Ծխախոտի դեմ պայքարը՝ նոր օրենքով

 

Հայաստանում մտադիր են խիստ  սահմանափակումներ կիրառել   ծխախոտի վաճառքի և օգտագործման հետ կապված.  օրերս շրջանառության մեջ է դրվել «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման» մասին օրենքի նախագիծը, որը կարճ ժամանակում հասցրեց լայն քննարկման թեմա դառնալ։

 

Ծխելու հետ կապված սահմանափակումներ, արգելքներ կիրառելու պահը վաղուց էր հասունացել։ Հայաստանում  ծխում են ամենուր՝ հասարակական տրանսպորտում, առևտրի կենտրոններում, սրճարաններում, ժամանցի  բոլոր վայրերում՝ հաշվի չառնելով  նույնիսկ երեխաների ներկայությունը։ Մինչդեռ մասնագետները առանձնացնում են ծխախոտի ծխի երկու տարատեսակ՝ հիմնական և պասսիվ: Հիմնական ծուխը անկասկած վնասակար է ծխող մարդու համար, բայց ահա պասսիվ ծուխը շատ ավելի վնասակար է, քանի որ 80% վնասակար նյութերը արտանետվում են այրվող ծխախոտի գլանակից շրջակա միջավայր և ազդում շրջապատում գտնվող մարդկանց վրա: Աշխարհում պասսիվ ծուխը յուրաքանչյուր 10-րդ մահվան պատճառ է դառնում: Դրա ազդեցության հետևանքով առաջացող մահերի 31%-ը հանդիպում է երեխաների շրջանում…

 

 

«Ծխելու համար բարձր տուգանքը միանշանակ աշխատող մեխանիզմ է»

 

 

ՀՀ  Առողջապահության նախարարության  կողմից մշակված  «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծի շուրջ սկիզբ արած  բուռն քննարկումները կենտրոնացել  են  ոչ այնքան օրենքով սահմանվող ծխախոտի վաճառքի և օգտագործման հետ կապված արգելքների, որքան այդ արգելքները շրջանցելու  դեպքում  նախատեսվող տուգանքների բարձր չափերի վրա:

 

Օրինագծով, մասնավորապես,  արգելվում է ծխախոտ օգտագործել փակ տարածքներում, հասարակական վայրերում, այդ թվում նաև՝ բուժհիմնարկներում, մանկապարտեզներում, դպրոցներում, բուհերում, թատերահամերգային, թանգարանային, գրադարանային, կինոթատրոնների և ժամանցային կենտրոնների տարածքներում, մարզական դահլիճների, համալիրների և մարզադաշտերի տարածքներում, հանրային սննդի օբյեկտներում  (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), տրանսպորտում (ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտ, երկաթուղային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտեն), տրանսպորտի կանգառներում, սպասասրահներում, ուղևորների սպասարկման համար նախատեսված տարածքներում, օդանավակայաններում (բացառությամբ ծպելու համար հատկացված տարածքների), ճոպանուղիների տարածքներում, երկաթուղու և մետրոպոլիտենի կայարաններում, ավտոկայարաններում, ավտոկայաններում, hյուրանոցներում բազմաբնակարան շենքների վերելակներում և ընդհանուր օգտագործման տարածքներում, խաղատներում, առևտրի և զվարճանքի օբյեկտներում։

 

Նշված վայրերում ծխելու համար տուգանքը 50 հազար դրամից հասնում է 250 հազար դրամի։ Ծխախոտի գովազդի համար, օրինակ, նախագծով սահմանվում է 700 հազար դրամ, հատով վաճառքի համար՝ 300 հազար դրամ, ծխելն արգելող նշան չտեղադրելու համար՝ 100 հազար դրամ, տարածքում ծխելը չարգելելու համար ղեկավարին սպառնում է 500 հազար դրամ տուգանք։ Օրինակ՝ Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ընթացքի ժամանակ ծխելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով: Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով:

 

Նկատենք, որ այժմ էլ տրանսպորտում ծխելը վարորդներին արգելվում է, ինչը խախտելու համար նրանք տուգանվում են 5000 դրամով։ Սակայն դա ամենևին էլ չի ազդում նրանց վրա, և նրանք հեշտորեն կարողանում են շրջանցել արգելքը։

 

Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն, Ծխախոտի դեմ պայքարի ազգային ծրագրի ղեկավար Ալեքսանդր Բազարչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ փորձը ցույց է տալիս, որ  ցածր տուգանքները չեն աշխատում:  «Միջազգային պրակտիկան ցույց է տալիս,  որ փորձում են կիրառել հարաբերական բարձր տուգանք, ու  դա միանշանակ աշխատող մեխանիզմ է պայքարի համար։ Այնպս որ մենք որևիցե նոր բան չենք հնարել։ Օրինագծի հիմքում դրված է առողջության պահպանման սկզբունքը։ Եվ  հենց այդ սկզբունքից էլ ելնելով՝ նախագծի նպատակը ծխախոտի դեմ պայքարը չէ, ծխելու կանոնակարգումը չէ, այլ՝ մարդկանց առողջության ցուցանիշների բարելավումն է», -ասաց Ալեքսանդր Բազարչյանը։

 

Նախագիծն ուղարկվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպություն և դրական եզրակացության արժանացել։ Բացի այդ, փաստաթուղթը միջազգային տարբեր կազմակերպությունների դրական կարծիքին է արժանացել։ Այժմ  Հայաստանում քննարկման փուլում է, այն հրապարակվել է  կառավարության   e-draft  կայքում և բաց է առաջարկների համար մինչև փետրվարի  9-ը , ինչից  հետո կներկայացվի կառավարության դատին, այնուհետև՝ խորհրդարան։

 

 

Ծխող կանանց թիվն աճում է

 

 

Հայաստանում 2016-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում Առողջապահության Ազգային ինստիտուտի  և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետների կողմից կատարվել է STEPS կոչվող հետազոտություն՝ 18-69 տարեկան բնակչության շրջանում։ Հարցմանը մասնակցել է 2349 մարդ։

 

Ըստ այդ հարցման տվյալների, որը WomenNet.am-ին տրամադրել է ԱԱԻ տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, ներկայումս ծխախոտ օգոտագործում է հարցված տղամարդկանց 51.7 տոկոսը, իսկ կանանց՝ 1.8 տոկոսը։ Հարցվածների 26.6 տոկոսը ենթարկվում է աշխատավայրում ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությանը, իսկ 56.4 տոկոսը՝ ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությանը՝ տանը։

 

«Սոցիոմետր» կազմակերպության ղեկավար սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի տվյալներով էլ, ըստ 2016թ. անցկացրած հետազոտության, Հայաստանում ամենաշատ ծխողները 25-ից 30 տարիքային խմբում են. այդ տարիքի տղամարդկանց 60%-ը ծխում է: Ինչ վերաբերումէ կանանց, ապա ըստ հետազոտության արդյունքների, Երևանում կանանց 7-8%-ը ծխում է, մարզերում, սակայն, ծխող կանայք ավելի քիչ են: Հայաստանում ծխող կանանց թիվը վերջին 20 տարիների ընթացքում աճել է 3 անգամ:

 

 

Հայաստանում աճում է ծխախոտի արտադրությունը

 

 

 Մինչ առողջապահության կազմակերպիչները փորձում են ծխախոտի օգտագործման դեմ պայքարել նոր օրենքով, Հայաստանի Վիճակագրական ծառայությունը տեղեկացնում է, որ երկրում ծխախոտի արտադրությունը աճ է ունեցել։  

 

Ըստ ԱՎԾ տվյալների, 2017  թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 18,1%-ով: 2016 թվականի 11 ամիսներին Հայաստանում արտադրվել 21 մլն  62,3 հազար հատ սիգարետ, իսկ 2017թ-ի  հունվար-նոյեմբերին՝  24 մլն 867.5 հազար հատ: Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը արդյունաբերության ոլորտում կազմել է 14.7%:

 

Հաշվի առնելով  այս ցուցանիշները, տնտեսագետներն արդեն իսկ կարծիք են հայտնել, որ նոր օրենքով առաջարկվող արգելքները կարող են  բացասական ազդեցություն  ունենալ տնտեսության վրա:  

 

 

Հասմիկ Համբարձումյան

 

Դիտումների քանակը` 3133

Գլխավոր էջ