Մարտի 8. «Ժամանակն է եկել վերափոխելու կանանց կյանքը»
2018 թվականի Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի թեման ու հիմնական մեսիջն է . «Ժամանակն է եկել. գյուղական եւ քաղաքային ակտիվիստները վերափոխում են կանանց կյանքը »:
Այս տարի Կանանց միջազգային օրը հատկանշական է կանանց իրավունքների, հավասարության եւ արդարության համար աննախադեպ գլոբալ շարժման վերելքով: Սեռական ոտնձգությունների, բռնության եւ կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքը լրատվամիջոցների խորագրերում է և հանրային քննարկումների կենտրոնում՝ առաջ բերելով փոփոխությունների վճռականությունը:
Մարդիկ աշխարհում համախմբվում են ապագայի համար, որն ավելի հավասար է: Դա դրսևորվում է տարբեր քարոզարշավների ձևով, որոնց թվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում ծագած #MeToo շարժումը սեռական ոտնձգության և բռնության դեմ, #YoTambien-ը արշավը Մեքսիկայում, Իսպանիայում, Հարավային Ամերիկայում և այլ երկրներում, #QuellaVoltaChe Իտալիայում, #BalanceTonPorc-ը Ֆրանսիայում և #Ana_kaman- ը Արաբական պետություններում, ֆեմիցիդների դեմ Արգենտինայում ծագած «Ni Una Menos» արշավը և այլ շարժումներ կանանց քաղաքական ներկայացուցչությունից մինչև հավասար վարձատրության հարցերի շուրջ:
Այս տարվա Կանանց միջազգային օրը նշանավորում է գյուղական եւ քաղաքային վայրերում այն ակտիվիստներին, ովքեր աշխատում են անդադար` կանանց իրավունքները պաշտպանելու և նրանց լիարժեք ներուժը գիտակցելու համար: ՄԱԿ-Կանայք գործակալությունը կոչ է անում միանալ ակտիվիստներին ամբողջ աշխարհում և ճիշտ օգտագործելու պահը կանանց կյանքը վերափոխելու նպատակով: Ժամանակն է եկել…
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձում Կանանց միջազգային օրվա կապակցությամբ շեշտադրվում է նաև տղամարդականց դերը կանանց ներուժի լիարժեք իրացման հարցում, քանի որ դա բխում է ողջ հասարակության շահերից.
«Գենդերային հավասարությունը մարդու իրավունքների հարց է, ինչպես նաև բխում է մեր բոլորի շահերից՝ տղամարդկանց և տղաների, կանանց և աղջիկների: Գենդերային անհավասարությունը և կանանց նկատմամբ խտրականությունը մեզ բոլորիս է վնասում : Բազմաթիվ ապացույցներ փաստում են, որ կանանց աջակցելը համայնքների, ընկերությունների և նույնիսկ երկրների զարգացմանն օժանդակելու ամենաարդյունավետ տարբերակն է: Կանանց ներգրավվածությամբ խաղաղության համաձայնագրերն ավելի ազդեցիկ են դառնում, հասարակությունը՝ ավելի ճկուն և տնտեսությունները՝ ավելի ծաղկուն: Այնտեղ, որտեղ կանանց նկատմամբ խտրականություն է կիրառվում, հաճախ հանդիպում ենք անպիսի գործելակերպի կամ համոզմունքների, որոնք վնասաբեր են բոլորիս համար: Երեխայի խնամքի համար հայրերին տրվող արձակուրդը, ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքները և աշխատանքի հավասարապես վարձատրման օրենսդրությունը օգտավետ են բոլորիս համար: Կանանց իրավունքների պաշտպանության այս վճռական փուլում ժամանակն է, որ տղամարդիկ կանգնեն նրանց կողքին, լսեն ու սովորեն նրանցից: Հպարտ եմ, որ այս շարժման մաս եմ կազմում, և հուսով եմ, որ այն կշարունակի իր հնչեղությունը ՄԱԿ-ում և ողջ աշխարհում», – ասված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ուղերձում :
Դիտումների քանակը` 2385