10 հայուհիներ, ովքեր փոխեցին  պատմության ընթացքը…

Համաշխարհային ճանաչում ունեցող  տաս հայուհիներին է անդրադառնում Հարավային Կովկասի երիտասարդ լրագրողների նախաձեռնությամբ ստեղծված  Dalma News կայքը : Հոդվածի հեղինակ՝  Հայկ Սամսոնյանը  տասնյակի մեջ է ներառել   գիտնականներին, հերոսներին, պատմական դեմքերին, հասարակական   ու քաղաքական գործիչներին: Նրանց թվում են  Դիանա Աբգարն ու Զապել Եսայանը ,   Սուրբ Շուշան-Վարդենին ու  Մումթազ Մահալը,  Գոհար Վարդանյանն ու Ալենուշ Տերյանը…   Նրանք  բոլորն էլ  ունեն հայկական արմատներ, թեպետ ապրել ու գործել են երկրագնդի տարբեր հատվածներում…

 

 

 

 Ալենուշ Տերյան (1920-2011 թթ.)

 

Ալենուշ Տերյանը ծնվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Հայրը Նոր Ջուղայի հայերից էր եւ թեպետ գրող էր, բայց կյանքի վերջին 20 տարիներին ծառայել է որպես Իրանի «Սեփահ բանկի» տնօրեն: Իսկ երիտասարդ Ալենուշը խորանում է աստղագիտության մեջ եւ դառնում Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի արեգակնային աստղադիտարանի հիմնադիրներից մեկը: Նրան Թեհրանում իրավացիորեն կոչում էին «իրանական աստղագիտության մայրը»: Չէ՞ որ Ա. Տերյանն Իրանի առաջին կին պրոֆեսորն էր՝ Իրանի առաջին կին աստղագետն ու աստղաֆիզիկոսը: Նրա ուսանողներն ու ժամանակակիցներն այսօր էլ են հիշում Ալենուշ Տերյանին՝ որպես հոգատար ուսուցիչ, որը վայելում էր բոլոր ուսանողների սերն ու հարգանքը: Ուշագրավ է այն, որ Ալենուշ Տերյանն իր տունը կտակել է Նոր Ջուղայի հայ համայնքին, որպեսզի այնտեղ կարողանան բնակվել կացարան չունեցող ուսանողները: Իսկ ինքը վախճանվել է ծերանոցում։

 

 

Անիտա Կոնտի (Անիտա Կարագոշյան) (1899-1997 թթ.):

 

Չնայած, որ Հայաստանը ելք չունի դեպի օվկիանոս, բայց օվկիանոսագիտության մեջ առաջինն է: Այո՛, դուք կռահեցիք, աշխարհում առաջին կին օվկիանոսագետը ազգությամբ հայ է՝ ֆրանսիացի բնախույզ, լուսանկարիչ Անիտա Կոնտին, նույն ինքը՝ Անիտա Կարագոշյանը: 1939 թվականին նա 3 ամիս ժամանակով՝ ձողաձուկ որսալու համար «Վիկինգ ձկնորսանավով ուղևորվում է Արկտիկա: Եվ այդ ուղևորության ընթացքում էլ գալիս է այն եզրահանգման, որ օվկիանոսում ձկնորսության չարաշահումը կարող է չափազանց ծանր հետևանքների հանգեցնել։  1941-1943 թվականներին ձկնորսանավով երթևեկում է Աֆրիկայում՝ ֆրանսիական ծովակալության հանձնարարությամբ կատարելագործելով ձկնորսության մեթոդները, կազմում է քարտեզներ, նկարագրում է ձկների նոր տեսակները։ Ա. Կոնտիի ուսումնասիրությունների հիմնական նպատակն է եղել գտնել ձկների վտառների պաշարներ և ուտելիքի սղության պայմաններում ապահովել զորքին ու խաղաղ բնակչությանը: Անիտա Կոնտին մահացել է կյանքի 99-րդ տարում՝ Քրիստոսի ծննդյան օրը, Ֆրանսիայի Դուարնե քաղաքում: Նրա աճյունը, կտակի համաձայն, սփռել են Միջերկրական ծովում։

 

 Զարուհի Քավալջյան (1877-1969 թթ.)

 

Թուրքիայի առաջին կին բժիշկը եղել է ծագումով հայ Զարուհի Քավալջյանը: Նա ծնվել է Թուրքիայի Ադափազար քաղաքում: Նրա հայրը՝ Սերոբ Քավալջյանը, 1875թ. ավարտել էր Բոստոնի բժշկական համալսարանը և Ադափազարում ու Իզմիթում աշխատում էր որպես բժիշկ: Զարուհին 1898թ. ավարտում է Ադափազարի Ամերիկյան իգական քոլեջը և նույն թվականին մեկնում ԱՄՆ, քանի որ Օսմանյան պետությունում կանաց արգելված էր բժշկություն ուսումնասիրել: Չիկագոյում Քավալջյանը ընդունվում և 1903թ. ավարտում է Իլինոյսի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Այնուհետև վերադառնում է Ադափազար և որոշ ժամանակ հոր հետ աշխատում որպես բժիշկ: Միաժամանակ նա նաև Ամերիկյան քոլեջում կենսաբանություն էր դասավանդում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Քավալջյանը ակտիվորեն մասնակցում է վիրավորներին և տուժածներին օգնություն ցույց տվող հաստատությունների աշխատանքներին, իսկ ավելի ուշ տեղափոխվում է Ստամբուլ: Բացի բժշկությունից, Զարուհին զուգահեռաբար շարունակել է դասավանդել Ուսկյուդարի Ամերիկյան իգական քոլեջում, որտեղ հայտնի է դառնում Դոկտոր Քավալ անվամբ:

 

 

 Աննա Տեր-Վարդանյան (1920-2011 թթ.)

 

Համաշխարհային պատմությունն ապացուցում է, որ ինչ-ինչ, բայց ռազմական գործում կանայք տղամարդկանց մրցակից չեն կարող լինել: Բայց, արի ու տես, որ այստեղ ևս կան բացառություններ: Աննա Տեր-Վարդանյանը ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագն է եղել: Նա  այս կոչումը ստացել է 1959 թվականին Նյուփորթի (Ռոդ Այլենդ) ռազմածովային քոլեջում և դարձել է զինված ուժերում ծառայող առաջին կինը, ով արժանացել է E-9 կոչման: Ի դեպ, Տեր-Վարդանյաններն ընտանիքով էին ներգրաված ռազմական գործում: Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելուց կարճ ժամանակ անց Աննան կամավոր զինվորագրվում է, քույրը՝ Ջին Օլիվերը, ծառայում է ԱՄՆ նավատորմում, եղբայրը՝ Էնդրյուն, ԱՄՆ զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հատվածում: Ավելին՝ մայրը նույնպես ցանկանում էր միանալ նավատորմին, սակայն տանը մնալով՝ ծառայում է Կարմիր խաչում:

 

Դեյմ Սայան Սրբուհի Իլայաս (1949 թ.)

 

Առաջինը լինելն, իսկապես, հայուհիներին խիստ բնորոշ է և այդպիսի օրինակներ կան նաև մեր օրերում: Այսպիսով՝ գերագույն դատարանի առաջին կին նախագահը նույնպես հայուհի է: Նոր Զելանդիան որոշեց, որ արքայական փաստաբանի պաշտոնում ընտրված առաջին երկու կանանցից մեկը՝ Դեյմ Սայան Սրբուհի Իլայասը, որը տեղաբնիկ մաորի ժողովրդի իրավունքների պաշտպանության ջերմեռանդ կողմնակից էր, պետք է դառնա գերագույն դատավոր: Ընդ որում՝ Նոր Զելանդիայի Գերագույն դատավորի պաշտոնի յուրահատկությունն այն է, որ նրա պարտականությունների մեջ է մտնում երկրի գեներալ-նահանգապետին փոխարինելը (նա նշանակվում է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի կողմից)՝ նրա հիվանդության կամ անհրաժեշտ պահին բացակայելու դեպքում:

 

 

Հոդվածն ամբողջությամբ  կարդացեք  Dalma News կայքում

 

Դիտումների քանակը` 4576

Գլխավոր էջ