Ի՞նչ փոփոխությունների է ենթարկվելու Աշխատանքային օրենսգիրքը

Ինչպես հայտնի է,   վարչապետ Կարեն Կարապետյանի   հանձնարարությամբ  ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը  պետք է  արմատական բարեփոխումների ենթարկվի:  Փոփոխությունների նախագիծը դեռ անցյալ տավա նոյեմբերին  էր հրապարակվել ու հանրային քննարկումների որոշակի փուլ անցել, շուտով կհասնի նաև Ազգային ժողով: Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների  շուրջ WomenNet.am-ը զրուցել է  ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Թադևոս Ավետիսյանի հետ:

 

-Պարոն Ավետիսյան, ո՞րն է Աշխատանքային օրենսգիրքը հերթական անգամ փոփոխությունների  ենթարկելու հիմնական պատճառը: Վերջին անգամ  մեծածավալ փոփոխությունները օրենսգրքում կատարվել են 2015 թվականին…  

 

-Օրենսգրքի վերջին  փոփոխություններից հետո ևս, իրավակիրառական պրակտիկան ցույց է տալիս, որ առկա է որոշ  դրույթների շարունակական բարելավման ու կատարելագործման անհրաժեշտություն՝ նաև աշխատանքային հարաբերությունների կարգավորման առավել ճկուն մեխանիզմներ նախատեսելու տեսանկյունից:  Նախարարությունը մշտապես ուսումնասիրում և մոնիթորինգի է ենթարկում այն բոլոր բողոքներն ու ահազանգերը, որ ստանում ենք թե՛ աշխատողներից, թե՛ գործատուներից, թե՛ արհմիություններից: Այդ ամենի արդյունքում ակնհայտ են դառնում այն դրույթները, որոնք փոփոխության կարիք ունեն կամ խնդրահարույց են: Բացի այս, մենք պարբերաբար ուսումնասիրում ենք նաև միջազգային փորձը, ժամանակակից միտումները, որ տեղի են ունենում ոլորտում, և ահա վերջին տարիներին, այդ թվում նաև զարգացած երկրներում տեսանելի է, որ տեղի է ունենում աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրության որոշակի ազատականացում, կոշտ կարգավորումների որոշակի թեթևացում, որի արդյունքում, անշուշտ,  պահպանվում է կողմերի իրավունքների պաշտպանությունը: Չմոռանանք նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները. Հայաստանն Աշխատանքի միջազգային կազմակերպության անդամ է, միացել ենք Եվրոպական վերանայված սոցիալական խարտիային և պարբերաբար զեկույցներ ենք ներկայացնում մեր  օրենսդրության վերաբերյալ, ստանալով առաջարկություններ, որպեսզի այն համապատասխանեցվի  այդ կազմակերպությունների կոնվենցիաներին և մյուս փաստաթղթերին:  Փոփոխությունների  գործընթացը ուղղակիորեն առնչվում է նաև հանրության զգալի շերտի ՝ կանանց շահերին, քանի որ օրենսգրքում հոդվածներ ունենք հատուկ մայրության պաշտպանության մասով, երեխա խնամող մայրերի իրավունքների և հավելյալ սոցիալական երաշխիքների մասով և այլն:

 

Փոփոխությունների նախագծով  աշխատավայրում սեռական ոտնձգություններն արգելող  դրույթ է նախատեսվում, ինչը մեկ անգամ չէ, որ մատնանշվել է   հատկապես  ՄԱԿ-ի  Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի  կողմից…

 

-Նախագծում ներառել ենք երկու կարևոր դրույթ, որոնց հիմքում Աշխատանքի միջազգային կազմակերպության 111 և 29 կոնվենցիաներն են: Մի դրույթը վերաբերում է աշխատանքային հարաբերություններում խտրականության բացառմանը, այդ թվում ըստ սեռի, ռասայի, ազգության, դրան ավելացվել են ֆիզիկական,  հոգեկան և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված արարքները կամ դրա սպառնալիքները:   Երկրորդը  վերաբերում է  պարտադիր աշխատանքի բացառմանը եւ  այդ հասկացության  սահմանմանը և լիարժեք կարգավորմանը: Հայտնի է, որ խտրականությունը և հարկադիր աշխատանքը բացառված են մեր երկրի Սահմանադրությամբ, ինչպես նաև որպես սկզբունք ամրագրված են օրենսգրքով, բայց միջազգային կառույցների կողմից անընդհատ առաջ էր քաշվում այն միտքը, որ անհրաժեշտություն կա առանձին կարգավորել այդ խնդիրը՝ հատկորոշելով, թե ո՞րն է խտրականությունը և ո՞րն է այն հարկադիր աշխատանքը, որոնք արգելվում են: Այդ սահմանումները բերել ենք նախագծով:

 

-Հիմնական մտահոգությունը, որ առկա է այս փոփոխությունների հետ կապված այն է, որ չափազանց ազատականացումը աշխատանքային փոխհարաբերություններում ուժեղացնում է գործատուին ու թուլացնում աշխատողներին: Տեսնո՞ւմ եք այդ ռիսկերը:

 

-Ես համաձայն չեմ այդ գնահատականի հետ, քանի որ հակառակն է՝ ոչ թե ուժեղանում է գործատուի դիրքերը ի հաշիվ մյուս կողմի, այլ ստեղծվում է օբյեկտիվ հնարավորություն օրինական, ֆորմալ դաշտում աշխատանքային հարաբերությունները ձևակերպելու, աշխատավարձի չափը ցույց տալու հետ կապված, ինչն առաջին հերթին պետք է հենց աշխատողին: Ես գաղտնիք չեմ ասի, որ Հայաստանում աշխատավարձի գրված թիվն ու իրականում վճարվողը շատ հաճախ էապես չեն համապատասխանում մեկը մյուսին: Բայց մենք չենք կարծում, որ դա բացառապես կարգավորման խնդիր է, այստեղ կա նաև բարդ, կոշտ կարգավորումների ազդեցության ռիսկը: Օրինակ, երբ պետական կարգավորմամբ սահմանվում են հավելումների նվազագույն չափեր և գործատուին պարտադրվում է, որ վճարի այդ չափի կամ ավելի բարձր հավելումներ՝ անկախ ոլորտից,  աշխատողների որակավորումներից  կամ աշխատանքի արդյունավետությունից,  օբյեկտիվ հնարավորություն չի ստեղծվում աշխատողի հետ միասին բանակցելու և բանակցային եղանակով աշխատավարձի ճիշտ չափը որոշելու համար: Եվ դրա արդյունքում է, որ մենք ունենք այսօր ստվերային և՛ աշխատանք, և՛ վարձատրություն: Ի՞նչ է առաջարկվում նախագծով: Առաջարկվում է այն, ինչը զարգացած երկրները տասնամյակներ կիրառում են՝ կողմերը պետք է բանակցեն, քանի որ աշխատանքային պայմանագրի հենքը  բոլոր դեպքերում ՝ լինի դա գործազրկության բարձր կամ ցածր մակարդակում, գործատուի կամ աշխատողի ուժեղ կամ թույլ պարագայում,  պետք է բանակցությունները լինեն: Այսինքն՝ մարդն ինքն է որոշում, թե այդ գործը ինչ գումարով պետք է անի…

 

-Բայց պրակտիկորեն Հայաստանում գործատուն է թելադրում խաղի կանոնները ու մի շարք հանգամանքներով պայմանավորված, այդ թվում նաև Ձեր հիշատակած գործազրկության բարձր մակարդակի հետևանքով ,  աշխատողները գրեթե միշտ ոչ շահավետ դիրքում են գտնվում …

 

 -Երբ այս օբյեկտիվ իրավիճակից դուրս փորձում ենք ինչ-որ կոշտ միջամտություններ անել, թվացյալ, թե մենք դրանով օգնում ենք աշխատողին, որպեսզի նրա աշխատավարձը բարձրանա կամ փորձում ենք երաշխիքներ բերել, հակառակվելով շուկայական տնտեսական և բանակցային արդյունավետ այն մեխանիզմներին, որ ընդունված են աշխարհում, ունենում ենք այդպիսի արդյունքներ: Մենք ասում ենք, որ միասին պետք է պայմանավորվեն ու այն հավելման չափը, որ կգտնեն, որ անհրաժեշտ է, դա ամրագրեն աշխատանքային պայմանագրում: Միջազգային մասնագետները դրական են գնահատել այս նախագիծը, միակ մտավախությունը եղել է այն, որ հանկարծ չնվազի աշխատողների այսօր սահմանված աշխատավարձերը: Բայց  մեր վերլուծություններն ու ընդհանուր իրավիճակը ցույց է տալիս, որ չի կարող նվազել, քանի որ, նախ, ունենք ստվերային վարձատրություն և դա փաստ է, բացի այդ ունենք երաշխիք, որն ամրագրված է նույն օրենսգրքով, որ վարձատրությունը գործատուի ցանկությամբ, առանց էական պայմանների փոփոխության, չի կարող իջեցվել, քանզի դա կդիտարկվի ոչ իրավաչափ՝ իր բոլոր հետևանքներով: Եվ վերջապես երրորդ, որ ամենակարևորն է՝ մենք ստեղծում ենք հնարավորություն, որ մարդիկ իրենց պայմանավորվածը գրեն փաստաթղթում, որպեսզի հետագայում, ասենք, չվճարման դեպքում դատարան դիմելու հիմք լինի:

 

-Պարոն Ավետիսյան,  այսօր գործող Աշխատանքային օրենսգրքով այս ամենը արձանագրված է՝ ստվեր չպիտի լինի, գործատու-աշխատող փոխհարաբերությունները պետք է փաստաթղթային հիմք ունենան և այլն, բայց արատավոր երևույթներն աշխատանքի շուկայում չեն նվազում: Ո՞րն է այն երաշխիքը, որ իրավիճակը կփոխվի և ի պատասխան աշխատողի պահանջին, որը Դուք այդքան կարևորում եք ու դնում ազատականացման հիմքում, չի հետևի գործատուի պատասխանը՝ «չես ուզում գնա՝ շատ ուզող կա»…

 

-Ստվերային զբաղվածությունը մի քանի կարևոր գործոններով է պայմանավորված և հիմնականը կարգավորումն է՝ ինչքան կարգավորումը բարդ է, այնքան հիմքեր է ստեղծում, որ խուսափեն այդ կարգավորումներից: Սա ակնհայտ է: Եվ նախագիծը, որը իրավական  փոփոխություններ է նախատեսում, լուծում է այս հարցերը: Երկրորդ հիմնական մակրոգործոնը պետական ու ոչ պետական վերահսկողության պակասն է աշխատանքային  հարաբերությունների նկատմամբ, այսինքն՝ պետության ու աշխատողների շահերի պաշտպան կազմակերպությունների կողմից:  Ես կարծում եմ, որ աշխատանքային հարաբերությունների պետական վերահսկողության տեսանկյունից որոշակի ոլորտներ դեռ բաց են և կարիք կա, որպեսզի այդ ոլորտները ներառվեն այդ գործընթացում, բայց շատ կարևոր է նաև ոչ պետական վերահսկողությունը և մեր նախագիծը հենց միտված է խթանելու, որպեսզի ոչ պետական վերահսկողությունը տեղից շարժվի և իրական արդյունքներ ունենանք:

 

-Գաղտնիք  չէ, որ բավականին լուրջ իրավիճակ է գյուղատնտեսության ոլորտում, որտեղ հիմնական աշխատուժը կանայք են, բայց նրանց գերակշիռ մեծամասնությունը գրանցված աշխատողներ չեն: Ինչպե՞ս է պետությունը լուծելու այս խնդիրը՝ ապահովելով նրանց իրավունքների ու սոցիալական երաշխիքների իրացումը:

 

-Լավ հարց է, բայց եկեք խնդիրը տարբերակենք: Նախ, կանայք, որոնք աշխատում են իրենց հողի վրա համարվում են ինքնազբաղվածներ և այդ դեպքում գյուղատնտեսությունը եկամտահարկով չի հարկվում և դա չի էլ համարվում աշխատանքային ստաժ: Բայց եթե որևէ ֆերմերի մոտ վարձու աշխատանք է կատարվում, ապա այս պարագայում պետք է ձևավորվեն աշխատանքային հարաբերություններ…

 

Բայց մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ թե՛ ստվերն է սովորական բան, թե՛ այն, որ կինն աշխատում է իր ազգականի կամ մտերիմի մոտ և չի կարող պահանջել աշխատանքային հարաբերությունների ամրագրում իրավաբանորեն… 

 

-Ես հասկանում եմ, թե ինչ նկատի ունեք, բայց այս մասով… կարող եմ ասել միայն  հետևյալը. մենք փորձում ենք կարգավորումները պարզեցնել, հատկապես փոքր ձեռնարկատիրությունների համար և կարծում ենք, որ դա կնպաստի, որպեսզի այդ նույն գործատուները, որոնք այսօր ոչ ֆորմալ դաշտում են աշխատում, անցնեն ֆորմալ դաշտ, իսկ դրանից, բնականաբար կօգտվի նաև աշխատողը և կլուծվի ձեր կողմից մատնանշված խնդիրը: Բայց ընդհանուր առմամբ գյուղատնտեսական զբաղվածության վրա, նկատի ունենալով, որ խոսքը հիմնականում ինքնազբաղվածության մասին է, Աշխատանքային օրենսգիրքը չի տարածվում:

 

Ե՞րբ նախագիծը կմտնի Ազգային Ժողով:

 

-Ներկայումս նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ քննարկման և կարծում ենք, որ մեկ ամսվա ընթացքում նախագիծը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը, մանավանդ, որ փաստաթուղթը բազմաթիվ քննարկումների փուլով անցել է, այդ թվում նաև հանրային հատվածի հետ:

 

Լիա Խոջոյան

 

Դիտումների քանակը` 3413

Գլխավոր էջ