Ինչպես  Արփինեն ու Նոննան կարողացան մտերմացնել  միմյանց «չհավանող» գյուղերի բնակիչներին

«Կինոակումբի ձայնը» ծրագրի իրականացումը, որպես տարբեր բնակավայրերի երիտասարդների համախմբման գաղափար, պատկանում է  Սարապատ համայնքի կենտրոն համարվող Թորոսգյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի, 26-ամյա Նոնա Մաթևոսյանին: Նախաձեռնության մասին պատմել է  «Հետք»-ը, նշելով, որ թեև   2016թ.  հոկտեմբերին Շիրակի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում  15 համայնքներ միավորվեցին  Սարապատ փնջում, սակայն    ոչ բոլոր  համայնքների բնակիչներն են միմյանց նկատմամբ դրական տրամադրված եղել:

 

«Հակամարտող» գյուղերից հատկապես Ցողամարգի և Թորոսգյուղի միջև եղած մրցակցությունը, նույն այդ գյուղերի բնակիչների հավաստմամբ՝ ունի բավական խորը արմատներ: Հայրերից զավակներին, զավակներից թոռներին փոխանցվող մրցակցային տրամադրություններն իրենց զգացնել տվեցին նաև համայնքների խոշորացման գործընթացից առաջ, երբ որոշվում էր ձևավորվող փնջի կենտրոնն ու առաջադրվող թեկնածուների ցանկը:

 

 

 

«Այս երկու գյուղերը մրցակցում են ամեն ինչում՝ ու՞մ դպրոցն է ավելի լավը, որ գյուղի բնակիչներն են ավելի շնորհքով, որ գյուղից կան ավելի շատ ճանաչված մարդիկ և այլն»,-ծիծաղելով բացատրում է «Կինոակումբի ձայնը» ծրագրի համակարգող Արփինե Նիկոլյանն, ով Ցողամարգի բնակիչ է: Ծրագրի ղեկավարը՝ Նոնա Մաթևոսյանը Թորոսգյուղի բնակիչ է, աղջիկները մտածել ու հանգել են մտքին, որ տարիներով արմատացած կարծարատիպերը կոտրելը պետք է սկսել հարևան գյուղերի երիտասարդներին համախմբելուց: «Մտածեցինք, որ լավագույն տարբերակը համատեղ անցկացվող միջոցառումներն են, այդ թվում՝ կինոդիտումները»,-ասում է Նոնա Մաթևոսյանը:

 

Վերջինս 2014թ-ին, երբ Թորոսգյուղն առանձին միավոր էր և ինքնուրույն համայնք, իր երկու ընկերների հետ հաջողությամբ իրականացրել էր «Կինոակումբի» նախագիծը փոքր դրամաշնորհային ծրագրերի շրջանակում: «Մտածեցինք, որ կարող ենք ծրագիրը ընդլայնել և ընդգրկել ևս մի քանի համայնք»,- ասում է Նոնան: Թորոսգյուղի նախաձեռնող խմբի և Ցողամարգում գործող «Համայնք հանուն խաղաղության և զարգացման» ՀԿ-ի համատեղ աշխատանքի արդյունքում 2017թ.-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում իրականացվեց «Կինոակումբի ձայնը» ծրագիրն արդեն 4 բնակավայրերի՝ Թորոսգյուղի, Ցողամարգի, Գոգհովիտի և Արփենիի երիտասարդների համար:

 

 

 

«Մեր նպատակն է այս ծրագրով նպաստել համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի գյուղական կյանքի աշխուժացմանը,- բացատրում է Նոնան,- Թորոսգյուղի հաջողված փորձը, մեր համագյուղացիների ոգևորվածությունը ստիպեց մտածել ծրագրի աշխարհագրությունն ընդլայնելու մասին: Այս ընթացքում բազմաթիվ հանդիպումներ, համատեղ միջոցառումներ են եղել ու հարևան գյուղերի երիտասարդները սկսել են արդեն ճանաչել միմյանց, մտերմանալ: Ստեղծեցինք, կարելի է ասել, քննարկումների, երիտասարդներին հետաքրքրող ժամանցային միջոցառումների անցկացման հարթակ»:

 

 

Ծրագիրը հնարավոր է եղել իրականացնել Ա. Դ. Սախորովի անվան իրավապաշտպան կենտրոնի տրամադրած փոքր ենթադրամաշնորհի շնորհիվ:

 

 

Երանուհի Սողոյան, «Հետք»

Դիտումների քանակը` 2702

Գլխավոր էջ