Մարգարիտա Ղազարյան. «Փորձում եմ համադրել լրագրությունն ու ձեռագործությունը»

 

Լրագրությամբ զբաղվելուց բացի Մարգարիտա Ղազարյանն ուսումնասիրում է նաև հին ավանդական կարատեսակներն ու նախշերը:  Դրանք համադրելով նոր ժամանակների պահանջներին` ստեղծում է յուրօրինակ  զարդեր ու տարաբնույթ  աքսեսուարներ, (բրոշներ, ձեռագործ բացիկներ, էջանիշներ, թաղիքե ասեղնագործ խաղալիքներ…) ինչը հետզհետե վերածում է բիզնեսի: Սիրում է փորձարկումներ անել, որոնց ընթացքում ծնվում են նոր գաղափարներ:

 

 

Լրագրությունից առաջ հետաքրքրվե՞լ եք ձեռագործության տեսակներով,  թե՞ որպես լրագրող` մշակույթի հետ ունեցածն կապն է մղել:

 

-Մանկուց շրջապատված եմ եղել արհեստով զբաղվող մարդկանցով: Պապիկս շինարար էր, քեռիս դարբնությամբ է զբաղվում, իսկ  տատիկս ժամանակին գորգագործ-վարպետ է եղել: Նրա պատմություններն են ինձ շատ ոգևորել արհեստներով հետաքրքրվելու հարցում: Քանի որ մայրս ու մորաքույրս գործում-ասեղնագործում էին, ինքս էլ էի փորձում: Մինչև դպրոցական տարիքը փորձում էի շյուղերով ինչ-որ բաներ գործել, նկարում էի, հետո դպրոցում սկսեցի ասեղնագործել:

 

 

Ո՞նց եղավ լրագրությունարվեստաբանություն անցումը:  

 

 -Արդեն հասուն տարիքում ընտրեցի լրագրողի մասնագիտությունը, ինչը որոշ ժամանակով հեռացրեց ձեռագործությունից: Ապա  հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ճիշտ ժամանակին հայտնվեցին մարդիկ, ովքեր նպաստեցին, որ որոշեմ ու վերադառնամ  նախասիրություններիս: Դիմեցի ու ընդունվեցի ԵՊՀ-ի արվեստաբանության բաժին: Սկսեցի բացահայտել հայ արվեստի` այդ ժամանակ ինձ անծանոթ կողմերն ու, հետագայում դրանք կիրառել իմ աշխատանքներում: Այժմ զբաղվում եմ և՛ լրագրությամբ, և՛ ձեռագործությամբ` փորձելով լրագրողական նյութերում ևս անդրադառնալ արվեստին ու արհեստին:

 

Սարդակարի, Մարաշի, Այնթափի տեխնիկան ինքնուրո՞ւյն եք ուսումնասիրել:

 

-Երբ որոշեցի վերհիշել ասեղնագործելը, անընդհատ ինչ-որ տեղ էի փնտրում, որտեղ կարելի է սովորել: Մի անգամ հայտարարություն տեսա, զանգեցի դասերի համար: Այդ ժամանակ սիրիահայ ասեղնագործող վարպետները դեռ նոր էին ձեռագործության իրենց փորձը տարածում Հայաստանում: Եվ հենց սիրիահայ մի կին վերցրեց հեռախոսն ու հարցրեց` ո՞ր կարատեսակն եք ուզում սովորել` Մարաշ, Այնթափ, Ուրֆա…Սկսեցի ուսումնասիրել դաշտը: Հետո գրանցվեցի այլ դասերի, որտեղ երջանիկ պատահականությամբ դասավանդում էր ժողովրդական վարպես Լալա Մնեյանը, ումից շատ հմտություններ սովորեցի: Կարատեսակների մի մասը  դասերի միջոցով յուրացրի, մի մասը` ինքնուրույն:

 

Ինչի՞ց  սկիզբ առավ  այդ նախշերի ու կարատեսակների նորովի մատուցման միտքըզարդերի, խաղալիքների ու տարաբնույթ աքսեսուսարների տեսքով:

 

 

-Քանի որ ինձ համար կարևոր է ոչ միայն արհեստների տեխնիկական կողմը, այլև ստեղծագործական մոտեցումը, որոշեցի փորձարկումներ անել: Սկսեցի ինձ համար  զարդեր պատրաստել: Երբ դրանք կրում էի միշտ հարցնում էին` որտեղից է: Հասկացա, որ կան մարդիկ, ում ևս հետաքրքիր են:

 

Մաղերի նորովի գործածության մասին ի՞նչ կասեք:

 

 

-Այդ միտքն առաջացավ այն ժամանակ, երբ մեր տան մաղերից մեկը վնասված լինելու պատճառով արդեն կիրառելի չէր կենցաղում: Ուսումնասիրեցի մաղի կառուցվածքն ու հասկացա, որ այն շատ հարմար է որոշ կարատեսակներով ասեղնագործելու համար. ուրեմն ինչո՞ւ նետել…

 

 

Նախապես  մտածե՞լ եք հետաքրքրությունները  բիզնես  գաղափարի վերածելու մասին, թե՞ աշխատանքի ընթացքն է հուշել:

 

 

-Այդ մասին ամենասկզբում էլ մտածել եմ, բայց դիտարկել եմ որպես իդեալական տարբերակ, որովհետև հաճելին ու օգտակարը համատեղվում են: Շատ կանայք կան, ովքեր բազմաթիվ հմտություններ ունեն, բայց շատերը դա աշխատանք չեն համարում, չեն գնահատում միայն նրա համար, որ դրանով կինը չի վաստակում: Կարծում եմ` հրաշալի է, երբ կնոջ ներուժը չի կորչում, զբաղվում է սիրած աշխատանքով և ֆինանսական կախման մեջ չէ որևէ մեկից:  Ինձ համար տարբերակել եմ`կան աշխատանքներ, որոնց որպես արվեստ եմ վերաբերվում, կան այնպիսիք, որոնք, ի սկզբանե, վաճառքի համար են արվում:

 

 

Պարբերաբար ձեռքի աշխատանքների ցուցահադեսների եք մասնակցում. գերիշխո՞ւմ են  նորարարական  մոտեցումներով ստեղծագործողները, թե՞ արվեստի ավանդական ճյուղերին հետևողները:

 

-Ե՛վ մեկը, և՛ մյուսը, բայց մեծամասամբ փորձում են համադրել այդ երկուսը, ինչի արդյունքում  ավելի հետաքրքիր է ստացվում:

 

 

 

Հինն ու ավանդականը պահպանելու, միաժամանակ  նոր ժամանակներին համադրելու և համընթաց քայլելու մասին ի՞նչ եք մտածում: Գտե՞լ եք այդ կապը:

 

-Կարծում եմ`դա կարևոր է: Մի կողմից ավանդականը չի մոռացվում, բերվում է նոր ժամանակներ, մյուս կողմից շատ ավանդույթներ մեր օրերում արդեն կիրառելի չեն: Դրա համար պետք է մաղել ավանդականն ու, այն կարևորը ինչը կմնա, բերել նոր ժամանակ ու նորովի կիրառել: Այլ կերպ ասած դա այն կարևոր կետն է, երբ ավանդականն ու նորը իրար չեն հակասում, ավելին`քայլում են կողքի կողքի: Իմ աշխատանքներով փորձում եմ հենց այդ կապը ստեղծել:

 

 

 

Մարջան Չոբանյան

Դիտումների քանակը` 4514

Գլխավոր էջ