Աշխատավայրում սեռական ոտնձգությունների շուրջ սկանդալ.  նոր զարգացումներ  

 Միջազգային  լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում  շարունակում է մնալ անցյալ տարվա աշնանը սկիզբ առած աշխատանքի վայրում  սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալը, որի շուրջ անընդհատ նոր զարգացումներ են գրանցվում:  

 

 

Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվեց 2017-ի աշնանը, երբ   The New Yorker-ը և The New York Times-ը  մի շարք   հետազոտական նյութեր  հրապարակեցին հայտնի հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի կողմից դերասանուհիների հանդեպ սեռական ոտնձգությունների վերաբերյալ:  Հասարակական բանավեճ սկսվեց այս խնդրի շուրջ  և այլ դերասանների ու ռեժիսորների հասցեին նոր մեղադրանքներ առաջ քաշվեցին:  Դրանց հետևանքով,  պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին սեփական ընկերությունն աշխատանքից ազատեց, կինոինդուստրիայի միանգամից մի քանի խոշոր ներկայացուցիչներ զրկվեցին բազմամիլիոնանոց գործարքներից և հեղինակությունից: Օրինակ, «Խաղաթղթե տնակ» հայտնի սերիալի գլխավոր դերակատար Քևին Սփեյսին զրկվեց «Էմմի» մրցանակից այն բանից հետո, երբ 15 երիտասարդ հայտարարեց, որ Սփեյսին իրենց հանդեպ ոտնձգություն է կատարել: Սեռական ոտնձգությունների մեջ մեղադրանքների ալիքը փոխանցվեց այլ բնագավառներ, այդ թվում քաղաքականություն, ինչի արդյունքում մի քանի քաղաքական գործիչներ ստիպված եղան լքել իրենց պաշտոնները: Դրանց թվում էր Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը, ով  հայտարարեց պաշտոնից հրաժարվելու մասին:

 

 

«Տարվա մարդ» կոչումը շնորհվեց   «Լռություն խաղտողներ»-ին

 

Դեկտեմբերին    Time ամսագիրը «Տարվա մարդ» կոչումը շնորհեց և  «Լռություն խաղտողներ» անվանեց սեռական ոտնձգության զոհերին,  ովքեր ուժ ու քաջություն են ունեցել՝ պատմելու, թե ինչ է կատարվել իրենց հետ: Ամսագրի շապիկին Time-ը տեղադրեց  հինգ կանանց լուսանկարներ՝ Էշլի Ջադիի, Uber-ի նախկին ինժեներ Սյուզան Ֆաուլերի, լոբիստ Ադամի Իվուի, երգչուհի Թեյլոր Սվիֆթի և հատապտուղ հավաքող Իսաբել Պասկուալի, որոնցից յուրաքանչյուրը պատմել էր այն մասին, թե ինչպես է դարձել սեռական ոտնձգության զոհ աշխատավայրում:

 

« Նրանք կարող են աշխատել Կալիֆորնիայի  դաշտերում,  կամ Նյու Յորքում շքեղ Պլազա հյուրանոցի բարում, կամ էլ Եվրոպական խորհրդարանում: Նրանք բոլորն էլ շարժման մի մասն են, որը չունի պաշտոնական անվանում: Բայց, փոխարենը, հիմա նրանք բոլորն էլ ձայն ունեն», – գրել էր Time ամսագիրը:

 

 

«Ոսկե գլոբուս»-ին բոլոր կանայք  սև զգեստներով  էին . ակցիա  սեռական ոտնձգությունների դեմ

 

Իրականում, սեռական ոտնձգությունների դեմ երկու արշավ սկսվեց , որոնք հայտնի դարձան  #MeToo և «Time՚ s Up» հեշթեգերով: «Աշխատանքի տեղում սեռական ոտնձգությունների և անհավասարության ժամանակը սպառվել է: Ժամանակն է միջոցներ ձեռնարկել», – այս կարգախոսով է    հանդես եկել տարվա սկզբին  «Time՚ s Up» արշավը, որի ներքո  հոլլիվուդյան հայտնի աստղերը արդեն 13 միլիոն դոլար են  հավաքել: Այդ գումարն ուղղվելու է  սեռական ոտնձգություններից տուժած կանանց աջակցությանը:  Բացի դրանից շարժման նախաձեռնողները մտադիր են  հասնել օրենսդրական փոփոխությունների , որոնք  թույլ կտան պատժել սեռական ոտնձգությունները հովանավորող ձեռնարկությունները:  Այս տարվա  սկզբին Լոս Անջելեսում կայացած  «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության ժամանակ մասնակից  դերասանուհիները շարժման հետ իրենց համերաշխությունը ցուցադրեցին՝  սև զգեստներ հագնելով ի աջակցույուն այն կանանց, ովքեր երբևէ ենթարկվել են սեռական ոտնձգությունների:

 

 

Հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին լոսանջելեսյան հյուրանոցի բեմից, որտեղ անցկացվում էր հանդիսավոր արարողությունը, շնորհակալական ելույթ է ունեցել՝ ուղղված այն կանանց, ովքեր համարձակություն են ունեցել պատմելու սեռական ոտնձգությունների մասին:

 

Դրա հետ մեկտեղ,  սեռական ոտնձգությունների դեմ  սկիզբ առած  #MeToo շարժումը  միանշանակ  չընկալվեց նույնիսկ ֆեմինիստուհիների շարքերում, որոնց մի մասը  կարծում է, որ այն վտանգի տակ է դնում  սեքսուալ ազատության համար  իրենց դեռ 60-ական թվականներին  ծավալված պայքարի նվաճումները,  իսկ  մյուս մասը՝ երիտասարդ ֆեմինիստուհիները դիտարկում են    #MeToo -ն որպես կանանց իրավունքների համար պայքարի գագաթնակետ: 

 

100 ֆրանսուհիների բաց նամակը ՝ տղամարդկանց նկատմամբ ատելության ալիքի դեմ

 

Վերջերս    հայտնի 100 ֆրանսուհիներ դեմ  արտահայտվեցին, իրենց կարծիքով,  տղամարդկանց նկատմամբ ատելության ալիքի ու հասարակական հետապնդման զանգվածային քարոզարշավին, որը ծավալվեց հայտնի հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին սեռական ոտնձգությունների մեջ մեղադրանքներից հետո: Բաց նամակը, որը  հրապարակվեց  Le Monde-ում, ստորագրեցին  նաև հայտնի դերասանուհի Կատրին Դենյովը և գրող Կատրին Միլլենը: Նամակի հեղինակները ոտնձգությունների դեմ շարժման մեջ պուրիտանության նշաններ են տեսնում և «կանանց հանդեպ ոտնձգությունը» համարում են տղամարդկանց իրավունքը և սեռական ազատության անբաժանելի մասը: «Բռնաբարությունը հանցագործություն է: Սակայն համառ կամ անհաջող սիրախաղը խախտում չէ, ինչպես չի կարող ագրեսիվ մաչիզմ համարվել կնոջ մեծարումը: Վայնշտեյնի գործի լույսի ներքո օրինական ուշադրության կենտրոնում հայտնվեց սեռական ոտնձգությունների խնդիրը: Դա անհրաժեշտ էր: Սակայն խոսքի այդ ազատությունն այսօր հակառակ արդյունքի է բերում՝ ստիպում է մեզ խոսել այնպես, ինչպես պետք է, ստիպում է լռել անհամաձայններին: Իսկ նրանց, ով հրաժարվում է հարմարվել այդ պահանջներին, համարում են դավաճաններ, մեղասկիցներ»,-ասվում է նամակում, որի հեղինակները դեմ են  կանանց նկատմամբ բռնությանը, սակայն  համամիտ չեն այն մտքի հետ, որ #MeToo շարժմանը հրապարակայնորեն չաջակցող հայտնիները դավաճաններ են:

 

 

«Փաստացի, այս շարժումը պաշտպանվելու կամ արդարանալու հնարավորություն չունեցող տարբեր տղամարդկանց դեմ մամուլում և սոցցանցերում հանրային մեղադրանքների հնչեցման շարժառիթ դարձավ: Դրա հետևանքով տղամարդիկ մի շարքում դասվեցին բռնաբարիչների հետ: Այս տենդը չի օգնում կանանց ավելի անկախ դառնալ, ընդհակառակը՝ այն ծառայում է սեքսուալ ազատության թշնամիների շահերին»,-գրել են նամակի հեղինակները: Նրանց խոսքով՝ տղամարդիկ ատելության ալիքի զոհ են դարձել միայն նրա համար, որ փորձել են դիպչել կնոջ ոտքին կամ համբուրել նրան, աշխատանքի ժամին խոսել են ինտիմ թեմաներից ու սեքսուալ բնույթի հաղորդագրություն գրել:

 

Հատկանշական է, որ  հոլիվուդյան սկանդալից  ավելի վաղ,  դեռևս 2016-ին,   հենց  Ֆրանսիայի  17 կին նախկին  նախարարներ  հանդես եկան հայտաարությունով, որ պայքարելու են իշխանությունում  սեքսիզմի եւ սեռական ոտնձգությունների  դեմ՝ խոստանալով բարձրաձայնել  սեքսիստական բոլոր արտահայտություններն ու անվայել ժեստերը: Արդյունքում,  Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխխոսնակ Դենի Բոպենը հրաժարական տվեց՝ սեքսիզմի եւ կին պատգամավորների հանդեպ սեռական ոտնձգությունների պատճառով:

 

Մինչդեռ  աշխատավայրում սեռական ոտնձգությունների շուրջ սկանդալն ոչ միայն չի մարում, այլ  հակառակը,  ընդլայնվում է ՝ ներառելով նորանոր անուններ:    Նույն  The New Yorker  պարբերականը , որը ժամանակին առաջիններից մեկը բարձրացրեց սեռական ոտնձգությունների թեման Հոլիվուդում, տարվա սկզբին ՝ անդրադառնալով սկանդալի զարգացումներին, հրապարակել է  «Կարող է արդյոք փոխվել Հոլիվուդը»  խոսուն վերնագրով հոդվածը: Հեղինակը փորձել է նկարագրել այն լարվածությունն ու վախի մթնոլորտը , որը ստեղծվել է տղամարդկանց շրջանում հոլիվուդյան բացահայտումներից  հետո,  որակելով իրավիճակն  որպես   պառանոյա ու մեջբերելով զրուցակիցներից  մեկի խոսքը, որ  «տղամարդիկ ապրում են ինչպես նացիստական Գերմանիայում»: Դրա հետ մեկտեղ  հոդվածագիրը նշում է, որ    տասնամյակներով նվաստացվող կանայք միավորվում են  Timeʼs Up շարժման  միջոցով և փորձում ՝ օգտվելով  առիթից,   մեկ անգամ և ընդմիշտ  փոխել  կինոինդուստրիայում  տիրող բարքերն՝ հասնելով ռեալ հավասարության …  

 

 

 

Նկատենք, որ Հոլիվուդում ծագած բողոքի ալիքը մի երևույթի դեմ, որը մինչ այդ  սովորական էր համարվում  և  որի մասին  միայն կուլուարներում էին խոսում,  գուցե և ստացավ ծայրահեղական դրսևորումներ, սակայն դա ևս  երկար տարիների լռության հետևանք էր  և նաև միջոց վերջ տալու այն անարդարությանը, որի հետ կանայք այլևս չեն ուզում համակերպվել: Երևի թե կտրուկ միջոցներ էին անհրաժեշտ  լռության պատնեշը  ջարդելու  և հասարակությունը սթափեցնելու համար…

Թ.Հ.

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

The Guardian-ի հետաքննությունը. ՄԱԿ-ի աշխատակից տասնյակ կանայք ենթարկվում են սեռական ոտնձգության

Հարյուր հազարավոր  կանայք  էին դուրս եկել երթի՝ բողոքելով  անարդարության  դրսևորումներից  

«Կանանց երթն ավելին է, քան Թրամփի դեմ բողոքը»

Աշխատավայրում սեռական ոտնձգությունների շուրջ սկանդալ.  նոր զարգացումներ  

Դիտումների քանակը` 2670

Գլխավոր էջ