Մարիամ Թորոսյան. «Ցանկանում եմ դառնալ ՀՀ կրթության և գիտության նախարար»…    

 

Մեր զրուցակիցն է   «Կամք, արդարություն, միասնություն, քաջություն» երիտասարդական ՀԿ-ի հիմնադիր-նախագահ, «Դասավանդի՛ր, Հայաստան»  ծրագրի մասնակից Մարիամ Թորոսյանը: Երկու տարի այդ  ծրագրով  դասավանդելուց հետո այժմ աշխատում է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամում  որպես Առաջնորդության զարգացման մենեջեր, միաժամանակ դասախոսում է Արցախի պետական համալսարանում։

 

 

«Մոդելը, որի հիման վրա ստեղծվել է «Դասավանդի՛ր, Հայաստան»  ծրագիրը, 25 տարվա պատմություն ունի։ Այն սոցիալական փոփոխության հասնելու հաջողված ծրագիր է, որը կիրառվել է աշխարհի շուրջ 40 երկրի Ազգային անկախ կազմակերպությունների կողմից, որոնք համախմբվել են Teach For All միջազգային ցանցի ներքո՝ ստեղծելով լավագույն փորձը և գիտելիքները կիսելու միասնական հարթակ», – ասում է Մարիամ Թորոսյանը , պատմելով, որ  2015 թվականին, երբ կազմակերպությունը փնտրում էր իր առաջին մասնակիցներին, ովքեր կգնային հեռավոր գյուղերում ապրելու և դասավանդելու,  մտածեց` ո՞վ, եթե ոչ ես։

 

 

«Մինչ այդ Սիսիանի պետական քոլեջում էի աշխատում, և միշտ զգում էի, որ ինչ-որ բաց կա դպրոցի ու քոլեջի միջև, ուսանողներ էին գալիս քոլեջ, ովքեր որևէ նպատակ կամ երազանք չունեին։ Մանկապարտեզում ցանկացած երեխայի,  եթե հարցնենք, թե ինչ երազանք ունի, կթվի մի քանիսը: Իսկ ի՞նչ է պատահում այդ երեխաներին դպրոցում, որ նրանք կորցնում են իրենց երազանքը։ Այդ հարցի լուծումը գտնելու համար ես միացա «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին և գնացի դասավանդելու Ճամբարակի շրջանի Մարտունի գյուղում` որպես ինֆորմատիկայի ուսուցիչ։ Գնացի, որ ավելի լավ հասկանամ, թե ինչ հիմնախնդիրներ կան մերօրյա դպրոցներում, որ հետագայում էլ դրանք լուծելու ուղիներ փնտրեմ։ Դա մեծ մարտահավեր էր ինձ համար: Մտածեցի, բայց ո՞վ, եթե ոչ ես, ու  առանց մեկ ակնթարթ իսկ կասկածելու կայացրեցի որոշումս … », –  հիշում է  նա:

Մեր հարցին ՝ ինչով է զբաղվում այսօր , պատմում է, որ որպես Վերապատրաստման և զարգացման մենթոր մասնակցում է  «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կողմից  կազմակերպվող հինգշաբաթյա Ամառային ինստիտուտ կոչվող վերապատրաստման դասընթացներին: «Ամառային ինստիտուտում ծրագրի մասնակիցները վերապատրաստվում են դասավանդման նորագույն մեթոդներով, միաժամանակ հնարավորություն են ունենում աշակերտների համար կազմակերպվող ամառային դպրոցում փորձարկել և ամրապնդել ստացված գիտելիքները։ Դա այն է, երբ 5 շաբաթվա ընթացքում դու ավելի շատ գիտելիք ես ձեռք բերում, քան համալսարանում սովորելու ողջ ընթացքում: 2015-ին ես նույնպես անցել եմ այդ ինտենսիվ վերապատրաստումը:, իսկ այսօր, արդեն, իմ ներդրումն եմ  ունենում ծրագրի նոր մասնակիցների վերապատրաստման գործընթացում», – ասում է նա:

 

 

Մարիամի խոսքով, վերջին մի քանի տարվա մեջ չորս նոր մասնագիտություն է ձեռք բերել, բայց  բազմաթիվ փնտրտուքներից և փորձերից գտել է  այն ոլորտը, որն իրեն  ոգեշնչում է. «Դա կրթության ոլորտն է`…   Ոլորտ որտեղ ես ազատ եմ` ստեղծագործելու, ինձ նորովի բացահայտելու, իմ երկրի համար նոր ապագա կերտելու։ Ես իսկապես ոգևորվում եմ այն մտքից, որ հնարավորություն ունեմ աշակերտներիս բարձրորակ կրթությունը ապահովելով, մտածելակերպը փոխելով` ամուր հիմքեր ստեղծել իմ երկրի ավելի լավ ապագայի համար»: 

 Երազանքի մասին մեր հարցին ի պատասխան ասում է.  «Առանց քաղաքականացնելու` ցանկանում եմ դառնալ կրթության և գիտության նախարար, որպեսզի Հայաստանի բոլոր , այդ թվում  ամենափոքր  հեռավոր դպրոցներում իրականացվի այնպիսի բարձրորակ կրթություն, որ ամեն երեխայի երազելու հնարավորություն տրվի։ Երազանքիս հասնելու համար մի քանի մակարդակներով նպատակներ և քայլեր եմ մշակել: Սկզբից ցանկանում եմ մշակել կրթական նոր մոդել, հնարավորություն ունենալ դա փորձարկելու մի քանի դպրոցների օրինակով, հետո մարզի մակարդակով, հետո նաև հանրապետական մակարդակով։ Տեսնենք ինչպես կստացվի»։

 

 

 

Իսկ իր հասակակից  երիտասարդներին  խորհուրդ է տալիս չվախենալ փորձարկումներից և մեծ երազանքներ ունենալուց.   «Եվ եթե ցանկանում են բացահայտել իրենց իրական ներուժն ու միաժամանակ հայրենանվեր աշխատանք իրականացնել, ապա խորհուրդ եմ տալիս միանալ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին և գնալ ոգեշնչելու ապագան»…

 

 Զրուցեց Դիանա Բախշյանը

Դիտումների քանակը` 4045

Գլխավոր էջ