Մարիամ Օհանյան. «Մեր նպատակն է աջակցել և ոգեշնչել կինոյի ոլորտում աշխատող կանանց»
«Երբ պետք է ապագա մասնագիտությունս ընտրեի, ասացի, որ ուզում եմ ռեժիսոր դառնալ, բայց ընտանիքում պատասխանեցին, որ այդ մասնգիտությունը կնոջ համար չէ» , – պատմում է կինոռեժիսոր, «Կին» միջազգային կինոփառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանը:
Հոր առաջարկով նա ընդունվեց ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, այնուհետև ուսումը շարունակեց սոցիոլոգիայի ֆակուլտետում, բայց կինոյի հանդեպ եղած սերը չմարեց: « Համալսարանն ավարտելուց հետո « Հայֆիլմ» կինոստուդիայում որպես ասիստենտ ընդունվեցի, այդ ժամանակ դա շատ բարդ էր: Ես միշտ զգացել եմ, որ իմ սեռային պատկանելիությունը ինձ խանգարել է, քանի որ կինոյի ասպարեզում տղամարդիկ ավելի շատ են, կնոջ համար դժվար է այդ դաշտ մուտք գործելը»,- ասում է Մարիամ Օհանյանը:
2000-ականների սկզբում նա սկսեց կանանց խնդիրներին վերաբերող տարբեր թեմաներով ֆիլմեր նկարել, բայց կինոքննադատների արձագանքը հիմնականում մեկն էր՝ կանանց խնդիրները հրատապ ու կարևոր չեն, ավելի առաջնային հարցեր կան: Այս ամենը, սակայն, ոչ թե խոչընդոտ դարձավ, այլ խթան՝ նպաստելով մի կինոփառատոնի ստեղծմանը, որի շնորհիվ կին ռեժիսորները կարող էին իրենց հուզող տարաբնույթ հարցերից խոսել:
Կին ռեժիսորներներին լրացուցիչ հարթակ տրամադրելու նորարարական գաղափարը կյանքի կոչվեց 2004 թվականին, երբ Մարիամ Օհանյանի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Կին» միջազգային կինոփառատոնը, որտեղ ներկայացված բոլոր ֆիլմերի ռեժիսորները բացառապես կանայք էին: Արդեն 14 տարի անընդմեջ կինոփառատոնը համախմբում է աշխարհի տարբեր կին ռեժիսորներին մեկ վայրում՝ Հայաստանում՝ հնարավորություն ստեղծելով տեսնել աշխարհը կնոջ դիտանկյունից: Տարիների ընթացքում կինոփառատոնն ճանաչում է ձեռք բերել. անցյալ տարի ներկայացված էին 60 ֆիլմեր աշխարհի 20 երկրներից, Բացի ֆիլմերի ցուցադրություններից կինոփառատոնի ընթացքում ավանադաբար անցկացվում են նաև վարպետության դասեր, կլոր սեղաններ և քննարկումներ:
Հետաքրքիր են նաև այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանի ֆիլմը կինոփառատոնին մասնակցելու համար: Մարիամ Օհանյանի դիտարկմամբ, կարևորագույն չափանիշը ֆիլմի՝ արվեստի գործ լինելն է: « Արվեստը պահանջում է նոր ձևի փնտրում, նոր ասելիք, կարևոր է ստեղծագործության խորությունը, բազմաշերտ լինելը: Այն պետք է մարդուն ստիպի մտածել: Արվեստն է, որ աշխատում է մարդու էության հետ»,- ընդգծում է նա:
Կինոփառատոնի ժյուրիի կազմում լինում են ինչպես հայ, այնպես էլ արտասահմանից հրավիրված մասնագետներ: «Մեզ մոտ մշտապես միջազգային ժյուրի է լինում: Օրինակ՝ եղել են Գերմանիայում, Կանադայում անցկացվող կանանց կինոփառատոնների տնօրենները: Նրանք էլ ներկայացված ֆիլմերի ցանկից ընտրում են աշխատանքներ իրենց երկրում անցկացվող կինոփառատոնների համար»,- պատմում է Մարիամ Օհանյանը:
Խոսելով հայ և այլ երկրների կին ռեժիսորների ներկայացրած ֆիլմերի թեմատիկայի մասին կինոփառատոնի հիմնադիրը նկատում է, որ հայ ռեժիսորները հիմնականում չեն անդրադառնում կանանց խնդիրներին: «Չեմ հանդիպել հայ կին ռեժիսորի, որը կնոջը վերաբերող խորքային խնդիր բարձրացնի, լինի այնքան քաջ, որ խոսի դրա մասին: Ինքնացենզուրան շատ բարձր է մեզ մոտ: Այսինքն, հենց կին ռեժիսոների մեջ էլ է կարծրացած այն գաղափարը, որ կանանց խնդիրներն առաջնային չեն: Օրինակ՝ մեր հարևան երկրում՝ Իրանում թվում է, թե կանայք շատ քիչ ազատություն ունեն, բայց իրենք իրենց ֆիլմերում ավելի ազատ են կանանց հիմնախնդիրների մասին խոսելու տեսակետից, քան հայ կին ռեժիսորները» ,- ասում է Մարիամ Օհանյանը:
Ի դեպ, բոլորովին վերջերս նա հնարավորություն ունեցավ ներկայացնելու այս խնդիրները Եվրիմաժի /Eurimages -ի կողմից Երևանում անցկացված «Գենդերային հավասարությունը կինոյի ոլորտում» խորագրով ֆորումին: WomenNet.am-ի հետ զրույցում նա , մասնավորապես, պատմեց, որ կինոյի պետական ինստիտուտում դասավանդելու տարիներին ուսումնասիրություն էր կատարել ՝ հայկական կինեմատոգրաֆում գենդերային հավասարության մասին:
«Մենք լուրջ խնդիրներ ունենք կանացի կերպարների, դերասանուհիների ընտրության, կինոարտադրության մեջ կանանց առաջնորդող դերեր վստահելու հետ: Պարզ օրինակով կարող եմ ասել, որ կինոյում ներկայացվող կին կերպարները գրեթե միշտ շատ կարծրատիպային են՝ կին, մայր կամ սիրուհի: Դուք դժվարությամբ կգտնեք կին կերպարներ, որոնք մտածում են, գործում, ինչ-որ լուրջ դերակատարում ունեն սյուժեի զարգացման ընթացքում: Գլխավոր դերակատարների ընտրության հարցում ևս հետաքրքիր պատկեր ունենք. ինձ համար անհասկանալի պատճառով՝ դեռ 1930-ական թվականներից հայ տղամարդ կինոռեժիսորներն իրենց ֆիլմերի գլխավոր կանացի կերպարները, հիմնականում, ոչ հայ դերասանուհիների: Հրավիրել են նրանց Ռուսաստանից, Վրաստանից և այլն: Կին կինոռեժիսորների դեպքում մենք ունենք հետևյալ պատկերը. նրանք նկարահանում են մեկ ֆիլմ, չեն գտնում համապատասխան աջակցություն, նրանցից բացառիկները նկարահանում են իրենց երկրորդ ֆիլմը և վերջ: Շուտով նրանք դադարում են դա անել: Խտրականությունը սկսվում է ոչ թե ֆիլմարտադրության պրոցեսում, այլև՝ ֆիլմի գաղափարն առաջ տանելու, բյուջե գտնելու, այսինքն՝ ամենաառաջին փուլում»,- ասում է Մարիամ Օհանյանը և խոստովանում՝ «Կին» կինոփառատոնը իր առջև նպատակ է դրել հնարավորինս աջակցել և ոգեշնչել կինոյի ոլորտում աշխատող կանանց:
Ամփոփելով Մարիամ Օհանյանը նշեց, որ փառատոնի կարևոր ձեռքբերումներից է այն, որ իրենք, չնայած չունեն շատ միջոցներ, բայց որոշ չափով ճանաչված են արդեն: «Կին» միջազգային կինոփառատոնը այս տարի կանցկացվի արդեն 15-րդ անգամ՝ կրկին միավորելով աշխարհի տարբեր երկրների կին ռեժիսորների աշխատանքները:
Սոնա Վարդանյան
Դիտումների քանակը` 2562