Անի Կոջոյան. «Հայկական սերիալները բռնությունների ու գենդերային կարծրատիպերի հավաքածու են»

Կանանց միջազգային օրվա  կապակցությամբ  պետական պարգևի շնորհումը հայկական սերիալների սցենարիստներից մեկին  բուռն քննարկումների առարկա դարձավ  սոցցանցերում … Չխորանալով ծավալված բանավեճի շարժառիթների մեջ նշենք, որ իրականում դրա հիմքում ոչ թե անձի նկատմամբ վերաբերմունքն է , այլ  Հայաստանի  եթեր հեռարձակվող  հեռուստասերիալների բովանդակության  և նրանց միջոցով քարոզվող  կասկածելի արժեքների վերաբերյալ մտահոգությունն է:  Մեր զրույցը գենդերային հիմնախնդիրների հետազոտող Անի Կոջոյանի հետ   սերիալներում  կանանց  նկատմամբ բռնության և գենդերային կարծրատիպերի  ակնհայտ քարոզչության մասին է : WomenNet.am-ը առիթ է ունեցել անդրադառնալ  այդ նույն  խնդրի շուրջ  Անի Կոջոյանի և Աննա Գևորգյանի դեռ  2013-2014 թվականներին իրականացրած  հետազոտությանը : Այստեղից և մեր առաջին հարցը՝   ինչն է  փոխվել այսօր, տարիներ անց …

 

– Իմ անձնական դիտարկմամբ, այս պահին առնվազն 16 հեռուստասերիալ է հեռարձակվում հայկական հեռուստաալիքներով: Ժանրերն են փոխվել այդ սերիալների, երբ մենք ուսումնասիրում էինք, այդ ժամանակ սիտքոմ (անգլ.՝  situation comedy – կատակերգություն ըստ իրավիճակի) ժանրի կամ նմանատիպ սերիալներ քիչ կային: Այսինքն՝ ժանրային առումով կատակերգական սերիալները նորություն են Հայաստանի համար: Բայց բովանդակային առումով դարձյալ բռնությունների ու գենդերային կարծրատիպերի հավաքածու է: Մյուս կողմից էլ շարունակվում են 2013-14 թթ. սերիալների ոճին ու բովանդակությանը հարազատ սերիալների թողարկումը, որտեղ կան բռնության բոլոր տեսակները՝ սպառնալիք, վիրավորանք, հայհոյանք, ֆիզիկական բռնություն… Դարձյալ կանայք ներկայացվում են կամ որպես տնային տնտեսուհի կամ հարուստ ինչ-որ մեկի կինն է, ով չի աշխատում: Եվ վերջերս որպես նորություն ներկայացվում է նաև աշխատող մի կին («Նռան հատիկը»), ով դարձյալ ճնշվում է և սեռական ոտնձգությունների ենթարկվում:

 

– Փաստորեն, անգամ չնչին դրական փոփոխություն չի՞ եղել:

 

– Եղել է, իսկապես չնչին փոփոխություն: Նախկինում «Արմենիա TV»-ի սերիալներում գլխավոր դրական կերպարը բռնարար էր և շատ վատ էր վերաբերվում իր կնոջը կամ ընկերուհուն և միայն սերիալի ամենավերջում էր ավելի դրական վերաբերմունք ցուցաբերում: Հիմա հեռարձակվում է մի սերիալ («Մեղրամիս»), որտեղ սցենարիստը գլխավոր հերոսին հնարավորություն է տվել կեսից փոխվել, նա դարձյալ բռնարար է, սակայն գոնե սերիալի կեսից փոխում է իր վերաբերմունքը ընտանիքի անդամների նկատմամբ: 

 

– Սցենարիստները հաճախ արդարանում են՝ ասելով, որ իրենք ցուցադրում են այն, ինչ հասարակությունն է ուզում տեսնել՝ վկայակոչելով իրենց սերիալների բարձր վարկանիշները: Սակայն հարց է, թե արդյո՞ք հեռուստադիտողները ունեն իրական ընտրություն, երբ երեկոյան ժամերին գրեթե բոլոր հեռուստաալիքները բացառապես սերիալներ են հեռարձակում: 

 

– Սերիալները հեռարձակվում են հիմնականում աշխատանքային ժամից հետո մինչև ուշ երեկո: Աշխատանքից հոգնած տուն վերադարձած մարդը այդ ժամերին հանգստի կարիք ունի և հեռուստաընկերությունը ամենամատչելի ժամանցն է այսօր: Իրենց ժամանցը կազմակերպելիս մարդիկ պարզապես ընտրություն չունեն, եթե չունեն գումար՝ սրճարան կամ այլ վայրեր այցելելու: Փաստորեն, շատերը պարզապես չունեն այլընտրանք, քան այդ սերիալներից որևէ մեկը դիտելը: Եվ երեխաները ևս հաճախ պարտադրված նայում են այդ սերիալները, քանի որ դա է միացված նրանց տանը: 

 

 

-Մեկ այլ բացատրություն էլ է  հնչում  սցենարիստների կողմից, ասում են, որ իրենց սերիալներում իրականությունն է արտացոլված և պետք չէ իրենց մեղադրել, իրականությունն է այդպիսին: Համամի՞տ եք իրենց հետ:

 

– Մեր սցենարիստները սենյակում փակվում ու գրում են հերթական սերիայի սցենարը և հետո դա ներկայացնում են որպես իրականության արտացոլում: Սակայն դա հաճախ մեկ անձի պատկերացումներն են՝ հինված իր անցյալի ու մշակույթի վրա: Սերիալ կա, որի սցենարիստը տարիներ շարունակ ԱՄՆ-ում է ապրել: Հիմա նա ո՞ր հասարակության իրական պատկերն է փորձում արտացոլել՝ հայաստանյա՞ն, թե՞ ամերիկյան: Մեր հասարակության բազմաթիվ խմբեր իրենց խնդիրներով պարզապես դուրս են թողնված հայկական սերիալներից: Օրինակ հիշո՞ւմ եք մի սերիալ, որտեղ ուսանողի կերպար լիներ՝ իր խնդիրներով: Կամ  Գենդերային խզման  գլոբալ զեկույցի տվյալներով՝ Հայաստանը սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թվով 144 երկրներից 143-րդ հորիզոնականն է զբաղեցրել: Եթե սցենարիստները չգիտեն, որ կա այդպիսի խնդիր կամ գիտեն, սակայն գոնե 200 սերիայից որևէ մեկում դրան չեն անդրադառնում, ապա նրանք շատ կտրված են մեր իրականությունից: 

 

 

– Ինչպիսի՞ն է մոտեցումը սերիալներին այլ երկրներում և ինչո՞վ են օտարերկրյա սերիալները տարբերվում հայկական արտադրության սերիալներից:

 

– Ամբողջ աշխարհում հեռուստասերիալների ազդեցիկությունը օգտագործվում է սոցիալական խնդիրներ բարձրացնելու համար, օրինակ, մարմնավաճառության, թմրամոլության, թրաֆիքինգի և այլ խնդիրների  վերաբերյալ խոսելու համար: Դրանցով նաև բարձրացվում է հասարակության իրազեկվածության մակադրակը: Իսկ հայաստանյան սերիալները չափից շատ են կենտրոնացած հերոսների նեղ անձնական խնդիրների վրա: Ընդ որում, հերոսներն էլ խիստ ընտրովի են և չեն ներկայացնում մեր հասարակության բոլոր խմբերին:

 

 

– Վերջին տարիների հայկական եթերը հեղեղվեց հնդկական սերիալներով: Գենդերային բռնության և կարծրատիպերի առումով սրանք ավելի վա՞տն են, քան հայկական արտադրության սերիալները, թե՞ հակառակը:

 

– Հնդկական սերիալները իսկապես նվաճեցին հայկական եթերը: Այսօր հնդկական սերիալների վարկանիշն ավելի բարձր է, քան տեղական արտադրության սերիալներինը: Այն որ հնդկական սերիալները ավելի շատ դիտողականություն են ապահովում, պետք է ազդակ լինի հայկական սերիալ արտադրողների համար: Հնդկական սերիալներում բռնության տեսարաններն այդքան դաժան ու իրական չեն: Այնտեղ այնքան գրոտեսկային է ներկայացվում բռնության տեսարանը, որ հեռուստադիտողը հասկանում է, որ սա բեմադրված է և ոչ իրական: Հայկական սերիալներում անգամ բռնաբարության տեսարանն այնպիսի դաժանությամբ են ցուցադրում, որ դա կարող է ազդել հեռուստադիտոների, հատկապես երեխաների հոգեկան առողջության վրա:

 

 

– Ինչ խորհուրդներ կարո՞ղ ենք տալ իրավիճակը բարելավելու ուղությամբ:

 

– Նախ, ցանկալի է, որ սցենարիստները մասնագիտական կրթություն ունենան:  Երկրորդ, շատ կարևոր է, որ սերիալներում սոցիալական խնդիրներ բարձրացվեն: Մեր սցենարիստները շատ անձնական են ընդունում քննադատությունը և անմիջապես սկսում են պաշտպանվել: Սակայն քննադատությանը իրենց անձին չի վերաբերում, այլ իրենց արած աշխատանքին: Քաղաքացիական հասարակությունն անընդհատ պիտի բարձրաձայնի սերիալներում բռնության ու կարծրատիպերի առկայության հարցը, մինչև որ մենք կհասնենք փոփոխության:

 

 

Զրուցեց Արման Ղարիբյանը

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 Հեռուստադիտողը սիրո՞ւմ է կին ծեծող տղամարդկանց

«Ամենամտահոգիչն այն է, որ սերիալների հեղինակները դրական կերպարներին են օժտում բռնարարի հատկանիշներով»

Հայկական սերիալների խեղված արժեքները / տեսահոլովակ

 Կնոջ կերպարը մեդիայում / վիդեո

«Կնոջ կերպարը հայ մամուլում»

Կնոջ կերպարը հայկական գովազդում – ինչպիսի՞ն է այն

Փրկեք ձեր դուստրերին/ վիդեո

«Սերիալում՝ կինը որպես երկրորդ սորտի մարդ է ներկայացվում»…/վիդեո

Հայկական սերիալներում տոտալ ագրեսիա է քարոզվում

«64 կանանց կերպար եւ միայն մեկ կին, ում ոչ ոք չի ծեծում, նվաստացնում…»

«Որոշեք, որ կատեգորիային եք պատկանում»…

 

Դիտումների քանակը` 4566

Գլխավոր էջ