«Ավրորա» մրցանակի դափնեկիր է ճանաչվել իրավաշտպան Չո Լա Աունը

«Ավրորա» մարդասիրական մրցանակի երրորդ դափնեկիրը Մյանմայում ռոհինջա ժողովրդի իրավունքների համար պայքարող իրավաբան և ակտիվիստ Չո Լա Աունն է։ Դափնեկրի անունը հայտարարվեց հունիսի 10-ի լուսաբացին՝ Խոր Վիրապի վանքին հարակից տարածքում՝ Արարատի ստվերի ներքո, որպես արշալույսի՝ նոր լուսավոր սկզբի խորհրդանիշ։

 

115 երկրից առաջադրված 750 թեկնածուներից այս տարվա Ավրորայի դափնեկիր ընտրված Չո Լա Աունը տասնամյակներ շարունակ իրավապաշտպան գործունեություն է ծավալում քաղաքացիությունից զրկված իր ռոհինջա ժողովրդի իրավունքների համար։ Մյանմայի կառավարության կողմից հետապնդվող հարյուր հազարավոր մուսուլման փախստականների և կրթությունից զրկված երեխաների իրավունքների համար պայքարելով՝ Չո Լա Աունը կյանքի 12 տարին անցկացրել է բանտարկության մեջ։ Որպես «Ավրորա» մրցանակի 2018 թ. դափնեկիր՝ Չո Լա Աունն ստանալու է 100,000 ԱՄՆ դոլարի պարգև, ինչպես նաև նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ մրցանակի 1,000,000 ԱՄՆ դոլարի մրցանակն իր ընտրությամբ նվիրաբերելով հետևյալ երեք միջազգային կազմակերպություններին, որոնք Մյանմայում բժշկական օգնություն և օժանդակություն են տրամադրում փախստականներին. «Բժիշկներ առանց սահմանների», Լոնդոն (Médecins Sans Frontières), MERCY Մալայզիական բժշկական նպաստամատույց, Մալայզիա (Malaysian Medical Relief – MERCY Malaysia), Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողով, Շվեյցարիա, ԱՄՆ (ICMC – International Catholic Migration Commission):

 

Հայոց ցեղասպանության վերապրողների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների շնորհվող «Ավրորայի» այս տարվա դափնեկրին իմանալու համար հարյուրավոր հյուրեր «Խոր վիրապ» վանքի մոտ էին եկել ուշ գիշերվանից: Անցնելով մոմերով ուղենշված ճանապարհով ու աշխարհի տարբեր քաղաքների ձայները վերարտադրող 12 կամարների տակով՝ հյուրերը ականատես եղան հոգևորից մինչև ազգային երաժշտական ներկայացումների։

 

«Ավրորայի» համահիմնադիր գործարար Ռուբեն Վարդանյանն ընդգծեց, որ ամեն տարի դափնեկիրներն ընտրվում են ոչ թե իրենց անձնական որոշմամբ, այլ անկախ ընտրող հանձնաժողովի կողմից. ֊ «Մեզ համար ինչ֊որ կապ կա և ցեղասպանությունը Մյանմայում ինչ֊որ ձևով նման է… իրենք երեք միլիոն ազգություն էին ու հիմա մնացել է մի քանի հարյուր հազար մարդ, և ոչ մեկը չգիտի՝ իրենք ուր են կորել։ Եվ ինձ թվում է, ինչ֊որ սիմվոլիկ բան կար, բայց դա, իսկապես, մեր որոշումը չի»։

 

Դառնալով «Ավրորայի» դափնեկիր՝ Չո Լա Աունն ընդգծեց՝ «Ավրորայի» շնորհիվ ռոհինջա ժողովրդի թշվառ կացությունն օրեցօր ավելի նկատելի է դառնում միջազգային հանրությանը. ֊ «Ես շատ հպարտ եմ այս մրցանակի համար։ Մենք ապրում ենք շատ վտանգավոր երկրում, և այս մրցանակն ինձ կպաշտպանի նման վտանգներից»։

 

«Ավրորա» մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ հունիսի 10-ի երեկոյան Օպերայի և բալետի թատրոնում կայանալիք միջոցառման ժամանակ։

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը Չո Լա Աունի մասին դրվատանքի իր խոսքում ասել է. «Հիշելով, թե Ցեղասպանության ընթացքում բռնի տեղահանության ճանապարհներին հայերը և հատկապես կանայք ու երեխաներն ինչպիսի սարսափների ու վայրագությունների են ենթարկվել, մենք մեծագույն պատասխանատվությամբ այժմ ոտքի ենք կանգնել՝ աջակցելու Չո Լա Աունի մարդապաշտպան գործին, որը մի օր հանգեցնելու է նրան, որ գործի դրվեն պետական և միջազգային օրենքներ՝ կոչված պաշտպանելու մարդկանց խոցելի խմբերին։ Սեփական կյանքի համար մեծագույն սպառնալիքի պայմաններում Չո Լա Աունն անում է վիթխարի աշխատանք՝ օրինակ դառնալով այն հեռահար ազդեցության, որ կարող է ունենալ մեկ անհատը՝ սկիզբ դնելով մեծ շարժման և օգնելով մարդկանց վերափոխելու իրենց կյանքը»։

 

Դառնալով «Ավրորայի» դափնեկիր՝ Չո Լա Աունն ընդգծեց՝ «Ավրորայի» շնորհիվ ռոհինջա ժողովրդի թշվառ կացությունն օրեցօր ավելի նկատելի է դառնում միջազգային հանրությանը. ֊ «Ես շատ հպարտ եմ այս մրցանակի համար։ Մենք ապրում ենք շատ վտանգավոր երկրում, և այս մրցանակն ինձ կպաշտպանի նման վտանգներից»։

 

«Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկրին պատվելու համար Հայաստան են ժամանել միջազգային մարդասիրական հանրության առաջատար ներկայացուցիչներ, ինչպես նաև «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներ, որոնց թվում են Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր և Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բերնարդ Քուշները, Լոնդոնի կայսերական քոլեջին կից Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Արա Դարզին և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը։

«Ավրորայի» միջոցառումների մասնակիցները մեծարանքի արժանացրեցին նաև այն ներդրումը, որ ունեցել են «Ավրորա» մրցանակի 2018թ. մյուս երկու հերոսները՝ կանանց իրավունքների պաշտպան և Հնդկաստանի «Փրաջվալա» կազմակերպության  համահիմնադիր Սունիտա Քրիշնանը և Մեքսիկայում կենտրոնաամերիկյան ներգաղթյալներին աջակցող «72. տուն և ապաստան միգրանտների համար» կազմակերպության հիմնադիր Հայր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն։

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր և աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր և 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են ավելի քան 300 նոր աջակիցներ և գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնև, Շվեյցարիա) և IDeA հիմնադրամ(Երևան Հայաստան):

Դիտումների քանակը` 2415

Գլխավոր էջ