Հայ եկեղեցին դասընթացներ է կազմակերպում «Աջակցություն ընտանիքին» եւ «Ընդդեմ գենդերային բռնության» թեմաներով
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի հետ համատեղ քաղաք Երեւանում եւ ՀՀ մարզերում 2010 -ին մեկնարկեց «Աջակցություն ընտանիքներին» ծրագիրը, որն ուղղված էր հայ ընտանիքներում քրիստոնեական արժեքների կենսակերպի վերարժեւորմանը եւ քաջալերմանը:
Ծրագրի շրջանակներում համայնքների հոգեւոր հայրերը պարբերաբար այցելում են դպրոցներ եւ հանդիպում ծնողների հետ` ներկայացնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մոտեցումներն ընտանեկան տարաբնույթ խնդիրների վերաբերյալ: 2012թ. հունվարին քահանայական համաժողովի անցկացմամբ մեկնարկեց ծրագրի երկրորդ փուլը, որը վերաբերում է ներընտանեկան հարցերին, մասնավորաբար ծնող-երեխա առողջ փոխհարաբերությունների ձեւավորմանը: Ծրագրի երկրորդ փուլին մասնակցելու են Երեւանի եւ մարզերի (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Շիրակ, Տավուշ, Լոռի) մի շարք տարածաշրջանների դպրոցներ:
Ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում մարտի 5-7-ը Ծաղկաձորում անցկացվել է ծրագրին մասնակից եկեղեցականների համաժողով «Բռնությունների հոգեբանական ասպեկտները» թեմայով, որին ներկա էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերի երեսունհինգ քահանա հայրեր:
Մայիսի 20-ին տարբեր թեմերից հոգեւոր հայրերի եւ ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուների համար կազմակերպվեց «Գենդերային բռնությունների կանխարգելում գենդերային տրանսֆորմացիայի միջոցով» թեմայով ընթացիկ վերապատրաստման դասընթաց: Դասընթացն սկսվեց ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի եւ ԵՀԽ «Կլոր սեղան» հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանի ողջույնի խոսքով: Ընտրված նյութի շուրջ դասընթացն անցկացրեց Արշավիր Ղուկասյանը:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Դիտումների քանակը` 3985