Հայաստանը  կրկին դարձավ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի անդամ

 Ապրիլի 16-ին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդի նստաշրջանի ընթացքում Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի անդամ՝ 2019-2023թթ․ ժամանակահատվածի համար։

 

Կանանց կարգավիճակի հանձնաժողովը ՄԱԿ-ի հիմնական մարմին հանդիսացող` Տնտեսական և սոցիալական խորհրդի ֆունկցիոնալ հանձնաժողովներից է, որի օրակարգի կենտրոնում են կանանց իրավունքների, հավասարության և կանանց առաջխաղացման հետ կապված խնդիրները, և որը հիշյալ ոլորտում միջազգային քաղաքականություն մշակող միակ միջկառավարական մարմինն է։ Հանձնաժողովին անդամակցում են 45 երկրներ՝ աշխարհարգրական ներկայացուցչականության սկզբունքով։

 

Հայաստանը հանձնաժողովի անդամ է ընտրվել երկրորդ անդամ՝ վերահաստատելով կանանց հավասարության, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կանանց հնարավորությունների և դերակատարության ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերին աջակցելու և հանձնաժողովի ամենամյա աշխատանքներին ազգային ներդրումը բերելու հանձնառությունը։Հիշեցնենք, որ  2009 -2013 թ.թ.  Հայաստանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում, այժմ արատաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը  Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահն էր:

 

Նշենք, որ այս տարվա ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 62-րդ նստաշրջանը , որը կայացավ Նյու Յորքում  մարտի 12-23-ը ՝ առաջնորդվելով Կանանց միջազգային օրվա  կարգախոսով ՝ «Ժամանակն է եկել. գյուղական եւ քաղաքային ակտիվիստները  վերափոխում են կանանց կյանքը»,  կենտրոնացել էր հատկապես  գյուղաբնակ կանանց իրավունքների եւ ակտիվության վրա: 

 

Ըստ  ՀՀ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության, մարտի 13-ին այդ նստաշրջանի  շրջանակում   ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը Կիպրոսի, Բելգիայի, Բուլղարիայի և Ղազախստանի մշտական ներկայացուցչությունների հետ համատեղ կազմակերպել էր ՄԱԿ-ի կենտրոնակայանում «Առողջապահական ծառայությունների մատչելիությունը որպես գյուղական վայրերում կանանց և աղջիկների առաջխաղացման միջոց» խորագրով միջոցառումը: Իր եզրափակիչ խոսքում դեսպան Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ Հայաստանի ազգային քաղաքականությանը` ուղղված գյուղական բնակավայրերում առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովմանը, կանանց և աղջիկների առողջապահական ոլորտում իրազեկման բարձրացմանն ուղղված քարոզարշավներին: Մարտի 14-ին ՀՀ մշտական ներկայացուցչությունը մասնակցեց  Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 62-րդ նստաշրջանի օրակարգի՝ «Մամուլի և տեղեկատվական տեխնոլոգիաների հասանելիությունը կանանց համար և դրանց ազդեցությունը և կիրառումը որպես գործիք կանանց առաջխաղացման գործում» թեմայի քննարկմանը: Իր ելույթում  դեսպան Մնացականյանն ընդգծեց, որ որպես ինֆորմացիոն ու տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարությունների և ստեղծագործ կրթության ջատագով Հայաստանը կարևորում է դրանց դերը կանանց առաջխաղացման գործընթացում` անդրադարձ կատարելով ՀՀ-ում իրականացվող համապատասխան ծրագրերին:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Նյու Յորքում քննարկվում են գյուղաբնակ կանանց խնդիրները

Դիտումների քանակը` 2710

Գլխավոր էջ