Կանադահայ Անյա Փողարյանը ստեղծում է կյանք փոխող դիալիզի սարք

Ծագումով հայ երիտասարդ մոնրեալցին մի հայտնագործությամբ է հանդես եկել, որը կարող էր փրկել անթիվ-անհամար կյանքեր ամբողջ աշխարհում: 17-ամյա Անյա Փողարյանը   ներկայացրել է «Կատարիր ինքդ» դիալիզի մեքենան, որն արժե 500 դոլար, ինչը մի քանի անգամ մատչելի է  $ 30,000 արժողությամբ սովորական դիալիզի մեքենայի հետ համեմատությամբ:

 

 Դիալիզը «երիկամների անբավարարության բուժում է, որը ֆիլտրի օգնությամբ հեռացնում է թափոնները և լրացուցիչ հեղուկները արյան միջից», – բացատրում են  Երիկամների ազգային կենտրոնի մասնագետները: Այն կիրառվում է այն ժամանակ, երբ երիկամները չեն կատարում իրենց գործառույթը, ինչպես նաև շաքարախտի, բարձր արյան ճնշման կամ գլոմերուլոնեֆրիտների (երիկամների քրոնիկ բորբոքում) դեպքում և կարող է տևել շուրջ չորս ժամ: 

 

Անյա  Փողորյանը, ով  կամավոր է եղել հիվանդանոցային դիալիզի բաժանմունքում, տեսել է, թե որքան էներգիա է պահանջվում հիվանդներից շաբաթական մի քանի անգամ իրենց նշանակումները ստանալու համար: Այն սարքը, որը նա ստեղծել է, կարող է օգտագործվել այդ ամենի փոխարեն տանը: Փողարյանը մշակել է այդ սարքը՝ կարդալով երիկամի դիալիզի մեքենաների առցանց ձեռնարկները: Նա այժմ ստացել է ամառային պրակտիկայի հնարավորություն Hema-Québec կազմակերպությունից, որը զբաղվոմ է  նահանգի արյան մատակարարման և այլ բժշկական  խառայություններով ու արտադրանքով, և կկարողանա փորձարկել իր  մոդելը  լաբորատորիայում:

 

Horizon Weekly-ից Մանուկ Ալեմյանը հարցազրույց է վերցրել Անյա Փողարյանից:

 

-Ի՞նչպես ծագեց ու իրականություն դարձավ  գաղափարը:

-Միշտ հետաքրքրված եմ եղել բժշկությամբ  և առողջությամբ:  Ինովացիայի իմ անձնական պատմությունը սկսվեց, երբ ես մի քանի տարի առաջ՝ 16 տարեկանում  կամավոր էի տեղի հիվանդանոցում՝ որպես դիալիզի հիվանդների ուղեկցորդ, և երիկամների անբավարարության դեպքում արյունը ֆիլտրելու հիմնական միջոցը դիալիզն էր: Դիալիզի հիվանդների հետ հիվանդանոցում անցկացրած իմ ժամանակը ոգեշնչեց ինձ փորձելու մշակել հիվանդների համար ավելի  մատչելի դիալիզի սարք:  Սկսեցի ընթերցել դիալիզի մասին, և մի բան պարզ դարձավ. ամբողջ աշխարհում կա այս բուժման մեծ անհրաժեշտություն և դրա հասանելիության բացակայություն: Ես պարզապես չէի հավատում, որ Հնդկաստանում և Պակիստանում ապրող դիալիզի կարիք ունեցող հիվանդների մոտ 90 տոկոսը չեն կարող օգտվել այդ կյանք փրկող բուժումից: Կամ էլ 2002-ից մինչև 2012 թվականը Նիկարագուայի շրջանում բոլոր տղամարդկանց մահացությունների 46% -ը առաջացել է երիկամների հիվանդության պատճառով: Ուստի մտածեցի. «Ինչու՞ բավարար չափով չի արվում ինչ-որ բան  նրանց օգնելու ուղղությամբ»: Իսկ եթե ես փորձեմ»: Ինքնուրույն մշակեցի սարքի նախագիծը, և իմ դպրոցը այն ընտրեց Մոնրեալի տարածաշրջանային Էքսպո-Գիտության տոնավաճառին ներկայացնելու համար: Սա հանգեցրեց Տարածաշրջանային գիտական ցուցահանդեսին և, վերջապես, Կանադայի գիտնականների ցուցահանդեսին, որտեղ ինձ շնորհվեց բրոնզե մեդալ: Հիմա՝ 2 տարի անց, ես դեռևս դժվարին  աշխատանք եմ կատարում փորձարկումների ուղղությամբ և այդ սարքի լիարժեք գործարկումը  դարձել է իմ երազանքը:

 

– Պատկերացնում եմ` ինչպես դա կարող է փոխել բժշկական արդյունաբերությունը: Ի՞նչ եք կարծում, որոնք են դրա հնարավոր հետևանքները ապագայում:

Ես դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու նախագծային փուլն ամբողջովին անցնելու և հաղթահարելու համար, բայց ամեն լավ նախաձեռնություն պետք է առաջին քայլ ունենա: Մտածե’ք մի պահ դրա մասին. իմ ոգեշնչումը չի բխում նախկին բժշկական նախագծերից կամ ճարտարագիտության գործերից: Այն առաջացել է դիալիզով հիվանդների հետ ժամանակ անցկացնելուց: Ես բժիշկ կամ ճարտարագետ չեմ: Ես ուսանող եմ ձեր բոլորի նման, պարզապես բավականին հաջողակ, քանի որ ինձ համար հասանելի են եղել տեխնոլոգիաները և նորարարությունները, որոնք թույլ են տալիս հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Այսօրվա դրությամբ 30 հոգի ամբողջ աշխարհից մոտեցել են ինձ իմ դիալիզի սարքը ձեռք բերելու համար կամ իրենց կամ իրենց հարազատների համար: Կարող եմ միայն պատկերացնել, թե այս ծրագիրը ուր կարող է գնալ՝ ստեղծելով ավելի լավ ապագա աշխարհի համար:

 

Ինչպե՞ս  ձեզ զգացիք, երբ ավարտեցիք ձեր նախագիծը և երբ հասկացաք, որ դուք ստեղծել եք այս նոր մեքենան, որը թույլ է տալիս հիվանդներին խնայել բուժման վրա ծախսվող գումարները և միաժամանակ ապրել:

– Ինձ համար հիանալի էր գիտակցել, որ 17 տարեկանում ես կարողացել եմ բժշկական սարքավորում ստեղծել իմ նկուղում և լրիվ ինքնուրույն: Սա իմ առաջին գիտական  ծրագիրն էր, և ես չգիտեի, թե ինչպիսին կլինի արձագանքը: Պարզվեց, որ նախագծի վրա ծախսած ամբողջ ժամանակն իսկապես արժեր այն:

 

– Ձեր մրցանակին արժանանալուց և սոցիալական մեդիայի միջոցով գնահատվելուց հետո ինչպե՞ս եք զգում:

 – Չափազանց ոգևորված: Եվ զգացի, որ նախագծի վրա ծախսած ամբողջ ժամանակն իզուր չէր: Մարդիկ ամբողջ աշխարհից կապվեցին ինձ հետ, որպեսզի շնորհավորեն ինձ: Ինձ համար անհավանական փորձ էր: Ես հաճելիորեն զարմացած էի՝ տեսնելով ընդամենը մի քանի բացասական կարծիքներ առցանց քննարկումներում և ֆորումներում: Ինձ համար մեծ զարմանք էր մի առավոտ արթնանալ և նախագծի մասին ավելի քան 8 լեզուներով տասնյակ հոդվածներ գտնել:

 

–  Ձեզ դիմել են որևէ հիվանդանոցից կամ կառավարությունից: Եթե այո, ապա ի՞նչպիսին էր նրանց արձագանքը:

Մարդիկ, կազմակերպությունները, գիտական համայնքները գնահատում են այն, ինչ անում եմ, դիալիզի սարք ստեղծելը, որը կարող է էապես հասանելի դարձնել չափազանց անհրաժեշտ բուժումը սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրներին: Ես գիտեմ, որ թեև գաղափարը գեղեցիկ է, սակայն մոդելը դեռ պատրաստ չէ հիվանդների վրա կիրառմանը: Ես դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու  նախագծային  ամբողջական փուլն անցնելու համար, բայց ամեն լավ նախաձեռնություն պետք է ունենա առաջին քայլ:

 

Աղբյուրը՝ Horizonweekly

Դիտումների քանակը` 5232

Գլխավոր էջ