, որը գործել է 2005-ից մինչև 2008-ը: Սակայն 2009թ.-ից խնդիրն այլևս չի բարձրացվել, և բյուջեից դրա լուծման համար միջոցներ չեն հատկացվել: Այնուամենայնիվ, փախստականների ավելի քան 1000 ընտանիք բնակարանի խիստ կարիք ունի: Փախստականների այդ ընտանիքները, որոնք Ղարաբաղյան հակամարտությունից տուժած կողմ են, Ադրբեջանից բռնի տեղահանումից 30 տարի անց շարունակում են ապրել բնակության համար ոչ պիտանի տարածքներում՝ հյուրանոցներում, հանրակացարաններում, գիշերօթիկ դպրոցներում` հաճախ չունենալով սեփական սանհանգույց, 3-4 հոգով տեղավորվելով 11 քմ մակերեսով միակ սենյակում, որը նրանց համար ծառայում է միաժամանակ և´ որպես խոհանոց և´ որպես ննջարան: Ենթարկվելով իրենց իրավունքների սահմանափակման՝ այդ կիսաքաղաքացիները հաճախ դառնում են այդ շենքերի ղեկավարների և նոր սեփականատերերի կամայականությունների զոհ: Վերջիններն իրենց հայեցողությամբ կարող են խոչընդոտել շենքի տեխնիկական բնականոն սպասարկմանը` պարբերաբար անջատելով էլեկտրաէներգիայի եւ ջրի մատակարարումը, իսկ երբեմն նաև վերահսկում շենքի ելումուտը՝ նպատակ ունենալով ներս չթողնել շենքերի սեփականատերերի համար «անցանկալի» այցելուների մուտքը եւ այդպիսով բնակության պայմանները մոտեցնելով բանտայինի:    

 

 

Ինչո՞ւ է Հայաստանը դադարեցրել փախստականներին կացարան հատկացնելու գործընթացը. ըստ Եգանյանի` Հայաստանի իշխանություններն ուրախությամբ կօգնեին, բայց նման «բարի մտադրությունները» հակասում են միջազգային փորձին:

 

 

 «Չկա միջազգային և ոչ մի փաստաթուղթ, որում կասվեր, որ փախստականներին ընդունող երկիրը պարտավոր է նրանց ապահովել բնակարանով»,- ասում է Եգանյանը:

 

 

Այն հանգամանքը, որ նրանք ոչ միայն սովորական փախստականներ են, այլև հայեր, որոնց փոխարեն որոշել են իրենց ճակատագիրը՝ հարկադրաբար վերաբնակեցնելով Հայաստանում Ղարաբաղում բարձրացված քաղաքական հիմնահարցի պատճառով, անկարևոր է դառնում միջազգային օրենքի տառի առջև, որն, ինչպես պարզվում է, հայկական իշխանությունները խստորեն պահպանում են:  

 

 

Հոդվածն ամբողջությամբ  երեք լեզուներով այստեղ

 

Դիտումների քանակը` 3182

Գլխավոր էջ