«Մերս քեզ ինչ անում ա, դեռ քիչ ա, ավելի շատ պիտի ծեծի»…
Մարիամ Գեւորգյանը արդարություն է պահանջում / վիդեո
«Մարմինս վառել են, լեզուս վառել են, քիթս կոտրել, պատառաքաղով ձեռքերս ծակծկել են», – Մարիամ Գեւորգյանը ցույց է տալիս իր մարմնի վրա նախկին ընտանիքից մնացած «ժառանգությունը»: 23-ամյա աղջկա հիշողության մեջ եւ մարմնի վրա դեռեւս թարմ են 2010 թվականին սկսեսուրից ու ամուսնուց ստացած հարվածների ու խոշտանգումների հետքերը: «Սկեսուրս ինձ ծեծում էր, որովհետեւ կարծում էր, որ ես վատ հարս եմ, որ փնթի եմ, ամեն անգամ մի պատճառ գտնում էր ինձ ծեծելու համար, իսկ ամուսինս ասում էր` մերս քեզ ինչ անում ա, դեռ քիչ ա, ավելի շատ պիտի ծեծի»,- պատմում է Մարիամը:
Մայիսի 29-ին` ժամը 14:00-ին, Վեդիի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու Մարիամ Գեւորգյանի գործով դատական նիստը: Փաստաբան Նոնա Գալստյանը կարծում է, որ լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունն այս նիստին շատ կարեւոր է, քանի որ գործի առավել թափանցիկությունը կնպաստի արդարացի դատավճիռ կայացնելուն:
Մարիամի սկեսուրը` Հայկանուշ Միքայելյանը, մեղադրվում է խոշտանգման եւ դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելու մեջ, իսկ ամուսինը` Դավիթ Սիրոյանը, մեղադրվել է ծեծի համար, սակայն ազատ է արձակվել համաներմամբ:
«Իրենց ամբողջ ընտանիքը պետք է պատժվի»,- ասում է Մարիամ Գեւորգյանը, ով որոշել է մինչեւ վերջ պայքարել: Ի տարբերություն Մարիամի` Դավիթ Սիրոյանի առաջին կինը` Մելինե Բայաթյանը, հետ է վերցրել իր մեղադրական ցուցմունքները: «Մելինեին էլ են ծեծել, նա ինձ ասում էր` «դու հլը հեշտ ես պրծել, իմ աչքն են վնասել, ես հլը էնքան բան ունեմ դատարանում պատմելու», բայց հիմա ինքն ամեն ինչ հերքում է»,- ասում է Մարիամը:
Փաստաբան Նոնա Գալստյանը նշում է, որ մեղադրյալն ու նրա նախկին հարսը, ով հրաժարվել է ցուցմունքներից, ցանկանում են, որպեսզի դատաքննությունը դռնփակ ընթանա: Գալստյանն այստեղ վտանգավոր միտում է տեսնում, քանի որ կարծում է, որ «դռնբաց քննությունը կարող է էական ազդեցություն ունենալ գործի արդար դատաքննության եւ մեղադրյալի նկատմամբ համաչափ պատժի նշանակման համար»:
Նոնա Գալստյանը ներկայացրեց նաեւ նախաքննական մարմնի բացթողումների վերաբերյալ իր դիտարկումները: «Մենք անհամաձայնություն ունենք նշանակված դատաբժշկական փորձաքննության հետ, քանի որ այն նշանակվել է քննիչի կողմից շատ ավելի ուշ, քան կարող էր: Փորձագետի կողմից տրվել է եզրակացության, որ չկա դեմքի անջնջելի այլանդակում, այն դեպքում երբ ակնհայտ է, որ նախքան ծեծն ու դրանից հետո արված լուսանկարներում պարզ երեւում է, որ կա դեմքի անջնջելի այլանդակում, որը կարող էր վերացվել միայն պլաստիկ վիրահատությունից հետո, ինչը Մարիամն արդեն արել է»:
Մարիամ Գեւորգյանի շահերը պաշտպանող փաստաբանը նշում է, որ փորձագետը նաեւ հաշվի չի առել կնոջ ականջների վրա առկա սպիները:
«Բացի այդ, գտնում ենք, որ ամուսնու արարքներին ճիշտ իրավական գնահատական չի տրվել եւ այստեղ մենք որոշակի միտում ենք տեսնում նախաքննական մարմնի կողմից` ամուսնուն քրեական պատասխանատվությունից ազատելու հարցում»,- ասում է փաստաբանը եւ նշում, որ առաջին դատական նիստի ընթացքում Դավիթ Սիրոյանը ոչ պատճաշ վարքագիծ է դրսեւորել, փորձել է խոչընդոտել լրագրողների աշխատանքը:
Նոնա Գալստյանը Մարիամի հետ տեղի ունեցած դեպքը որակում է որպես տիպիկ ընտանեկան բռնության օրինակ եւ ընդգծում, որ ՀՀ-ում բացակայում է «Ընտանեկան բռնության մասին» օրենքը, որի պատճառով էլբռնության ենթարկված կանայք հաճախ անպաշտպան են մնում: «Երբ կինը դիմում է ոստիկանություն` տեղեկացնելով, որ իրեն բռնության են ենթարկում ընտանիքում, ոստիկանությունը քրեական գործ չի հարուցում, մինչեւ չեն լինում բռնության հետքեր, լուրջ վնասվածքներ կամ մահ»…
Հ.Գ. – Մարիամ Գեւորգյանի գործով մտահոգված են նաեւ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ն եւ Թուֆենկյան հիմնադրամը: Վերջինս էլ ապահովում է ընտանեկան բռնությունից տուժած կնոջ փաստաբանական եւ հոգեբանական աջակցությունը:
Արման Ղարիբյան
Դիտումների քանակը` 8327