Մեղավորների փնտրտուք. ինչպիսին են իշխող կուսակցության գնահատականները
Մամուլը հեղեղված է Երևանի ավագանու նիստում փետրվարի 13-ին տեղի ունեցած միջադեպի մասին մեկնաբանություններով, որոնք մտորելու հիմք են տալիս: Ընդ որում, խոսքը ոչ միայն Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամների կողմից հնչեցված մեկնաբանությունների , այլ իշխող կուսակցության այլ անդամների կողմից տրված գնահատականների մասին է, որոնք, ի տարբերություն առաջիններին, այնքան էլ միանշանակ չեն…
Կանայք արդարացնու՞մ են կնոջ նկատմամբ ուժի կիրառումը
Հիշեցնենք, որ ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի մասին առաջիններից մեկը արտահայտվեցին ՀՀԿ խմբակցության կին անդամները , ովքեր փորձեցին արդարացնել տղամարդկանց պահվածքը, ասելով, որ իրենք ամեն ինչ «ճիշտ են արել»՝ կանխելով «ահաբեկչությունը»: Այդ արդարացումները սակայն շատ բացասական ընդունվեցին հանրության, այդ թվում այն բնակիչների կողմից, ում բողոքի ձայնը փորձում էր հնչեցնել «Երկիր Ծիրանի»-ն: Հատկապես սոցիալական ցանցերում անընդունելի համարեցին բռնության արդարացումը ՀՀԿ խմբակցության կանանց կողմից, ովքեր սահմանափակվելով «Երկիր Ծիրանի»-ից իրենց գործընկերուհիների դատապարտմամբ՝ ոչ մի խոսքով չանդրադարձան միջադեպի պատճառ հանդիսացած բնակիչների խնդրին ու ընդհանրապես կանանց նկատմամբ բռնության անընդունելիությանը: «ՀՀԿ խմբակցության որոշ կանայք այնպիսի զուգահեռներ ու համեմատություններ էին հնչեցնում, կարծես թե, «Երկիր Ծիրանի» անդամների ձեռքում ռումբ էր ու նրանք պատրաստվում էին պայթեցնել քաղաքապետարանը», – գրել է օգտատերերից մեկը, ում զարմացրել էր կատարվածի հոկտեմբերի 27-ի հետ համեմատությունը: Իսկ Նուբարաշենի բնակիչներին վրդովվեցրել էր ՀՀԿ խմբակցության կին անդամներից մեկի ասածը, որ «նիստերի դահլիճում կարող էին հղի կանայք լինել», որոնց վրա վատ կանդրադառնար կեղտաջրով տարայի պարունակությունը: «Նա ո՞նց կարողացավ նման բան ասել: Այսինքն, այս հինգ շենքում հղիներ չկա՞ն: Ուզում է ասել՝ այս հինգ շենքում բոլորը որձե՞ր են, հարս չկա՞, մարդ չկա՞…ինչպե՞ս կարող էր այդպես արտահայտվել: Փոխանակ հարցին լուծում տան, կռիվ են սարքում»,-ասել է կոյուղաջրերի արտահոսքից բողոքող Նուբարաշենի բնակչուհիներից մեկը լրագրողների հետ զրույցում: Նշենք, որ ՀՀԿ խմբակցության որոշ կանանց կողմից տրված գնահատականներն, իրականում, սպասելի էին, քանի որ մինչ այս միջադեպը նրանք նույնկերպ արդարացնում ու ճիշտ էին համարում իրենց խմբակցության տղամարդկանց կողմից «Երկիր Ծիրանի» անդամների հասցեին մեկ անգամ չէ հնչեցվող հրապարակային հայհոյանքները:
Դրա հետ մեկտեղ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ ներսում խիստ բացասաբար են ընդունել Երևանի ավագանու վերջին նիստում տեղի ունեցած միջադեպի ժամանակ իրենց կուսակիցների պահվածքը: Ավելին՝ ՀՀԿ-ականներից ոմանք զայրացած են հենց Տարոն Մարգարյանի վրա՝ նշելով, որ «դեմներն առեք, շուտ» հրահանգով նա սադրեց միջադեպը, նպաստեց կրքերի լարմանը:
«Ուժեղ տղա ես, արա’, փոխանակ տղամարդկանց դեմը առնես` կնանիքին ես քաշքշում…» .գեներալ Սարոյան
«Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում ԱԺ պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը այսպիսի կարծիք հայտնեց քաղաքապետի օգնական, կարատեիստ Գոռ Վարդանյանի պահվածքի մասին. «Ուժեղ տղա ես, արա’, փոխանակ տղամարդկանց դեմը առնես` կնանիքին ես քաշքշում… Եթե ինքը այդ պահին կանանց պահեր, ինքն ավելի մեծ դեր կունենար , այդ թվում նաև Տարոնի ծառայության մեջ : Բացի դրանից այդ կանայք, եթե զգային, որ իրենց պահող կա, իրենք էլ էին հանգստանալու»…
Նկատենք, որ ԱԺ փոխնախագահ ու ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՝ երեկ խոսելով Գոռ Վարդանյանի միջադեպին մասնակցության մասին նշեց, որ չի տեսել, թե նա շպրտել է «Երկիր Ծիրանի»-ի անդամին: Նշենք, որ իրականում կան տեսագրություններ, որտեղ «շպրտելու» պահը պարզ երևում է:
Ի դեպ, «Հրապարակ» թերթի տեղեկացմամբ, «նախօրեին իր «հերոսական» պահվածքով աչքի ընկած Գոռ Վարդանյանի արևելյան մարտարվեստների դպրոց հաճախող մանուկների որոշ ծնողները՝ «Երկիր ծիրանիի» կանանց նկատմամբ բռնությունից հետո, որոշել են հրաժարվել այս դպրոցից և հանում են իրենց երեխաներին»։
«Բռնության կիրառման ցանկացած փորձ ինքնին անընդունելի է». Ս. Ֆարմանյան
ԱԺ մեկ այլ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ «Ազատության» եթերում ասաց, թե բռնության փորձերն անընդունելի են, հատկապես քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից:
«Բռնության կիրառման ցանկացած փորձ ինքնին անընդունելի է։ Ինքնին անընդունելի է, երբ դա տեղի է ունենում քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից։ Եթե ես, դու, երրորդը, չորրորդը պատասխանատվություն է ստանձնում իշխանության համար, պետք է պատրաստ լինի ոչ միայն լսելու հանիրավի քննադատություն, անգամ պետք է պատրաստ լինի նզովք լսելու, հատկապես այնպիսի անցումային երկրներում, ինչպիսին Հայաստանն է», – ասաց Ֆարմանյանը՝ որ ի դեմս «Երկիր ծիրանի» կուսակցության մենք գործ ունենք, , ըստ էության, դասական կանոններից շեղված մի երևույթի հետ, որն ինձ ավելի շատ հիշեցնում է ոչ թե քաղաքականություն, այլ, ինչպես մեկ առիթով Տեր-Պետրոսյանն արտահայտվեց այլ հանգամանքների հետ կապված, խենթանոց, սա ևս պետք է արձանագրել»։
Տեղի ունեցածը, իր կարծիքով, գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ Հայաստանում քաղաքական գործընթացների որակն անշեղորեն գահավիժում է։ «Ես չեմ պատրաստվում և չեմ էլ կարող, և, իմ կարծիքով, որևէ բանական մեկը չի կարող մեկնաբանել այն, ինչ տեղի է ունենում, օրինակ, խենթանոցում, որովհետև դա ինձ դա է հիշեցնում։ Սա շեղում է դասական քաղաքական կանոններից, գիտակցաբար, թե ոչ-իմացաբար, դիագնոզը դա է», – ասաց պատգամավորը, նշելով, որ «ոչ-համակարգային պայքարի գործիքները, որը «Երկիր Ծիրանի»-ն կիրառում է, շատ ուշացած է և կրկնում է այն, ինչ բավական շատ ձեռնարկներում և՛ շարադրված են, և՛ նկարագրված են, նորության մասին խոսք լինել չի կարող»: Սակայն այդ տակտիկան, իր համոզմամբ, քաղաքական պայքարի տեսանկյունից Հայաստանի Հանրապետությանը ապագայում լավ ճանապարհով չի տանելու:
«Ինձ համար տարօրինակ են սեռական բռնության մասին ելույթները». Է. Շարմազանով
Երեկ ՀՀԿ կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ ու կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն, անդրադառնալով Երևանի ավագանու նիստում փետրվարի 13-ին տեղի ունեցած միջադեպին, նշեց, որ ՀՀԿ-ն ոչ քաղաքակիրթ, ոչ կոռեկտ, ոչ էթիկայի սահմաններում ցանկացած արարք ու բռնություն անթույլատրելի է համարում։ «Մենք չենք կարող նման պահվածքը խրախուսել»,- ասաց նա, միևնույն ժամանակ նշելով, որ այդ խնդիրը գտնվում է իրավական դաշտում և այժմ չի ցանկանում որևէ մեկնաբանություն անել՝ այնտեղ բռնություն եղել է կամ չի եղել, որ կողմն է բռնության ենթարկել, որ կողմը բռնության չի ենթարկվել: «Ինձ համար տարօրինակ են սեռական բռնության մասին ելույթները, քանի որ չի կարելի ամեն ինչ փորձել արդարացնել։ Ես հետևել եմ ու տեսել տեսանյութը, այնտեղ որևէ սեռական բռնություն չեմ նկատել», – ընդգծեց ԱԺ փոխնախագահը։ Նշենք, որ իրականում խոսքը գնում է քաշքշուկի ընթացքում տեղի ունեցած սեռական ոտնձգության մասին, որի մասին ահազանգել է «Երկիր Ծիրանի» անդամ Մարինա Խաչատրյանը՝ բացատրելով թե ինչու է շրջվել ու ապտակել ՀՀԿ պատգամավոր Էդմոն Կիրակոսյանին: Ի դեպ, վերջինիս գործողությունները հստակ ֆիքսել են քաշքշուքը կողքից նկարահանող տեսախցիկները:
Անդրադառնալով քաղաքացիակն ակտիվիստների կողմից իրականացված ակցիաներին, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ես անընդունելի եմ համարում այն մարդկանց, ակտիվիստներին, որոնք փորձում են իշխանություններին քննադատելու համար ամեն կերպ արդարացնեն այն ոչ քաղաքակիրթ և ոչ կոռեկտ պահվածքը, որը ցույց տվեցին Զարուհի Փոստանջյանն ու կուսակիցները: Չի կարելի ամեն ինչն արդարացնել»…
Հատկանաշական է, որ գնահատելով «Երկիր Ծիրանի»-ի պահվածքը ՀՀԿ խոսնակը մեջբերեց «Ելք» ընդդիմադիր խմբակցության անդամների կարծիքները… «Երևանի քաղաքապետարանը ախոռագոմ չէ, և այստեղ ես համամիտ եմ թե Անահիտ Բախշյանի հետ, որը նշեց՝ դժվար է պատկերացնել, որ երեք կին իրենց նման ձևով կպահեին, և համամիտ եմ Դավիթ Խաժակյանի այն կարծիքի հետ, որ ինքը կողմ է խոսքի ազատությանը, բայց այն, ինչ տեղի ունեցավ, դա չափերի անցում էր»,- ընդգծեց Շարմազանովը, չանդրադառնալով սակայն ավագանու «Ելք» խմբակցության կողմից երեկ տարածված հայտարարությանը, որը փոքր ինչ այլ շեշտադրումներ ունի, քան վերընշված կարծիքները: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Թեպետ «Երկիր Ծիրանի» խմբակցության այն գործողությունը, ինչին հաջորդեց ՀՀԿ կողմից կիրառված բռնությունը, մեր գործիքակազմից դուրս է, Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը խստորեն դատապարտում է ավագանու անդամի նկատմամբ կիրառված բռնությունը և իրավապահ մարմիններից պահանջում անհապաղ միջոցներ ձեռնարկել միջադեպի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»…
«Լկտիությունը չափ պետք է ունենա». Վ. Բաղդասարյան
«Դա ակցիա չէր, դա միտում էր, որ կարողանան ուշադրության կենտրոնում լինեն։ Հերոստրատը նույնպես տաճարը վառեց, որպեսզի պատմության մեջ մնա։ Ասում են՝ կնոջ նկատմամբ բռնություն… Ես այնտեղ հայ կնոջ կերպար չտեսա», – ասաց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ նկատելով, որ այդ ամենը միտում էր քաղաքապետարանի բնականոն աշխատանքը խանգարելու։ Դիտարկմանը, թե «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը պնդում է, որ իր հանդեպ սեռական ոտնձգություն է կատարվել, պատգամավորը նկատեց. «Լկտիությունը չափ պետք է ունենա»։ Ապա ավելացրեց, որ դեպքից մեկ օր առաջ բնակիչների բողոքով այնտեղ քաղաքապետարանի ու համապատասխան կառույցների ներկայացուցիչներ են եղել, քաղաքապետրանը մեկ շաբաթ ժամանակ է խնդրել խնդրի լուծման համար, ինչից հետո անմիջապես համապատասխան տեխնիկա է տեղափոխել:
Նշենք, որ Վ. Բաղդասարյանի պնդումը, որ հարցի լուծմանն ընթացք էր տրվել միջադեպի նախօրեին, «դեմքը փրկելու» փորձ է հիշեցնում, քանի որ չի համապատասխանում ավագանու նիստի ընթացքում ՀՀԿ անդամների արձագանքին «Երկիր Ծիրանի» անդամների պահանջին: Եթե ՀՀԿ-ականները նախօրոք տեղյակ կամ քննարկած լինեին այդ խնդիրը, ապա՝ օգտվելով բազմաթիվ լրագրողների ներկյաությունից , առիթը բաց չէին թողնի և անմիջապես կբարձրաձայնեին իրենց օպերատիվության մասին վկայող փաստարկը, ու դրանով իսկ կկանխեին միջադեպի հետագա խայտառակ ընթացքը: Սակայն նիստը վարող՝ Տարոն Մարգարյանի ռեակցիան «Երկիր Ծիրանի»-ի անդամների հետ խոսելուց հակառակի մասին է վկայում…
«Քաոսի պատճառը նիստը վարողի՝ քաղաքապետի, ոչ ադեկվատ ռեակցիան էր». հոգեբան
Հոգեբան Սամվել Խուդոյանի դիտարկմամբ, «Երկիր Ծիրանին» ունի աշխատանքի իր ստրատեգիան. դա պրովոկացիաներն են ու այդ ստրատեգիայի հիմքում ընկած է ուշադրություն գրավելու, տպավորություն թողնելու, հուզական դաշտը լիցաքավորելու ձգտումը. «Դա ավելի շատ բնորոշ է կանանց, քան տղամարդկանց, չնայած, տղամարդիկ էլ հետ չեն մնում: Նրանք այդ ամենը հաշվի առնելով՝ եկել էին ասելու՝ տեսեք, ինչ վիճակ է: Մյուս կողմի անդամներն էլ որոշակի հրահանգից հետո իրենց նվիրվածությունն են փորձել ցուցաբերել քաղաքապետին, որովհետև այդ մարդիկ ընտրվել են նրա շնորհիվ, իշխանությունների հովանավորությամբ և այդ դիրքում բավական մեծ օգուտներ ունեն: Դրա համար մեկը մյուսին հերթ չտալով՝ փորձում էին ցույց տալ, որ իրենք ամենաքծնողն են, ամենանվիրվածն են, որովհետև խոսակցություններ էին լինելու՝ ով պաշտպանեց, ով թողեց, և այլն», – ասաց նա՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով օրերս Երևանի ավագանիում տեղի ունեցած միջադեպի մասին:
Հոգեբանը գտնում է՝ այդ իրավիճակի պատճառը լիդերության խնդիրն էր: «Ցանկացած նիստ, ժողով, խորհուրդ, ունի իր վարողը, ում հիմնական նպատակն է՝ կոնստրուկտիվ ճանապարհով նիստը վարել և թույլ չտալ կոնֆլիկտներ, խնդիրներ, որովհետև ցանկացած նիստի ժամանակ էլ բուռն կրքեր կարող են զարգանալ: Հենց նիստը վարողը պետք է կարողանա ստոպ տալ, կանխել այդ խնդիրը: Փաստորեն, նիստը վարողը ոչ միայն այդ իրավիճակում չկողմնորոշվեց, այլև չկարողացավ իրական գնահատական տալ՝ թույլ տալով իրավիճակը վերահսկողությունից դուրս գա: Այդտեղ արդեն սկսվեց քաոսը: Այսինքն՝ պատճառը ես համարում եմ նիստը վարողի՝ տվյալ դեպքում քաղաքապետի, ոչ ադեկվատ ռեակցիան: Ո՞վ չգիտի Զարուհի Փոստանջյանին, ես ինքս չեմ շփվել, բայց գիտեմ, որ պրովոկացիա պետք է լինի, նա էլ գիտեր, պետք է ժպտալով, ծիծաղելով, հումորով թույլ տար՝ բերեին, տեսներ՝ ի՞նչ պետք է անեին: Փոխարենը՝ ասեց իր թիմակիցներին՝ եկեք ինձ պաշտպանեք, ձեր վրա վերցրեք հարվածը: Փաստորեն, ինչ կանխատեսել էր «Երկիր Ծիրանին», 10 անգամ ավելի արդյունք ունեցավ, ու շատ մարդկանց դեմքերը երևացին, ամեն մեկն իր էությանը համապատասխան գործեց», – ասաց հոգեբանը:
Թ.Հ.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Բռնությունը չունի արդարացում». բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց
«Կրծքերիս, մարմնիս ձեռք տվեց, ապտակեցի». Մարինա Խաչատրյանը ահազանգում է սեռական ոտնձգության մասին
Նուբարաշենի բնակիչներ. «Մենք անընդհատ դիմել ենք, բայց ոչ ոք չի զբաղվել, որ խնդրին լուծում տան»
Ի՞նչ կին, ա՛յ բ… . Լեւոն Իգիթյանը՝ ավագանու անդամին / լրացված
«Բերանդ փակի, հիմա՛ր», « Ձենդ կտրի, տոժե մնե», «Արա, քեզ ի՞նչ»…
Դիտումների քանակը` 3492