The Guardian-ի հետաքննությունը. ՄԱԿ-ի աշխատակից տասնյակ կանայք ենթարկվում են սեռական ոտնձգության
ՄԱԿ-ի ներկա և նախկին տասնյակ կին աշխատակիցներ կազմակերպությունում ենթարկվել են սեռական ոտնձգություններին: Նրանք այդ մասին անկեղծ պատմել են The Guardian-ի հետ հարցազրույցում:
Պարբերականը սեփական հետաքննություն է անցկացրել: Անանուն ներկայանալը կանանց հնարավորություն է տվել բարձրաձայնել իրենց նկատմամբ իրականացված ոտնձգությունների մասին: Նրանք պնդել են, որ սեռական ոտնձգությունների մասին տեղյակ է նաև ՄԱԿ-ի ղեկավարությունը, սակայն վերջինս աչք է փակում տեղի ունեցածի վրա: Ավելին, նրանք հայտարարել են, որ ՄԱԿ պաշտոնյաններն իրենց սպառնացել են՝ բարձրաձայնելու դեպքում կզրկվեն աշխատանքից՝ վերջ դնելով կարիերային, իսկ եթե այնուամենայնիվ որոշեն ռիսկի գնալ, վստահեցրել են՝ ոչ մի արդյունքի ու արդարադատության չեն հասնելու: Զոհերը ստիպված են եղել լռել:
Պարբերականի հետ զրույցում կազմակերպությունում աշխատող 15 կանայք պատմել են, որ վերջին հինգ տարիների ընթացքում հանդիպել են սեռական ոտնձգությունների՝ սկսած բանավոր ռեպլիկներից մինչև բռնաբարություն: Նրանց հավաստմամբ, երևույթն առկա է ու տարածված ՄԱԿ-ի՝ աշխարհի տարբեր երկրներում գտնվող գրասենյակներում:
Տարբեր գրասենյակներում աշխատող երեք կանայք պատմել են, որ սեռական ոտնձգության ենթարկվելուց հետո նրանց հայտնել են, որ ստիպված են լքել իրենց աշխատանքը, հակառակ դեպքում լուծարելու են իրենց հետ կնքված պայմանագիրը: Տղամարդիկ, որոնք ենթադրաբար կատարել են ոտնձգությունը, հիմա էլ իրենց պաշտոնին են մնացել: Նրանց թվում նաև ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ են:
The Guardian-ի մեկ այլ զրուցակից պատմել է, որ իրեն բռնաբարել է ՄԱԿ-ի բարձրաստիճան աշխատակիցը: Ու չնայած բժշկական հետազոտության արդյունքներին, վկաների ցուցմունքներին, կազմակերպության ներքին հետաքննությունը ցույց է տվել, որ բավարար ապացույցներ չկան: Բացի այն, որ նրան զրկել են աշխատանքից, նա մի քանի ամիս սթրեսի ու տրավմայի պատճառով հիվանդանոցում է անցկացրել:
Երկու աշխատակից էլ նշել են, որ կազմակերպության ներքին քննության ընթացքում առանցքային վկաներ չեն հարցաքննվել: Կասկածյալներին թույլատրվել է մնալ բարձր պաշտոններում՝ այդպիսով նրանք հնարավորություն ունեն ազդելու քննության վրա: Մեկ այլ կինն էլ պատմել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը հրաժարվել է օգնել իրեն բողոքը ներկայացնելու հարցում, քանի որ նրան ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաները սպառնացել են:
«Եթե դու նույնիսկ քաջություն ունենաս բողոքել՝ ներքին բոլոր մեխանիզմները սպառելուց հետո, միևնույն է, արդարության հասնելու հույս չունենաս: Նրանք բոլորը իմ գործընկերներն են, ընկերները: Ես այնպես կանեմ, որ այլևս այս օֆիս ոտք չես դնի»,-իրեն ուղղված սպառնալիքը հիշել ու ներկայացրել է կանանցից մեկը:
ՄԱԿ-ում մեկնաբանել են պարբերականի ունեցած տեղեկությունները, ասել են՝ տեղյակ են: Իսկ կազմակերպության գլխավոր քարտուղար Ատոնիո Գուտերեշն առաջնահերթ է համարում սեռական ոտնձգությունների դեմ պայքարը, աջակցում է դրա նկատմամվ զրո հանդուժողականություն քաղաքականությանը:
Հիշեցնենք, որ սեռական ոտնձգությունների ենթարկվելու մասին բարձրաձայնումը սկսվեց հոլիվուդյան աստղերի կողմից, երբ նրանցից մի քանիսը պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին մեղադրեցին տարիներ շարունակ իրենց նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու համար: Արևմտյան մամուլը գրել էր, որ Վայնշտեյնը 1990 թվականից սկսած՝ ավելի քան երկու տասնամյակ սեռական ոտնձգություններ է կատարել հայտնի կանանց նկատմամբ՝ նրանց խոստանալով օգնել կարիերայում: Աղմուկի պատճառով պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին սեփական ընկերությունը՝ The Weinstein Company-ն, աշխատանքից ազատեց: Հասարակական բանավեճ սկսվեց այս խնդրի շուրջ և այլ դերասանների ու ռեժիսորների հասցեին նոր մեղադրանքներ առաջ քաշվեցին: Դրանց հետևանքով կինոինդուստրիայի միանգամից մի քանի խոշոր ներկայացուցիչներ զրկվեցին բազմամիլիոնանոց գործարքներից և հեղինակությունից: Մեղադրանքների ալիքը տեղափոխվեց քաղաքական դաշտ, բացահայտումները շարունակվում են արդեն մի քանի ամիս:
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Աշխատավայրում սեռական ոտնձգությունների շուրջ սկանդալ. նոր զարգացումներ
Դիտումների քանակը` 3083