«Կնամեծարները »…
Կնոջ նկատմամբ բռնություն գործադրած պաշտոնյաներից մեկը քրեական անցյալ ունի, գրում է «Հայկական ժամանակ»-ը : Թերթը նույնականացրել է Երեւանի ավագանու նիստի ժամանակ Երկիր ծիրանի խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրած պաշտոնատար անձանց:
Միջադեպում ակտիվ մասնակցություն են ունեցել՝ Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը, ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներ Հովհաննես Ավանեսյանը, Սերգեյ Մկրտչյանը, Էդմոնդ Կիրակոսյանը, Վասպուրակ Մարտիրոսյանը եւ Արտակ Գասպարյանը: Ավագանու Երկիր ծիրանի խմբակցության անդամներից Մարինա Խաչատրյանի նկատմամբ վերը նշված 7 անձն այս կամ այն կերպ բռնություն են գործադրել:
Նկարի վերեւի շարքում ձախից աջ՝ Հովհաննես Ավանեսյան, Գոռ Վարդանյան, Դավիթ Օհանյան, ներքեւի շարքում՝ Էդմոնդ Կիրակոսյան(ապտակողը), Սերգեյ Մկրտչյան, Վասպուրակ Մարտիրոսյան:
Թերթը վերարտադրում է ավագանու նիստում կատարվածը՝ ներկայացնելով նրանցից յուրաքանչյուրի դերակատարությունը կնոջ նկատմամբ բռնությանը:
«Երկիր ծիրանի» խմբակցության անդամները Նուբարաշեն ՔԿՀ-ի վթարված կոյուղատարի ջուրն ապակյա տարաներով բերել էին քաղաքապետարան: Ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը ձեռքում երկու տարա մոտեցավ Երեւանի քաղաքապետին: Տարոն Մարգարյանը կանխատեսելով հետագա գործողությունների ընթացքը, ավագանու անդամներից Սուրեն Ներսիսյանին ասաց. «Դեմը առ, դեմը առ, շուշուտ, դեմը առ»:
Մարինա Խաչատրյանի առաջխաղացումը կանխեցին ավագանու անդամ Սուրեն Ներսիսյանն ու քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը: Այդ ընթացքում կոյուղաջուրը լցվեց դահլիճի հատակին: Արագ մոտեցավ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, ավագանու անդամ Հովհաննես Ավանեսյանը եւ Սերգեյ Մկրտչյանը: Նրանք հրելով Մարինա Խաչատրյանին մի քանի մետր առաջ տարան, որից հետո Դավիթ Օհանյանը բղավելով էր հրում, իսկ նրան թիկունքից աջակցում էր Հովհաննես Ավանեսյանը: Դահլիճի գրեթե մեջտեղում ավագանու անդամ Էդմոնդ Կիրակոսյանին Մարինա Խաչատրյանը փորձում էր հարվածել, սակայն Կիրակոսյանը կանխեց, իսկ հաջորդ գործողությամբ ապտակեց Մարինա Խաչատրյանին: Մինչ Մարինա խաչատրյանը կհասցներ հասկանալ, թե ինչ կատարվեց նրան թիկունքից քաշեց ավագանու անդամ Վասպուրակ Մարտիրոսյանը: Մարինա Խաչատրյանն արդեն հասել էր դահլիճի դռանը, սակայն դուրս գալու մտադրություն չուներ: Դահլիճից նրան հեռացնելու օպերացիան փորձեց գլուխ բերել ավագանու անդամ Արտակ Գասպարյանը, որին հաջողվեց քաշելով Մարինա Խաչատրյանին հանել նախասրահ: Այդ ընթացքում նկարահանելու մեր աշխատանքին խոչընդոտեց ավագանու անդամ Հովհաննես Ավանեսյանը: Մարինա Խաչատրյանին վերջնականապես տարածքից հեռացրեց Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանը: Վարդանյանը գրկեց Խաչատրյանին եւ մի քանի մետր գրկած տարավ:
Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն այս պաշտոնին է նշանակվել, քանի որ ուներ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի անվերապահ աջակցությունը: Գոռ Վարդանյանը խորհրդարանական ընտրություններում աջակցում էր ՀՀԿ-ին, նույնիսկ ելույթ ունեցավ Առաքել Մովսիսյանի(Շմայս) հավաքներից մեկի ժամանակ, իսկ ավագանու ընտրություններից հետո դարձավ Տարոն Մարգարյանի խորհրդականը: Ավագանու անդամ Սուրեն Ներսիսյանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ուղղորդում էր ընտրողներին ընտրատեղամասի տարածքում, որը արձանագրել է «ՀԺ»-ն: Հովհաննես Ավանեսյանը հայտնի է ավագանու նիստերի ժամանակ որպես ռեպլիկ անող անդամ: Երբ Տարոն Մարգարյանի հասցեին ավագանու անդամներից մեկը ինչ-որ բան է ասում, Ավանեսյանի սուրբ գործն է որպես աջակցություն հակադարձել այդ անձանց: Ավագանու անդամ Արտակ Գասպարյանը նախկին օպեր է, նա երկար տարիներ աշխատել է ոստիկանության Նոր Նորքի բաժնում որպես օպեր լիազոր:
Ավագանու անդամ Վասպուրակ Մարտիրոսյանը քրեական անցյալ ունի: Նրա պաշտոնական կենսագրությունում նշված է, որ աշխատել է «Մաքս կոնցեռն» ՍՊԸ-ում: ՀՔԾ-ի հաղորդագրություններից մեկում նշվում է, որ «Մաքս Կոնցեռն» ՍՊ ընկերության խորհրդի նախագահի օգնական Վասպուրակ Մարտիրոսյանը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊ ընկերությանը հասցված գույքային վնասի վերաբերյալ հիշյալ ընկերության նախկին աշխատակիցներից պարզաբանումներ և հատուցում ստանալու նպատակով նրանց բոլորին ազատությունից ապօրինի զրկելու դիտավորությամբ, 2009 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 7-ն ընկած ժամանակահատվածում, վերջիններիս կամքին հակառակ, պահել են ընկերության վարչական շենքում: Նույն վայրում գործով չպարզված` անվտանգության աշխատակիցների միջոցով նրանց նկատմամբ սահմանել են հսկողություն` ապօրինաբար զրկելով տեղափոխվելու և գտնվելու վայրն ընտրելու ազատությունից, պահել այնքան ժամանակ, մինչև վերջիններս պարտադրմամբ և թելադրանքով գրել են «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊ ընկերության դրամարկղ գումարներ վճարելու վերաբերյալ պարտավորագրեր: Վասպուրակ Մարտիրոսյանը որոշ ժամանակ եղել է կալանավորված, սակայն հաջողացրել է ազատվել քրեական պատասխանատվությունից:
Աղբյուրը՝ Armtimes.com
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Ժողովուրդը շնչում է, դուք էլ պետք է շնչեք». ծեծկռտուք քաղաքապետարանում/ տեսանյութ
«Բռնությունը չունի արդարացում». բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց
«Կրծքերիս, մարմնիս ձեռք տվեց, ապտակեցի». Մարինա Խաչատրյանը ահազանգում է սեռական ոտնձգության մասին
Դիտումների քանակը` 3369