Ինչպե՞ս են քվեարկել կանայք եւ տղամարդիկ
Հետաքրքիր փաստ է պարզվել՝ նորընտիր Ազգային ժողովում կին պատգամավորների ամենացածր ներկայացվածությունը ապահոված «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին քվեարկած ընտրողների մեծամասնությունը կանայք են եղել: Համենայն դեպս, դա են վկայում մայիսի 6-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը , Հայաստանում առաջին անգամ իրականացված «exit poll» -ի արդյունքները:
Ինչպես հայտնի է, հարցումը կազմակերպվել էր հայտնի Gallup համաշխարհային ասսոցիացիայի կողմից: Ընտրատեղամասերից դուրս եկող քաղաքացիներին ընդամենը մեկ հարց էին ուղղում ՝ թե որ կուսակցության օգտին են քվեարկել: Հարցմանը մասնակցել էին 22 հազար ընտրող, սակայն համաձայնվել է պատասխանել է հարցվածներից 12 հազարը: 10 հազար հոգի հրաժարվել են, ինչը կազմում է 40 %: Այս թիվը 15 %-ով ավելի է այլ երկրների հետ համեմատած: Gallup ասոցացիայի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արամ Նավասարդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դա նաև ինչ-որ իմաստով կանխատեսելի էր , եթե հաշվի առնենք, որ «Էքզիթ-փոլ»-ը առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում և մարդիկ, բնական է , զգուշանում էին…
Բոլոր դեպքերում հարցումը հնարավորություն տվեց ոչ միայն նախքան քվեարկության արդյունքները հրապարակելը իմանալ ընտրությունների մոտավոր պատկերը, այլ նաև պարզել ինչպես են քվեարկել այս կամ այն կուսակցության օգտին կանայք և տղամարդիկ:
«Exit poll» -ի արդյունքներով կանայք ավելի շատ են համակրում ԲՀԿ-ին : Այս կուսակցության օգտին քվեարկած ընտրողների մեծ մասը կանայք են եղել:
«Անշուշտ, հստակ բացատրություն, թե ինչու են կանայք և տղամարդիկ տարբեր կերպ քվեարկել այս կամ այն կուսակցության օգտին, չենք կարող տալ: Չենք էլ կարող ասել, թե ինչու է կանանց և տղամարդկանց ձայների խզումը հատկապես բարձր եղել հենց «Բարգավաճ Հայաստանի» դեպքում, սակայն կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ի քարոզարշավում էմոցիոնալ հենքն էր ուժեղ , ինչով էլ արժանացավ կանանց համակրանքին», – կարծում է Ա. Նավասարդյանը:
Ի տարբերություն ԲՀԿ-ի, ՀԱԿ-ին տղամարդիկ են ավելի շատ են ձայն տվել: Կին ընտրողներից միայն 5.3 %-ն են իրենց ձայնը տվել ՀԱԿ-ին, իսկ տղամարկանց՝ 7.9 %-ը:
Գրեթե հավասար քանակությամբ կանայք ու տղամարդիկ են քվեարկել ՀՅԴ-ի օգտին. 5.5% տղամարդիկ, 4.7%-ը՝ կանայք:
Կանայք ավելի շատ են վստահել նաև ՕԵԿ-ին: ՕԵԿ-ին ձայն են տվել կին ընտրողների 6.4%-ը, տղամարդկանց՝ 5.2%-ը:
Գրեթե նույն պատկերն է նաև «Ժառանգություն» կուսակցությունում. 6.9% կանայք ենք ընտրել, 5.9 %-ը՝ տղամարդիկ:
Գրեթե հավասար քանակությամբ են ընտրել Հանրապետական կուսակցությանը. «Էքզիթ փոլ»-ի արդյունքներով կին ընտրողներից 42.5%-ն իրենց ձայնը տվել են ՀՀԿ-ին, տղամարդ ընտրողներից՝ 43.3 %-ը:
Այդուհանդերձ, Ա. Նավասարդյանի կարծիքով ընդհանուր առմամբ կուսակցությունների ընտրական քարոզարշավները բովանդակային առումով չէին փայլում. «Եթե գնահատենք էֆեկտիվության ու բովանդակային մասով հինգ բալանոց սանդղակով, ապա ամենաբարձր կարելի է գնահատել «երեք». կուսակցություններից և ոչ մեկ հինգ չի կարող ստանալ»,- նշեց Ա. Նավասարդյանը :
Մարիամ Մուղդուսյան
Դիտումների քանակը` 4356