Լուսինե Նալբանդյան. «Օժանդակությունը կարող է լինել նաև չխանգարելու տեսքով»
Oրգանական պարարտանյութերի արտադրությամբ զբաղվող ORWACO հայաստանյան ընկերությունն աշխարհում միակն է, որը սնկարտադրությունում օգտագործված կոմպոստը վերածում է օրգանական պարարտանյութի, այն էլ՝ արտադրական ծավալներով: Նախորդ տարեվերջին ընկերությունն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության կողմից համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսական զարգացում» մրցույթի արդյունքներով հաղթողներից մեկն էր ճանաչվել: Ընկերության համահիմնադիրն ու գործադիր տնօրենը մասնագիտությամբ ագրոէկոլոգ, 33-ամյա Լուսինե Նալբանդյանն այս տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացմամբ արժանացավ նաև Գյուղմթերքի կին հերոս կոչմանը, և դա օրգանական պարարտանյութի գաղափարը կյանքի կոչելու ու տարածելու գործում նրա ջանքերի գնահատականն է:
-Առաջին աշխատանքային փորձս, որը մինչ այժմ շարունակվում է, եղել է «Հայ կանայք հանուն առողջության ու առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունում: ՀԿ-ում աշխատել եմ որպես ագրոէկոլոգ-փորձագետ, տարբեր ծրագրերի համակարգող: 2009թ.-ին ազգությամբ նորվեգացի Ռոլֆ Կերինը մեզ մոտեցավ խնդրով, որ ունեն օրգանական թափոններ, որոնք իրենցից արժեք են ներկայացնում, բայց չեն կարող այն առանց վերամշակման օգտագործել: Այդ ժամանակվանից էլ սկսվեց մեր համագործակցությունը, կատարեցինք տարբեր փորձարկումներ ու կարողացանք բիոգազի թափոններից ստանալ կենսահումուս: Հենց այդ հաջողված փորձն էլ հանդիսացավ ORWACO-ն հիմնելու պատճառներից մեկը: Դա կարելի է ասել իմ մասնագիտական երազանքն էր. թափոններին տալ երկրորդ կյանք ու դրանցից ստանալ հավելյալ արժեք: 2011թ.-ին հայ ու նորվեգացի անհատների ու ընկերությունների համատեղ ներդրման արդյունքում հիմնվեց ORWACO-ն:
– Ինչպե՞ս ընդունվեց ձեր նորարարությունը:
-Կարող եմ ասել մի բան. շատ դժվար է մեր սելիտրայալամոլ կամ հանքային պարարտանյութի սիրահար գյուղատնտեսին բերել օրգանականի դաշտ ու ներկայացնել օրգանական արտադրատեսակ: Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես ընդունվեց, չեմ կարող ասել, որ վատ: Լավ ենք ընդունվել, ավելին, բոլոր նրանք, ովքեր մեկ անգամ օգտագործում են մեր պարարտանյութը, ի ուրախություն մեզ, անպաման վերադառնում են: Իհարկե, ժամանակի ընթացքում մեր արտադրանքից օգտվողների թիվն ավելացել է, բայց ասել, որ մենք հասել ենք տարածվածության այն մակարդակին, որին ձգտում ենք, չեմ կարող: Դժվարություններ շատ են եղել: Եվ դրանք առաջին հերթին կապված են մտածելակերպի ու մոտեցումների հետ: Շատերը գյուղատնտեսությանը նայում են որպես կարճաժամկետ եկամտի աղբյուրի: Նման մտածելակերպ ունեցող գյուղատնտեսներն ու կառույցները դժվար թե հանդիսանան մեր սպառողը, որովհետև մեր պարագայում խոսքը գնում է հողը սնելու, հոգ տանելու մասին, որից հետո միայն այն կտա տևական դրական արդյունք: Մեր գործունեության դժվարություններից մեկն էլ հանդիսացել է այն, որ Հայաստանում տարիներ շարունակ սուբսիդավորվում է հանքային պարարտանյութերի, մասնավորապես՝ սելիտրայի ձեռքբերումը, ինչն էլ խոչընդոտ է հանդիսացել մեր առաջխաղացման համար: Այսինքն, բացի այն, որ մեզ համար ընդհանուր առմամբ դժվար է մարդկանց բացատրել օրգանական պարարտանյութերի օգտագործման անհրաժեշտությունն ու կարևորությունը, հավելյալ խնդիր է և այն, որ պետական սուբսիդավորմամբ գյուղացուն արդեն իսկ տրամադրել են սելիտրան և դա խանգարում է օրգանական պարարտանյութների գաղափարախոսության տարածմանը:
-Ո՞րն եք համարում Ձեր ամենահաջողված արտադրատեսակը:
-Մենք պարարտանյութերի չորս տեսակ ենք արտադրում, բոլորն էլ այս կամ այն կերպ եզակի են, բայց համար առաջին արտադրատեսակը համարում ենք կենսահումուսը, բայց ոչ թե սովորական, այլ արտադրական թափոններից ստացված: Աշխարհում նմանատիպ փորձ չկա, և սրանով արդեն իսկ միակն ենք: Բացի դրանից արտադրում ենք կենսահեղուկ, օրգանոմիքս, սուպերմիքս, որոնք նույնպես իրենց տեսակով եզակի են: Մենք գաղափարապես լուծում ենք այն բոլոր հարցերը, որոնք լուծում են նաև այլ օրգանական պարարտանյութերը, բայց մեր արտադարտեսակներն որոշակիրոեն տարբերվում են: Դրանք օգտագործվում են ամբողջ հանրապետությունում ու Արցախում, առավել մեծ սպառողական տարածում ունենք Արարատի, Արմավիրի, Արագածոտնի ,Կոտայքի մարզերում: Կարելի է ասել մենք ունենք անսահմանափակ առաջխաղացման հնարավորություն, որովհետև ներկայումս օգտագործում ենք մեզ հասանելի օրգանական թափոնների շատ չնչին տոկոսը:
-Կնոջ համար դժվա՞ր է ղեկավար լինելը:
-Չեմ կարծում, որ էական տարբերություններ կան կին կամ տղամարդ ղեկավար լինելու մեջ: ORWACO-ն հետաքրքիր, բայց թերևս ոչ կանացի համարվող ոլորտ է: Բայց սա մի աշխատանք է, որը ես սիրում եմ: Այստեղ իմ ուսերին է ոչ միայն զուտ կառավարումը, այլև տեխնոլոգիական պրոցեսների համակարգման ու իրականացման պատասխանատվությունը: Ես իմ աշխատանքը սիրով եմ անում ու երևի հենց դա էլ մեր հաջողության գրավականներից մեկն է:
-Ինչի՞ կարիք ունեք այսօր ոլորտային զարգացումն ապահովելու համար:
-Օժանդակության, որը կարող է լինել նաև չխանգարելու տեսքով: Ասել, որ կոնկրետ մտադրված խանգարում են, չէ, բայց երբ սուբսիդավորման տեսքով խրախուսվում է հանքային պարարտանյութերի կիրառումը, դա արդեն իսկ խանգարում է, որովհետև դրանով իսկ ստեղծվում են մրցակցության անհավասար պայմաններ: Որպես փոքր երկիր մենք գյուղատնտեսության ոլորտում քանակային առումով չենք կարող մրցել շատ ավելի մեծ երկրների հետ: Մենք կարող ենք մրցել միայն որակով: Իսկ որակի գրավականը օրգանական արտադրանքն է, որի համար անհրաժեշտ են օրգանական պարարտանյութեր: Կարծում եմ անհրաժեշտ է, որպեսզի երկիրը որդեգրի մաքուր ու օրգանական գյուղատնտեսության անցնելու քաղաքականություն, որի արդյունքում ստեղծված արտադրանքը հնարավորություն կունենա մրցակցելու իր որակով ու ներկայացվելու ավելի բարձր գնային կատեգորիայում: Հայաստանի գյուղատնտեսության ապագան միայն օրգանական գյուղատնտեսության զարգացման մեջ է, այլապես պարզապես անհնար կլինի մրցակցել աշխարհի գիգանտ ընկերությունների ու արտադրողներիհետ:
Գայանե Սարգսյան
Դիտումների քանակը` 2762