Աննա և Անահիտ Մխիթարյաններ. «Երբեք չենք ձգտել զարմացնել, թե՝ տեսե՛ք, տղամարդկանց աշխարհ ենք մտել»
Ի՞նչ է կարծրատիպը և ինչպե՞ս հաղթահարել այն: Այս հարցը քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյանների համար թերևս երբեք գլխավորը չի եղել, բայց իրենց գործունեության առաջին հարցադրումը գրեթե միշտ հենց այդ համատեքստում է . քանի՞ կին դհոլահար կամ դուդուկահար ենք ճանաչում, որ իրենց կայուն տեղն են զբաղեցրել երաժշտության ասպարեզում և հստակ քայլերով շարժվում են առաջ… Երաժշտասեր հանրության համար քույրերը հայտնի են իրենց նորովի մշակումներով, որոնց հիմքում հայկական ժողովրդական ստեղծագործություններն են, նաև աշուղական, բայց այստեղ է մեկտեղված նաև ջազը և այլ ուղղություններ, որոնք հետաքրքիր են դարձնում այդ կատարումները և՛ երիտասարդների, և՛ ավագ սերնդի ներկայացուցիչների համար: Քույրերը հաջողությամբ տեսահոլովակներ են ձայնագրում և տեղադրում համացանցում, հանդես գալիս համերգներով: Ի դեպ, Աննա և Անահիտը ամանորին ընդառաջ աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի համար կատարում-անակնկալ էին պատրաստել, որը Թանկյանը դիտել, գնահատել ու արձագանքել էր՝ նշելով, որ ուրախ է, որ Վանաձորում նման տաղանդներ կան:
–Աննա, ինչպե՞ս կանայք մտան տղամարդկանց տիրույթը համարվող այդ ասպարեզը, ինչպես սանձեցիք դուդուկն ու դհոլը:
-Սկզբում երաժշտությամբ ես եմ զբաղվել՝ ավարտել եմ Կոնսերվատորիան, տարիներ շարունակ երաժշտությունն իմ տարերքն է: Սակայն ընթացքում ինձ Անահիտի օգնությունը դարձավ անհրաժեշտ, որովհետև դուդուկին նվագակցություն էր պետք: Իսկ Անահիտի ռիթմի զգացողությունը շատ լավն է, թեև ինքը մասնագիտությամբ գենետիկ է (ծիծաղում է- Լ.Խ.): Մենք երբեք չենք ձգտել ինչ-որ բան անել, որպեսզի զարմացնենք մարդկանց, թե՝ տեսե՛ք, տղամարդկանց աշխարհ մտանք և ինչե՜ր կարող ենք անել. երբեք: Մեր ցանկությունն էր, որպեսզի մենք հանդես գանք միասին և ինչու ոչ՝ հենց այդ գործիքներով հանդես գանք: Երաժշտության մեջ ես, ինչպես ասացի, արդեն շատ վաղուց եմ, Անահիտի հետ մեր համերգային գործունեությունն ունի հինգ տարվա պատմություն: Ընթացքում հասկացանք նաև, որ կենդանի նվագակցության կարիք ունենք՝ ֆոնոգրամայով երկրից դուրս հանդես գալ չենք կարող, և արդեն մեկ տարի է, ինչ ձևավորել ենք մեր խումբը, որի հետ էլ ծրագրում ենք համերգային շրջագայություններ ունենալ նաև երկրից դուրս:
–Որո՞նք են այն խոչընդոտները, որ հանդիպել եք ու թերևս Ձեզ ամենից շատ տրված հարցը հնչեցնեմ՝ ինչպե՞ս են դհոլ–դուդուկն իրենց մենաշնորհը համարող տղամարդիկ ընդունել ձեզ իրենց շարքերում…
-Անշուշտ դա այդպես է՝ տղամարդիկ այս ասպարեզը համարում են իրենց մենաշնորհը, բայց մենք փորձեցինք այդ կարծրատիպը հաղթահարել: Ինչ վերաբերում է խոչընդոտներին, ապա մեզ օգնում է այն, որ մենք բնավորությամբ բավականին կայուն ու ամուր ենք ու դժվարություններից չենք վախենում: Եվ գուցե դա էլ օգնում է, որ մեր ճանապարհին հանդիպած ու հանդիպող խոչընդոտները հաղթահարենք: Ցանկացած բնագավառում խանգարողներ միշտ էլ հերիքում են, բայց արդարության համար պետք է նշեմ, որ լուրջ բարդություններ կամ արհեստական խոչընդոտներ չեն եղել:
–Այնուամենայնիվ, շա՞տ եք լսել «կինն ի՞նչ գործ ունի դհոլի, դուդուկի հետ» արտահայտությունը:
-Ո՜չ (ծիծաղում է)… եթե մենք թերի ձևով տիրապետեինք գործիքներին, գուցե նման արտահայտություններ լսեինք, բայց երբ մարդիկ լուրջ զբաղվում են, ինչը նաև տեսանելի է՝ նման կարծիքներ լինել չեն կարող: Իհարկե, ավանդապաշտ մարդիկ կասեն կամ գոնե մտքներում կմտածեն, որ սա կնոջ գործ չի, բայց երաժշտությունից հասկացողը, այն գնահատողն ու առավել ևս երաժշտությամբ զբաղվողը նման բան երբեք չի ասի:
–Սերը առ այդ գործիքներ գալիս է ընտանիքի՞ց:
-Ոչ, մեր գեներում չկա և գուցե դա վատ է, որ մեզ համար մեր ծնողները ճանապարհ չեն հարթել… չէ որ, երբ ընտանիքում լինում են երաժիշտներ, մասամբ որոշ ճանապարհ հարթված է լինում: Բայց մյուս կողմից՝ մենք ապահովագրված ենք նման մեղադրանքներից, թե այստեղ ենք, որովհետև…. Այսպես մենք մեր ասելիքն ենք ասում:
–Ծանոթանալով ձեր գործունեությանը, ես՝ որպես լրագրող ու որպես կին ուղերձ եմ տեսնում՝ կանայք, մի՛ վախեցեք զբաղվել սիրած գործով և առաջնորդվել սրտի կանչով:
-Շատ կարևոր հարց է…. այո, ուղերձը հենց դա է՝ անկախ բնագավառից ու անկախ իրենց մասնագիտությունից կանայք չպետք է վախենան փորձել իրենց ուժերը, փորձեն անել ավելին: Որևէ կապ չունի, թե այդ ոլորտում տղամարդիկ են աշխատում, մեծամասնությունն են, թե առհասարակ համարում են դա իրենց մենաշնորհը՝ եթե սիրում ես, եթե ցանկանում ես անել այդ գործն արա: Եվ ապացուցիր առաջին հերթին ինքդ քեզ, որ ոչ միայն կարող ես անել, այլև կարող ես լավ անել դա:
–Տեսնո՞ւմ եք այդ խնդիրը Հայաստանում, որ կանայք ոչ միշտ են կարող անել ինչ իրականում ուզում են, որ կանանց ձայնը այնքան էլ լսելի չէ:
-Այսօր շատ բան է փոխվել, իրավիճակն առաջվա նման չէ և կանայք ազատ են բարձրաձայնել իրենց ասելիքը ու անել այն, ինչ ուզում են: Իհարկե, չեմ կարող ասել, որ բոլոր կանայք են զգում այդ ազատությունը, բայց միտումն անշուշտ դրական է:
–Որո՞նք են Ձեր առաջիկա ծրագրերը:
-Վերջերս հանրությանը ներկայացրեցինք մեր հերթական տեսահոլովակը, իսկ երկրորդ տեսահոլովակը դեռ Youtube-ում չենք տեղադրել: Աստիճանաբար ձայնագրվում ենք, մեծ ցանկություն ունենք համերգներով հանդես գալ ոչ միայն Հայաստանի մարզերում ու հեռավոր գյուղերում, այլև պատրաստվում ենք արտերկրում համերգների՝ ծրագրում ենք շրջագայել Հայաստանից դուրս:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 3236