Ելենա Մուրադյան: «Մեծերի հոգում էլ հեքիաթը շարունակում է ապրել»
Մեր զրուցակից հոգեբան Ելենա Մուրադյանը համոզված է, որ մեծերի հոգում էլ հեքիաթը շարունակում է ապրել, և այդ համոզմունքի վրա է նա կառուցոււմ իր մասնագիտական գործունեությունը՝ օգտագործելով հեքիաթաթերապիան ոչ միայն երեխաների այլ մեծահասակների հետ հոգեբանական, հոգեշտկող և հոգեթերապևտիկ աշխատանքում:
«Երբեմն մեծերն ավելի երեխա են, քան իրենք’ երեխաները: Հեքիաթի միջոցով մեծերն ու փոքրերը կարողանում են միմյանց հասկանալ. սա մի հրաշալի երևույթ է: Հեքիաթը կարողանում է մեծերին ու փոքրերին միավորել, նրանց մեջ սեր ու ժպիտ արթնացնել, բարություն ու լավատեսություն սերմանել: Ուստի զարմանալի չէ, որ հեքիաթներն են օգնում մարդու ներաշխարհ թափանցելու միջոցով հաղթահարել ներքին մի շարք խնդիրներ՝ վախ, տրտմություն, անհանգստություն, – այսպես է ներկայացնում WomenNet-ի հետ զրույցում հեքիաթաթերապիայի մեթոդիկան ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Անձի և մասնագիտական գործունեության հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող Ելենա Մուրադյանը, ով միաժամանակ համագործակցում է «Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնի հետ: Նրա խոսքով, հեքիաթաթերապիան որպես գործնական հոգեբանության ուղղություն 2000 թվականի սկզբներին առաջին անգամ Հայաստանում ներդրել է հոգեբան, Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ Գայանե Ղազարյանը:
Ելենա Մուրադյանը՝ համագործակցելով «Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնի հետ, կատարելագործում է այդ գաղափարը՝ անցկացնելով մեծահասակների համար թերապևտիկ, բուժական պարապմունքեր, իսկ մասնագետների համար՝ վերապատրաստման դասընթացներ: Նա համոզված է, որ հեքիաթաթերապիան բարդույթներ, հոգեբանական սթրեսներ ունեցող մարդկանց համար շատ արդյունավետ մեթոդ է, քանի որ հեքիաթի օգնությամբ հնարավոր է դառնում բացահայտել ցանկացած մարդու գաղտնի վախերն ու կողմերը և գտնել իրեն անհանգստացնող խնդիրների լուծումը: Մասնագետի փոխանցմամբ, հայտնի է, որ ժողովրդական հեքիաթը բարերար ազդեցություն է ունենում մարդու հոգեվիճակի վրա, այն դաստիարակում, կրթում է անձին, նպաստում նրա հոգևոր զարգացմանը, շտկում վարքի որոշ կողմեր, զարգացնում են մտածողությունը, հիշողությունը, երևակայությունը, օգնում ազատվել լարվածությունից, հոգնածությունից և գրգռվածությունից: Հեքիաթների շնորհիվ երեխան ոչ միայն նոր գիտելիքներ է ձեռք բերում: Նա փորձում է նմանվել իր սիրելի հեքիաթի հերոսին վերապրում է նրա տխրությունն ու ուրախությունը, նրա հետ միասին հայտնվում է խնդիրների մեջ և դրանցից ելքեր փնտրում: Դրա շնորհիվ իրական կյանքում նա սկսում է իրեն զգալ ավելի պաշտպանված և ինքնավստահ` օգտագործելով դրական հերոսի կիրառած հնարքները իր խնդիրները կարգավորելու հարցում: Այս ամենը վաղուց է կիրառվում երեխաների հետ աշխատանքում: Նոր խոսքն այստեղ այն է, որ հեքիաթաթերապիայի համար չկա տարիքային սահմանափակում:
«Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնում Ելենա Մուրադյանը փորձում է կիրառել այդ մեթոդը 18 տարեկանից բարձր անձանց հետ՝ հեքիաթային տիկնիկ-թերապիայի, հեքիաթային նկարչության, ներկայացման և խաղի միջոցով հնարավորություն տալով այցելուներին հասկանալ և ընդունել սեփական անձն ու շրջապատող աշխարհն այնպիսին, ինչպիսին կա, բարձրացնել ինքնագնահատականը և փոխել ցանկալի ուղղությամբ:
-Վաղ հասակից երեխաների մոտ առկա են լինում վախեր, որոնք չբուժվելու դեպքում կարող են առողջական խնդիրներ առաջացնել և պահպանվել մինչև հասուն տարիքը: Դրանք հնարավոր է վերացնել հեքիաթաթերապիայի միջոցով, որի ընթացքում մարդուն սեփական ներաշխարհն արտահայտելու հնարավորություն է տրվում, ինչն էլ օգնում է բացահայտել նրա մոտ առկա վախը կամ խնդիրը,- ասում է Ելենա Մուրադյանը:
Նրա խոսքով, հեքիաթաթերապիայի բարերար ազդեցությունը ակնհայտ է մասնավորապես տարեց մարդկանց շրջանում տարվող աշխատանքների արդյունքում: Ի տարբերություն երեխայի, ում համար հեքիթաը նաև դաստիարակչական նշանակություն ունի, տարեց մարդու համար այն իրականությունն իր կուտակած փորձի տեսանկյունից դիտարկելու և գնահատելու միջոց է:
Տարեց մարդկանց հետ անցկացվող պարապմունքների ժամանակ կիրառվում է մի քանի տարբերակ: Հեքիաթն ընթերցում կամ պատմում է մասնագետը, որից հետո խմբի անդամներից յուրաքանչյուրը մեկնաբանում է այն յուրովի: Մեկ այլ տարբերակով արդեն ծանոթ հեքիաթի սկիզբը կարդալուց հետո յուրաքաչյուրը շարունակում է պատմել այն:
-Հեքիաթաթերապիան օգնում է բացահայտել խնդիրը, հնարավորություն է տալիս խորհել դրա շուրջ: Շատ հաճախ մարդն ինքն է գտնում խնդրի լուծումը: Տարեցների հետ այս մեթոդի կիրառման հիմնական նպատակն ու իմաստը երևույթների և հետևանքների փոխկապակցվածության հայտնաբերումն է, հեքիաթն օգնում է նրանց խորապես հասկանալ, գնահատել իրավիճակն ու ու բազմակողմանի վերլուծության շնորհիվ գտնել անհրաժեշտ լուծումը: Իսկ լուծումը կարող է հուշել նաև խմբի մյուս անդամների արտահայտած տեսակետներն ու կարծիքները: Նրանց մտածելակերպին առավել հոգեհարազատ են հայկական ժողովրդական հեքիթաները, թեև այլ ազգերի հեքիաթներին նույնպես քաջատեղյակ են, -ասում է նա:
Նրա խոսքով, հեքիաթաթերապիան հոգեպես հանգստացնում, թեթևացնում է տարեց մարդուն, վերականգնում նրա հոգեկան անդորըը, այն թույլ է տալիս դրականորեն վերաբերվել կյանքին, իր շուրջը տեղի ունեցող երևույթներին, հուսահատված մարդուն՝ հատկապես դրական ընթացք ու ավարտ ունեցող հեքիաթը ներշնչում է լավատեսություն:
-Մարդը, անկախ իր անցած ուղուց և ապրած կյանքից, անգամ նյութական կամ մերձավորների հետ ունեցած փոխհարաբերությունների դեպքում հեքիաթի շնորհիվ փոխում է հայացքներն ու մոտեցումները այդ խնդիրների հանդեպ, նա իրականությունը դիտարկում և ընդունում է ավելի հանգիստ, այլ կերպ, իրականության հանդեպ փոխվում է նրա աշխարհընկալումը», – ասում է Ելենա Մուրադյանը:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 2693