Արտերկրում աշխատող ՀՀ դեսպաններից ընդամենը չորսն են կին
Մարտի 2-ը Հայաստանում նշվում է որպես Դիվանագետի օր: Տոնն ամրագրված է «ՀՀ հիշատակի օրերի մասին» օրենքով 2012 թվականից: Մասնագիտական տոնն ընդունված է կապակցել այն կարևոր իրադարձության հետ, որը լավագույնս է փոխանցում դրա խորհուրդը: Այնպես որ օրը խորհրդանշական է. 1992 թ. հենց մարտի 2-ին Հայոց Եռագույնը սկսեց ծածանվել Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի առջև ու Հայաստանը կրկին ինքնիշխան պետությունների մեծ ընտանիքի մաս կազմեց:
ԱԳՆ-ի տվյալներով, 2017թ. դեկտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 175 պետության հետ: Արտերկրում Հայաստանն ունի հավատարմագրված 43 ռեզիդենտ դեսպան, ովքեր համատեղության կարգով հավատարմագրված են ընդհանուր առմամբ 73 երկրում: ՀՀ մշտական ներկայացուցիչներ են նշանակված 22 միջազգային կազմակերպություններում: Արտերկրում գործում են ՀՀ 9 գլխավոր հյուպատոսություն, 1 հյուպատոսական կետ և 39 պատվավոր հյուպատոս :
Հայաստանի տարբեր երկրներ գործուղված դեսպանների թվում կանայք ընդամենը չորսն են, ինչը մոտ 7% է կազմում: Մինչդեռ, դիվանագիտության պատմության մեջ հենց հայ կինը՝ Դիանա Աբգարը, ով 1918 թվականին նշանակվեց Ճապոնիայում Հայաստանի առաջին հանրապետության պատվավոր դեսպան, հիշատակվում է որպես աշխարհում առաջին կին դեսպան: Այս պահին կին դեսպաններ են նշանակված Իտալիայում, Վիետնամում և Ինդոնեզիայում:
Ի դեպ, երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով դեսպանների փոփոխություն է կատարվել, ինչի հետևանքով այդ պաշտոնում նշանակված հինգ կանանցից մնացել են չորսը: Կին դեսպաններից մեկն ազատվել է պաշտոնից, մյուսը տեղափոխվել այլ երկիր: Խոսքը Ձյունիկ Աղաջանյանի ու Աննա Աղաջանյանի մասին է: Վերջինն ազատվել է Ինդոնեզիայում ու Մալայզիայում ՀՀ դեսպանի պաշտոնից: Առայժմ որևէ այլ պաշտոնում նշանակվելու մասին լուրեր չկան: Նա Ինդոնեզիա էր գործուղվել 2013-ի դեկտեմբերին, այդ երկում ՀՀ դեսպանատունը պաշտոնապես գործում է 2014-ի հունվարից:
Հարցազրույցներից մեկում Աննա Աղաջանյանը բավականին հետաքրքիր դիտարկումներ էր արել հատկապես կին դիվանագետի խնդիրների վերբերյալ, նշելով , որ դրանք տարբերվում են ցանկացած այլ բնագավառում առաջխաղացման ձգտող կանանց խնդիրներից: «Միայն այն, որ բարձր պետական կամ խոշոր միջազգային ընկերության ղեկավար պաշտոնում կնոջ նշանակումը դառնում է մամուլի ուշադրության առարկա, ինձ թվում է, վկայում է հենց այն մասին, որ նման երևույթները դեռ առօրյա չեն դարձել: Գաղտնիք չէ նաև, որ դիվանագիտության մեջ շատ հարցեր լուծվում են պաշտոնական բանակցությունների սենյակից դուրս, և որ «տղաները» միշտ հնարավորություն ունեն հանդիպելու ոչ պաշտոնական մթնոլորտում: Ջակարտայում, օրինակ, շատ հարցեր կարգավորվում եմ գոլֆ խաղալու ժամանակ: Այդուհանդերձ, պետք է ասեմ, որ այսօր Ջակարտայում հավատարմագրված է 13 կին դեսպան, և մենք փորձում ենք որոշ իրավիճակներում միմյանց աջակցել` մանավանդ, հաշվի առմելով, որ դիվանագիտական կորպուսի դուայենը նույնպես կին է: Ուշագրավ է, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո դիվանագետների հետ իր առաջին պաշտոնական հանդիպումը նախագահ Ջոկո Վիդոդոն կազմակերպեց հենց «կին դիվանագետներ» խմբի հետ», – ասել է նա:
Աննա Աղաջանյանի փոխարեն Ջակարտայում կաշխատի Ձյունիկ Աղաջանյանը, ով մինչ այդ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանն էր: Հոլանդիայում դեսպանի պաշտոնում նա աշխատել է յոթ տարի: Նախագահի հրամանգրով նա ազատվել է նաև Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից: Նիդերլանդների Թագավորությունում դեսպան է նշանակվել Գարեգին Մելքոնյանը, ով մինչ այդ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալն էր:
Այսպիսով, Հայաստանից տարբեր երկրներ գործուղված դեսպաններից ընդամենը չորսն են կին:
Վիկտորիա Բաղդասարյանը , Իտալիայում ՀՀ դեսպան է նշանակվել 2016-ի մայիսին: Ծնվել է 1976թ. սեպտեմբերի 22-ին: Նորանշանակ դեսպանը սովորել է Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանում (1994 թ.), Լոնդոնի առևտրի և արդյունաբերության պալատում (1996 թ.), Սորբոնի համալսարանում՝ բիզնեսի իրավունք/միջազգային իրավունք մասնագիտացմամբ (2000թ.), Վերսալի փաստաբանների դպրոցում (2002թ.):
2000-2005 թթ. որպես փաստաբան աշխատել է Deloitte & Touche ընկերությունում: 2006-2016 թթ. Accor խմբում (ներկայում՝ Edenred) զբաղեցրել է միջազգային զարգացման տնօրենի պաշտոնը: Տիրապետում է իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին: Ֆրանսիայում հայ իրավաբանների միության անդամ է:
Ձյունիկ Աղաջանյանը , Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2011 թ. փետրվարի 8-ին, մինչ այդ՝ 2010-2011 թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի խորհրդական 0 թթ. ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ, 2007-2011 թթ. Կանանց հարցերով խորհրդի անդամ, Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, ՀՀ-ում մարդականց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի ղեկավար:
Ռաիսա Վարդանյանը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել ՀՀ Նախագահի 2013 թ. հուլիսի 16-ի հրամանագրով: Նա Քաղաքական գիտությունների թեկնածու: Հակամարտությունների կարգավորման և միջազգային հարաբերությունների շուրջ մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է: Զեկույցներով հանդես է եկել բազմաթիվ միջազգային համաժողովներում: Երկու որդի ունի:
Էսթերա Մկրտումյանը ներկայացնում է Հայաստանը Արգենտինայում, 2017-ին համատեղության կարգով դեսպան է նշանակվել նաև Ուրուգվայում, Չիլիում և Պերուում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը: Աշխատանքային կարիերան սկսել է 2002 թվականից ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության առաջատար մասնագետից: 2012թ. ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով: Ունի մեկ դուստր:
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Դիանա Աբգար – աշխարհի առաջին կին դեսպանը
«Պատմությունն ուրացել է հայ կնոջը »
Առաջին հանրապետության կին պատգամավորները/ տեսանյութ
10 հայուհիներ, ովքեր փոխեցին պատմության ընթացքը…
Առաջին կինը Բրիտանիայի խորհրդարանում: սրամտությունն ու սկանդալները
Դիտումների քանակը` 2796