Հյուրընկալություն՝ հանուն մարդկության. նորարարական զբոսաշրջության գաղափար Վայքից
Լուսինե Կարապետյանը Վայքից նորարարական զբոսաշրջության գաղափարը վաղուց էր փայփայում, սպասում էր հարմար առիթի՝ հմտությունները զարգացնելու և գաղափարն ավելի իրատեսական հիմքերի վրա դնելու համար: Մասնագիտությամբ պատմաարվեստաբան Լուսինեն տեխնոլոգիաներով երբեք լրջորեն չի հետաքրքրվել: Հոբբին մեդիան էր: Հինգ տարի առաջ սկսեց սեփական բլոգը վարել, հետո միացավ 17.am պատանի թղթակիցների ցանցին՝ նախ՝ որպես թղթակից, ապա՝ որպես մենթոր:
Երկու տարի առաջ նա նախաձեռնեց «Տնակ» թրեյնինգների շարքը, որի տրամաբանությունը որոշակիորեն հարում էր այն գաղափարին, որն էլ հաղթանակ բերեց Հայաստանում առաջին անգամ անցկացված Hacking for Humanity հեքըթոնի ժամանակ:
««Տնակը» ոչ ֆորմալ կրթության և ակտիվ քաղաքացիության դասընթացների շարք էր, որը նախատեսված էր ոչ միայն վայքեցի պատանիների համար, այլև՝ մյուս մարզերի և շրջակա բնակավայրերի: Խնդիրն այն էր, որ «Տնակի» ֆինանսավորումը շատ փոքր էր, և որոշ ժամանակ անց ես ուղղակի հասկացա՝ երիտասարդներին Վայքում պահելու այլ միջոցներ են պետք: Իսկ ի՞նչ ունենք մենք՝ հայերս, որ կարող ենք տալ իրար ու աշխարհին: Իհարկե, հյուրընկալություն»,- պատմում է Լուսինեն:
Այսպես, իր համաքաղաքացիներին Վայքում պահելու պարզ ցանկությունից սկիզբ առավ խոստումնալից բիզնեսնախագիծը: 2015 թվականից Լուսինեն սկսեց մշակել ու զարգացնել հյուրընկալ ընտանիքների գաղափարը: Խոստովանում է՝ «Տնակի» գաղափարն այլևս նեղ էր իր պատկերացրած նախագիծն իրականացնելու համար: Ժամանակն էր նոր բան մտածել.
«Ես հասկացա, որ մեկ-երկու օրով թրեյնինգների մասնակցելն, իհարկե, լավ է, բայց դա չի ապահովում մարզերում, հատկապես գյուղերում ապրողների համար կայուն զարգացում և եկամուտ: Այո, գյուղաբնակները, հիմնականում, չունեն սնունդի խնդիր՝ անասնապահության և հողագործության շնորհիվ, բայց շատ հաճախ այս մարդիկ ուղղակի գումարի խնդիր ունեն: Օրինակ՝ երեխաների դպրոցական գրքերի կամ հագուստի համար: Այդ դեպքում գյուղացին ո՛չ կարող է բնամթերքով վճարել, ո՛չ էլ արագ իրացնել մթերքը: Պետք էր մտածել մի բան, որը որոշակի ֆինանսական օգնություն կլիներ այս մարդկանց համար, բայց միևնույն ժամանակ նրանց կենցաղում լուրջ փոփոխությունների, հավելյալ ներդրումների ու ջանքերի կարիք չէր առաջացնի: Այսպես ծնվեց #HostingForHumanity ծրագրի գաղափարը»,- պատմում է Լուսինեն:
Նախագծի էությունը շատ պարզ է. Ընտանիքները, որոնք պատրաստ են մեկ կամ մի քանի օրով հյուրընկալել զբոսաշրջիկներին, ոչ միայն գիշերակացի տեղ և սնունդ են առաջարկում իրենց հյուրերին, այլև, ուղղակի, կիսում են իրենց կենցաղը նրանց հետ: Այսպիսով, հյուրընկալ ընտանիքն ունենում է եկամուտ՝ չգործադրելով առանձնահատուկ ջանքեր, իսկ հյուրընկալվողը ստանում է հյուրանոցներից և հյուրատներից անհամեմատ ավելի մատչելի կացարան, սնունդ, ինչպես նաև՝ աննախադեպ փորձառություն՝ ապրել մի քանի օր գյուղացու կյանքով, ոչ միայն տեսնել նրա առօրյան, այլև՝ դրա մասնակիցը դառնալ, հասկանալ ու զգալ տեղի մշակույթը.
«Պատկերացրեք՝ ի՜նչ փորձառություն է զբոսաշրջիկի համար՝ արթնանալ առավոտյան գյուղում, գնալ կով կթելու, կամ՝ թոնրի մեջ լավաշ թխել: Շատ կարևոր է, որ գաղափարը հաշվարկված է ոչ միայն և ոչ այնքան արտասահմանցի զբոսաշրջիկների համար, որքան տեղացիների: Շատ հաճախ մեկ-երկու օրով քաղաքից կտրվելու, թարմ օդ շնչելու կամ ուղղակի միջավայրը փոխելու համար մարդիկ ստիպված են լինում բավականին մեծ գումար ծախսել հյուրանոցների կամ հյուրատների վրա: Հյուրընկալ ընտանիքների դեպքում ծախսն անհամեմատ ավելի քիչ կլինի: Սա նաև այլընտրանք է հայաստանցիների համար: Սա ոչ միայն տուրիզմ է, այլև՝ սոցիալական ձեռներեցություն»,- բացատրում է Լուսինեն:
Գյուղացի-զբոսաշրջիկ կապը պահպանելու է HostingForHumanity թիմը՝ հատուկ կայքի միջոցով: Իր ծառայությույունների համար կայքը չնչին տոկոսներ է ստանալու՝ հանգստացողի վճարած գումարից: Մյուս մասն ամբողջությամբ տրամադրվելու է հյուրընկալ ընտանիքին: Ստացվում է՝ գյուղացին իր առօրյա գործողություններից ավելի ոչինչ չի անում, բայց նաև վճարվում է դրա համար:
Հենց այս գաղափարով Լուսինեն զարմացրեց ու ոգեշնչեց Girls in Tech Հայաստանի կազմակերպած մարդասիրական ուղղվածության սոցիալական նորարարության հեքըթոնի ժյուրիի անդամներին և ստացավ գլխավոր մրցանակը՝ 1 մլն դրամի չափով:
Լուսինեն հեքըթոնին մասնակցելու համար դիմել էր միայնակ՝ ներկայացնելով գաղափարն ու պատրաստակամություն հայտնելով միանալու թիմերից մեկին: Սակայն մրցույթի շրջանակներում թիմ կազմավորվեց հենց Լուսինեի ներկայացրած գաղափարի շուրջ: Թիմի մյուս երկու մասնակիցները ևս մարզերից են՝ Վայոց ձորից և Գյումրիից: Երիտասարդները նախատեսում են նախագիծը փորձարկել հենց Վայոց ձորի մարզում:
«Առաջին բանը, որ պատրաստվում ենք անել մեր ստացած գումարով, շրջագայելն է՝ գյուղից գյուղ, մարզից մարզ: Մենք ուզում ենք մարդկանց հենց տեղում բացատրել մեր գաղափարի էությունը, ներկայացնել այն արդյունքները, որ կարող է ունենալ յուրաքանչյուր հյուրընկալ ընտանիք: Այդ իսկ պատճառով առաջին փուլը անվանում ենք «չարչիություն»»,- կատակում է Լուսինեն ու բացատրում՝ գումարով նախատեսում են տնից տուն շրջայցեր կատարել ՀՀ երեք մարզերում՝ Սյունիքում, Վայոց ձորում և Արարատում:
Այս այցերի ընթացքում մտահղացման հեղինակները հնարավորություն կունենան նաև անձամբ տեսնել այն տներն ու հարմարությունները, որոնք առաջարկելու են զբոսաշրջիկներին:
Մարքեթինգային լուծումների մեջ ևս երիտասարդները նոր գաղափարներ ունեն. ի տարբերություն աշխարհում տարածված նմանատիպ ծառայությունների՝ չեն նկարելու տներն ու կոմունալ հարմարությունները: Նրանք ցույց են տալու առաջին հերթին մարդկանց, հյուրընկալ ընտանիքների անդամներին, որոնց կողքին զբոսաշրջիկներն ապրելու են:
Լուսինեն համոզված է՝ իրենց գաղափարը կարող է մրցունակ բիզնեսնախագիծ դառնալ ոչ միայն Հայաստանի համար, այլև՝ մյուս երկրների, քանի որ այն բացառիկ է իր տրամաբանությամբ: Աշխարհում տարածված couchsurfing-ը և airbnb-ն տարբեր են իրենց բնույթով ու առաջարկներով, չունեն մշակութային որևէ կոմպոնենտ՝ ի տարբերություն HostingForHumanity-ի:
Սոնա Մարտիրոսյան
Դիտումների քանակը` 3838