Տիգրան Խզմալյան. «Մեր փրկությունը կանանց ձեռքերում է»
«…Երբ տղամարդիկ հավաքվում են մի տեղ առանց կանանց, ապա ամենայն հավանականությամբ դրա պատճառը կամ հետևանքն է վեճը, թշնամանքը, պատերազմն ու մահը: Երբ կանայք են հավաքվում մի տեղ միայնակ առանց տղամարդկանց ապա ամենայն հավանականությամբ դրա պատճառը կամ հետևանքն է՝ փոխօգնությունը, կարեկցանքը, ծննդաբերությունը և կյանքն է…», – այսպես է սկսվում կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Հայոց թագուհիներ» ֆիլմը, որով նա բացահայտում է կանանց դերը հայոց պատմության մեջ՝ համոզմունք հայտնելով, որ պատմությունն ուրացել է հայ կնոջը և դա անմիջականորեն ազդել է նաև մեր այսօրվա պատկերացումների վրա…
Ինչպիսին են հայ կանայք. թագուհի, թե՞ ստրկուհի, հպա՞րտ, թե նվաստացած, ավանդապահ, թե՞ առաջադեմ, ինքնուրույն, թե՞ ենթակա … Անդրադառնալով այս հարցերին WomenNet.am-ի հետ զրույցում Տիգրան Խզմալյանը նշում է, որ իրականում արդեն տվել է դրանց պատասխաններն իր «Հայոց թագուհիներ» ֆիլմում:
Ռեժիսորի դիտարկմամբ, տղամարդկանց ձգտումը մշտապես եղել է իշխանությունը, փողն ու պաշտոնը, այսինքն տղամարդը սկզբունքորեն առաջնորդվել է սեփական շահերով: Դա այդպես էր հարյուրավոր դարեր առաջ, այդպես է նաև այսօր: Մինչդեռ կինն առաջնորդվում է ընտանիքի, երեխաների ապագայի շահերով, ու քանի որ նա վարում էր / և վարում է / տնտեսությունը, համարվում էր տան թագուհին: Սակայն քաղաքակրության զարգացումը հետզհետե հանգեցրեց կնոջ դերի նվազման, վերածելով նրան ստրուկի: Հենց այս հետընթացն է պատկերված է նրա «Հայոց թագուհիներ» ֆիլմում, որտեղ հերոսուհիներից մեկի խոսքով «Հայ կինը ծնվում և դաստիարակվում է որպես թագուհի, սակայն ապրում և մեռնում է ինչպես ստրուկ»: Իհարկե, հայոց պատմության էջերում հիշատակվում են նաև ազատագրական պայքարի / Վանում, Սասունում, Զեյթունում/ բովում կոփված հայ կանայք, ովքեր զենքը ձեռքին կռվել ու պաշտպանել են սեփական հողի, ընտանիքի, նաև տղամարդու պատիվն ու ազատությունը: Այդպիսին էր նաև Սոսեն,ում կերպարը, ռեժիսորի դիտարկմամբ, ճշգրիտ չէ ներկայացվում հանրությանը : Ֆիլմում նա անդրադառնում է այս հարցին…
Մեր պատմությունը արական պատմություն է, ասում է Տիգրան Խզմալյանը՝ խոսելով նաև Փառանձեմ թագուհու կերպարի մասին, որի շուրջ ստեղծվել է չափազանց թյուր, աղճատված կարծիք… Մեր մեծագույն թագուհին նկարագրվում է վհուկ, մարդասպան, հեթանոս…
«Հայ կնոջ վեհությունը գրեթե չի արտացոլվում պատմության մեջ», – ասում է Խզմալյանը՝ նկատելով, որ հաճախ օտարերկրյա պատմիչները, հեղինակները հայ կանանց ավելի բարձր են դասել, քան մեր սեփական պատմիչները…
Ֆիլմում անդրադարձ կա նաև Զապել Եսայանին, Դիանա Աբգարին և շատ այլ կանանց, ովքեր անարդացիորեն անտեսված են եղել հայոց պատմության էջերում…
Խոսելով կենցաղային կայնքում հայ կնոջ դերի մասին Խզմալյանը նկատում է, որ հայկական ավանդական շատ ընտանիքներում թեև շերեփը եղել է կնոջ ձեռքում, սակայն նա զրկված է եղել շատ ու շատ իրավունքներից: Ցավոք, այդ երևույթն այսօր էլ նկատելի է ոչ միայն գյուղական, այլև քաղաքային կյանքում ու կենցաղում: Հեզ ու հնազանդ կանայք ենթարկվում են բռնության, ստորացման ինչպես ամուսնու, այնպես էլ ընտանիքի մյուս անդամների կողմից: Եվ պատճառը ոչ թե այդ կանանց մոտ արժանապատվության զգացումի բացակայությունն է, այլ վախի ու ամոթի առկայությունն է: Ռեժիսորն անընդունելի է համարում կնոջ ստրուկ և հնազանդ վիճակը:
«Նախկինում կարծում էի, որ այո, աշխարհը և կանայք մեզ՝ տղամարդկանց են պատկանում: Տեսեք, անգամ եկեղեցին պսակադրության ժամանակ կնոջը հարկադրում է կրկնել «հնազանդ եմ» արտահայտությունը, դա հայ առաքելական եկեղեցին է միայն պարտադրում, քրիստոնեական որևէ այլ եկեղեցու հարսանեկան արարողակարգում դա չկա: Կարծում եմ, քանի որ նախկինում / մայրիշխանության ժամանակաշրջանում – խմբ. /կանանց դիրքերը շատ ամուր էին, հարկավոր էր կոտրել դրանք, ուստի եկեղեցին հարկադրում էր կրկնել նրան հավատարմության երդումը: Ի դեպ, ես ու կինս հրաժարվեցինք եկեղեցում պսակադրվել, երբ իմացանք, որ կինս պետք է կրկնի «հնազանդ եմ» արտահայտությունը, դա ինձ համար անհասկանալի էր: Եթե ես ընտանիք եմ ստեղծում և եթե ամուսնանում այն կնոջ հետ, ով պետք է դառնա իմ երեխաների մայրը, ես չեմ ուզում, որ նա հնազանդ լինի ինձ, քանի որ ցանկանում եմ ստեղծել բոլորովին այլ հարաբերություններ՝ հենված սիրո, փոխադարձ հարգանքի վրա», – ասում է Խզմալյանը:
Նրա խոսքով, այսօր քաղաքացիական դիմադրության շարքերում բազմաթիվ կանայք կան, ովքեր ընդդիմանում են թե ոստիկաններին, թե օլիգարխների վարձկաններին:Առանցքում ազգային արժանապատվությունն է, որի, երբեմն, միակ կրողը կանայք են, տղամարդիկ հեշտ են հանձնվում, զիջում են արժանապատվությունը, սակայն կանայք չեն զիջում:
Ռեժիսորը պատմում է, որ « Հայոց թագուհիներ» ֆիլմի ցուցադրությունից հետո բազմաթիվ տղամարդիկ վրդովվում են, վիրավորվում, գտնելով, որ ֆիլմի բովանդակությունը դավաճանություն է տղամարդկանց հանդեպ, մինչդեռ կանայք, ի դեմս ռեժիսորի, գտել են իրենց համախոհին ու պաշտպանին: «Բայց ես ասում եմ կանանց, իսկ ո՞վ է մեղավոր, որ իմ տեսակը քիչ է, իհարկե՝ դուք: Ապա հիշեք, թե ինչպես եք դաստիարակում ձեր որդիներին: Ես եկել եմ այն եզրակացության, որ հաճախ դժբախտ ապրող կինը իր դառնությունը պարպում է հարսի վրա , թույլ չտալով երիտասարդ կնոջը լինել երջանիկ:Նա սկսում է փչացնել որդուն՝նրան հորդորելով թե արքա է, ներշնչելով, թե նա ավելի լավ կնոջ էր արժանի», – ասում է նա, նկատելով, որ պատճառները պետք է փնտրել կանանց ֆինանսական և նյութական կախվածության մեջ : «Երբ կինը դառնա տնտեսապես ու ֆինանսապես անկախ, ոչ մի տղամարդու թույլ չի տա իր հետ խոսել անհարգալից: Նաև մեր երկիրը կշահի կնոջ կարգավիճակի բարձրացումից, հատկապես եթե բարձրագույն իշխանական օղակներում կանայք լինեն: Կարծում եմ, որ մեր փրկությունը կանանց ձեռքերում է»,- համոզված է Տիգրան Խզմալյանը:
Անուշ Ներսիսյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Դիտումների քանակը` 3558