Օրվա ֆիլմը . «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի»

 

Ռեժիսոր ՝ Մարտին Մակ Դոնահ / Martin McDonagh /

Սցենարը՝ Մարտին Մակ Դոնահ

Կոմպոզիտոր՝ Քարտեր Բյորուել

Գլխավոր դերերում՝ Ֆրենսիս Մակ Դորմանդ, Վուդի Հալերսոն, Սեմ Ռոքուել, Ջոն Հոուքս։

 

… Հուսալքված միայնակ մայր Միլդրեդ Հեյզը հարազատ քաղաքի ոստիկանների դեմ պայքարի է դուրս գալիս, համոզված լինելով, որ «օրենքի ծառայողները» առանձնապես ջանք չեն գործադրում բացահայտելու եւ գտնելու ամիսներ առաջ տեղի ունեցած հանցանքը իր դեռահաս աղջկա նկատմամբ, ում դաժանաբար բռնաբարել եւ սպանել էին:  Իրավապահների անգործությունից զայրացած կինը քաղաքի մուտքի մոտ ոստիկանությանն ու շերիֆ Բիլի Ուիլոբի հասցեին սուր քննադատական գրություններով գովազդային վահանակներ է վարձում։ Այս իրադարձությունն աննկատ չի մնում եւ շուտով պայքարի դուրս եկած կնոջ ու քաղաքային իշխանությունների միջեւ թեժ դիմակայություն  է սկսվում…

 

 

«Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» Ֆիլմը 7 անվանակարգերում ներկայացված է  մարտի 5-ին կայանալիք  «Օսկար»-ի  մրցանակաբաշխությանը։ Այս տարվա հունվարին   ֆիլմն արդեն իսկ 4 մրցանակ ստացավ   «Ոսկե գլոբուս»  մրցանակաբաշխության ժամանակ:  Փետրվարին այն նաև  Մեծ Բրիտանիայի կինո և հեռուստաարվեստի ակադեմիայի (BAFTA) մրցանակի արժանացավ  « Լավագույն ֆիլմ» անվանակարգում:   «Շատ դեպքերում մեր ֆիլմն օգնում է մարդկանց հույս գտնել, բայց միևնույն ժամանակ, դա ֆիլմ է զայրույթի մասին, և մենք այս տարի մի քանի անգամ տեսել ենք, որ հաճախ զայրույթը դառնում է միակ ճանապարհը, որը մարդկանց ստիպում է լսել մեկ ուրիշի կարծիքը և փոխվել, ուստի մենք հիացած ենք, որ BAFTA-ն մեր ֆիլմն անվանեց լավագույնը», – ասել է ֆիլմի ռեժիսոր Մարտին Մակ Դոնահը: 

 

 

Ասում է   ֆիլմի գաղափարը դեռ  քսան տարի առաջ էր ծագել, երբ   ավտոբուսով գնում էի հարավային Ամերիկայի ինչ-որ նահանգով եւ  տեսավ գովազդային վահանակի վրա մի տեքստ: «Հետո մեկ ուրիշ վահանակ տեսա։ Խոսքերում կային զայրույթ, ցավ։ Թե կոնկրետ ի՞նչ էր այդ վահանակների վրա գրված, ես այս պահին լավ չեմ հիշում։ Բայց այդ վահանակների ուղերձները  մեծ տպավորություն գործեցին ինձ վրա: Մոտ տաս տարի ես ոչինչ այս թեմայով չարեցի, սակայն միտքը ցավի մասին, որ ստիպել է այդ մարդուն նման բան անել, ինձ հանգիստ չէր թողնում։ Միեւնույն ժամանակ ես ուզում էի գրել մի պատմություն, որի կենտրոնում կլիներ հետաքրքիր եւ ուժեղ կնոջ կերպար։ Այս ֆիլմում ինձ համար կարեւորը հումանիզմն է։ Ֆիլմում կա հումոր եւ հույս, սակայն այն ողբերգություն է։ Ինձ հաճախ հարցնում են, թե ո՞նց եմ կարողացել ողբերգությանը հումոր խառնել, պատասխանում եմ, որ այդ հումորը՝ Իռլանդիայից է», – պատմում   է  ռեժիսորը։

 

Պատրաստեց ՝ Աշխեն Քեշիշյանը

 

 

«Մտածեցի, որ վատ չէր լինի ստեղծել նման մի կերպար, որին կձգտեն նմանվել նաև աղջիկները»…

 

Հատված ֆիլմի ռեժիսոր Մարտին ՄակԴոնահի հետ  հարցազրույցից. 

  

— Այնպիսի հերոսներ, ինչպես Միլդրեդն է, ֆիլմերում հաճախ չես հանդիպի: Հե՞շտ էր նրան հորինել:

 

-Իրականում այս սցենարը շատ հեշտ գրվեց: Միայն հաճույք էր աշխատել նման պերսոնաժի հետ: Միլդրեդը մտնում է սենյակ և ինչ-որ բան պահանջում, և նա ոչ մեկից և ոչնչից չի վախենում: Հակառակը` այդ ինքը կարող է վախեցնել և ոչ թե ֆիզիկական ուժով կամ զենքով, այլ խոսքով: Սցենարը գրելիս ես մտածում էի այն մասին, որ դեռահաս տարիքում շատ կուռքեր ունեի դերասանների շրջանում` Ռոբերտ Դե Նիրո, Մարլոն Բրանդո,  Ջեյմս Դին,  Մոնտգոմերի Կլիֆտ… նրանք բոլորը «զիլ տղաներ»-ի դերեր էին տանում, որոնց ձգտում ես նմանվել: Բրանդոյի կերպարը անջնջելի տպավորություն էր թողնում 12-ամյա տղաների վրա. բոլորն ուզում էին նրա նման քայլել, կանգնել, խոսել ինչպես նա: Իսկ ահա աղջիկները նման «զիլ» կանանց օրինակներ չունեին: Անգամ հզոր կանանց կերպարներում չկար այդ կուռքային ներուժը: Եվ ես մտածեցի, որ վատ չէր լինի ստեղծել նման մի կերպար, որին կձգտեն նմանվել նաև աղջիկները:

 

-Դուք որևէ կասկածներ չե՞ք ունեցել ֆիլմի անվան մասով:

 

— Ոչ, ես ոչ մի վայրկյան չեմ կասկածել: Ես կարող էի այն ավելի երկար անել, ինձ դուր է գալիս, որ ֆիլմի անվանումը այդքան երկար, անշուք ու փոքր-ինչ հիմարոտ է, ինչպես և ես: Բայց փոխարենը դրանում կա հիշվող ինչ-որ բան: Հիշեք «Թռիչք կկվի բնի վրայով»  հայտնի  ֆիլմը…

 

 

 

«Ոչ մի ճիշտ արարք բացատրության կամ ներողամտության կարիք չունի»:  

 

Հատված  ֆիլմի գլխավոր  դերակատար Ֆրենսիս ՄակԴորմանդի հետ հարցազրույցից. 

 

 

-Պատահել է, որ զգաք, որ Ձեզ հետ ինչ-որ իրավիճակում անարդար են վարվել և որ Ձեր ձեռքը պետք է վերցնեք արդարության համար պայքարը 

 

-Ինչ-որ առումով ես իմ ամբողջ կարիերան կառուցել եմ դրա վրա: Երբ երիտասարդ դերասանուհի էի, ինձ ասում էին` դու, իբրև թե, այն չես, չունես բնատուր տաղանդ և այլն: Դե, ես էլ մի ցանկ կազմեցի այն ամենից, թե ինչ են ինձ ասել ու ինչ ես չեմ հանդիսանում: Ես որոշեցի, որ ինչ-որ փուլում ինձ այդ ամենը պետք կգա, և ես «պետքական» կդառնամ: Այնպես որ սա մեծ նվեր է ինձ Մարտինից, որ 60 տարեկանում ես կարողացա ցույց տալ իմ պրոֆեսիոնալ ներուժի խորությունն ու մարմնավորել մի կնոջ, որը ճակատագրի հեգնանքով տարբերվում է այն բոլոր հերոսուհիներից, որոնց տեսել եք էկրանին: Ես զգում եմ, որ սա է իմ պատասխանը իմ մասնագիտության անարդարություններին:

 

-Ֆիլմերում կանայք, բախվելով դժվարություններին, սովորաբար հույսը դնում են փրկիչ-տղամարդկանց վրա, այսպես ասած ` սպիտակ ձիով ասպետների: Իսկ ձեր հերոսուհին շշմեցուցիչ է, նա այնքան վստահություն է մարմնավորում…

 

— Ես շատ  եմ  զոհի կերպարում  կանանց մարմնավորել: Բայց նրանց բոլորի մեջ ես ավելին եմ ներդրել, քանի որ դա ես եմ:  Եվ այս սցենարի ամենամեծ պարգևը կայանում է նրանում, որ թեև դուք տեսնում եք, որ իր կյանքի տարբեր փուլերում Միլդրեդը եղել է զոհի կարգավիճակում, բայց այն պահից, երբ որոշում է գործել, պետք չէ կասկածել` ոչինչ և ոչ ոք նրան այլևս չի կանգնացնի: Մենք սովոր չենք դա տեսնել կին պերսոնաժների մոտ, նրանք միշտ որոշակի կաշկանդվածություն ունեն, իսկ մենք չէինք ցանկանում, որ Միլդրեդը ինչ-որ բանի համար ներողություն խնդրի:  Իմ սիրած արտահայտություններից մեկը բասկետբոլրի մարզիչ Ռէդ Աուէրբախին է պատկանում. «Ոչ մի ճիշտ արարք բացատրության կամ ներողամտության կարիք չունի»:  

 

-Այսօր աղմկահարույց սեքսուալ սկանդալների ֆոնին ձեր ֆիլմը կարող են ընդունել որպես ֆեմինիստական: Իսկ Դուք ինչպե՞ս եք կարծում:  

 

— Այո, ես գիտեմ, մենք այսօր միայն դրա մասին ենք խոսում: Բայց  ես չեմ համարում այս ֆիլմը ֆեմինիստական բանավեճի մաս և չեմ կարծում, որ իմ հերոսուհին` Միլդրեդը ֆեմինիստուհի է կամ ֆեմինիզմը նրան հետաքրքրում է: Ես այդպես իր մասին չեմ մտածում: Նա ուղղակի արդարություն է տենչում: Նա ստում է, նա նետում է «Մոլոտովի կոկտեյլ» և, Աստված իմ, հրդեհում է ոստիկանության բաժանմունք: Ճիշտ է, այսօր, երբ   ֆիլմն  ավարտված է ,  ես ինչ-որ բաներ այլ կերպ եմ տեսնում: 

 

-Ի՞նչ եք կարծում, այն բանից հետո, երբ կինոարտադրությունը «սև ցուցակ»-ի մեջ  է ներառել այն տղամարդկանց, ովքեր մեղադրվում են սեռական  ոտնձգությունների մեջ , դերասանուհիների համար լավ դերերը կավելանա՞ն թե կպակասե՞ն:

 

— Ազդեցիկ մարդիկ և հանդեսատեսը պետք է պահանջեն, որպեսզի լինեն ավելի շատ ֆիլմեր, որոնց էպիկենտրոնում կլինի կինը: Այդպիսի կինոն փող է սարքում և մարդիկ ցանկանում են դա նայել: Բայց միայն լավ սցենարներով, առանց կարծրատիպերի: Վերցրեք «Լեդի Բյորդը», «Երեք բիլբորդները»:  Լա’վն են: Ես 60 տարեկան եմ, ես ֆեմինիստուհի եմ դարձել 15 տարեկանում: Այսօր տեղի է ունենում մշակութային հեղափոխություն, որը շարունակում է 1970-ականների ֆեմինիստական շարժումը և անգամ սուֆրաժիստուհիների շարժումը: Այնպես որ շրջանակը փակվեց: Մենք բոլորի համար հավասարության կողմնակիցն ենք, մենք սեռերի հավասարության և աշխատանքի հավասար վարձատրության կողմնակիցն ենք:

 

— Մեր օրերում կյանքի մեծ մասն անցնում է սոցիալական ցանցերում: ԱՄՆ նախագահը մարդկանց դիմում է Twitter միջոցով: Գուցե ձեր ֆիլմը նոր թրենդ հաղորդի` ուղերձներ  բիլբորդների միջոցով: Եթե Դուք բիլբորդ վարձակալեիք, ապա ի՞նչ կգրեիք դրա վրա:  

 

—Ես Twitter-ի և մնացած բոլոր սոցիալական ցանցերի վախճանն եմ ցանկանում: Եվ բիլբորդի վրա կգրեի` «Twitter, սատկի’ր» (ծիծաղում է): Կարծում եմ, որ ամեն մարդ  պետք է կարողանա նորմալ նամակ գրել և քաղաքային հեռախոսով օգտվել: Իսկ բիլբորդները, ի դեպ, գովազդի օգտակար տեսակ են: Ես շատ եմ ճամփորդում Միացյալ Նահանգներով և դրանք ամենուր են: Ինձ դուր են գալիս օգտակար բիլբորդները…  

 

Աղբյուրը՝  Kinopoisk.ru 

Դիտումների քանակը` 3280

Գլխավոր էջ