Հարյուր հազարավոր կանայք էին դուրս եկել երթի՝ բողոքելով անարդարության ու անհավասարության դեմ
Հարյուր հազարավոր կանայք էին դուրս եկել հունվարի 20-ին ԱՄՆ-ի քաղաքների փողոցներ, որպեսզի մասնակցեն կանանց երթում՝ նպատակ ունենալով քաղաքական գործիչների և հասարակության ուշադրությունը գրավել անհավասարության խնդիներին, այդ թվում սեքսիզմի դրսևորումներին:
The Independent-ի տվյալներով, մասնավորապես Նյու Յորքում ակցիային մասնակցել Է շուրջ 100 հազար, Լոս Անջելեսում՝ 300 հազար մարդ: Երթի ընթացքում ցուցարարարների առջև ելույթ են ունեցել դերասանուհիներ Նատալի Փորթմանը, Սքառլեթ Յոհանսոնը , Եվա Լոնգորիան և այլոք:
Փողոց դուրս եկած կանանց վեր պարզած ցուցանակների վրա մարդու իրավունքների պաշտպանության ու գենդերային հավասարության պահպանման անհրաժեշտության մասին հիշեցումներն էին, ինչպես նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերյալ քննադատությունները:
Ընդ որում Թրամփը, որի քաղաքականության դեմ էլ են հանդես գալիս ակցիայի մասնակիցները, հեգնանքով է արձագանքել երթին. «Ամբողջ երկրում հիանալի եղանակ է, կանանց երթի համար իդեալական օր: Դուրս եկեք ու փառաբանեք պատմական շրջանն ու տնտեսության մեջ աննախադեպ հաջողությունները: Կանանց գործազրկության ամենացածր մակարդակն է 18 տարվա ընթացքում», գրել է ամերիկյան առաջնորդը իր թվիթերում:
Մինչդեռ, կանանց երկրորդ երթը հատկանաշական էր նաև նրանով , որ նրա մասնակիցները համերաշխություն հայտնեցին աշխատավայրում սեռական ոտնձգությունների դեմ ծավալված «Time՚ s Up» ու #MeToo շարժման հետ:
Հիշեցնենք, որ կանանց առաջին երթը տեղի ունեցավ նախորդ տարի և կազմակերպված էր Թրամպի երդմնակալության արարողության օրը: Այն դարձավ մեկօրյա բողոքի ամենախոշոր երթը ԱՄՆ-ի պատմության մեջ: Միայն Վաշինգտոնում փողոց էին դուրս եկել ավելի քան կես միլիոն մարդ: Սակայն կանանց երկու երթերն էլ ավելին են քան Թրամփի դեմ բողոքը, իրականում նրանք ընդդեմ անարդարության կանանց շարժման դրսևորում են: Ու պատահական չէ, որ այդ նույն օրը կանանց ցույցեր են անցկացվել նաև ԱՄՆ-ի սահմաններից դուրս՝ Կանադայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Գերմանիայում:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Կանանց երթն ավելին է, քան Թրամփի դեմ բողոքը»
Աշխատավայրում սեռական ոտնձգությունների շուրջ սկանդալ. նոր զարգացումներ
Դիտումների քանակը` 2903