Հայաստանը ստորագրեց Եվրոպայի խորհրդի Ստամբուլի կոնվենցիան
Հայաստանի Հանրապետությունը հունվարի 18-ին ստորագրեց Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան», որն առավել հայտնի է Ստամբուլի կոնվենցիա անունով: Ստրասբուրգում Փաստաթուղթը ստորագրել է ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը, ստորագրման արարողությանը ներկա է եղել ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատանի Դրագոնին: Այս մասին WomenNet.am-ը տեղեկացավ ԵԽ պաշտոնական էջից: «Լավ լուր Հայաստանի կանանց համար: Այս երկիրը վաղը՝ հունվարի 18-ին կստորագրի Ստամբուլի կոնվենցիան»,-ավելի վաղ հայտնել էին ԵԽ ֆեյսբուքյան էջում:
Այսպիսով, Հայաստանը դարձավ ԵԽ անդամ 45-րդ երկիրը, որը ստորագրում է Կոնվենցիան։ ԵԽ 47 անդամ երկրներից միայն Ադրբեջանն ու Ռուսաստանն առայժմ չեն ստորագրել Ստամբուլի կոնվենցիան։ Այս պահի դրությամբ սակայն կոնվենցիան վավերացրել է ԵԽ անդամ 28 երկիր:
Ստամբուլի կոնվենցիան ուղղված է պայքարելու ու կանխելու կանանց նկատմամբ բոլոր տեսակի բռնությունները։ Այն պետություններին պարտավորեցնում է կանխել, քրեականացնել ու վերացնել կանանց նկատմամբ և ընտանեկան բռնությունները։ Կոնվենցիան նաև սահմանում է հատուկ մոնիտորինգային մեխանիզմ (GREVIO)՝ պետությունների կողմից Կոնվենցիայի դրույթների արդյունավետ իրականացումն ապահովելու համար։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ի նիստում Հայաստանի կառավարությունը հավանության արժանացրեց «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:
Նույն նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ կոնվենցիոն որոշակի դրույթների հետ կապված Հայաստանն առաջարկում է վերապահում կատարել ու մի շարք դրույթներ ՀՀ-ում չեն տարածվելու:
«Դա պայմանավորված է մեր երկրի իրավական համակարգի առանձնահատկություններով»,-ասել էր նախարարը:
Կոնվենցիային վերապահումներով են միացել նաև ԵԽ անդամ մի շարք այլ երկրներ, այդ թվում հարևան Վրաստանը:
Հայաստանյան վերապահումները վերաբերում են կոնվենցիայի մի քանի հոդվածներին:
Կառավարությունից նշում են, որ համաձայն Կոնվենցիայի 78-րդ հոդվածի 2-րդ պարբերության` Հայաստանի Հանրապետությունը իրավունք է վերապահում չկիրառելու Կոնվենցիայի այն դրույթները, որոնք սահմանված են՝
- 30-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ: Այս հոդվածը նախատեսում է համարժեք պետական փոխհատուցում այն անձանց, ում պատճառվել է ծանր մարմնական վնասվածք կամ առողջության կորուստ՝ այն չափով, որ չափով պատճառված վնասը չի հատուցվել այլ աղբյուրներից, ինչպիսիք են` կատարողը և ապահովագրական կամ պետական ֆինանսավորում ունեցող առողջապահական կամ սոցիալական ծրագրերը։ Սա մասնակից պետությունների համար խոչընդոտ չի հանդիսանում հատկացված փոխհատուցման դիմաց կատարողի դեմ ռեգրեսային պահանջ ներկայացնելու համար՝ պայմանով, որ պատշաճ կերպով հաշվի է առնվում տուժողի անվտանգությունը։
- 55-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ` 35-րդ հոդվածի համաձայն սահմանված ոչ մեծ ծանրության իրավախախտումների առնչությամբ: 55 հոդվածի 1-ին պարբերությունում ասված է՝ մասնակից պետությունները պետք է ապահովեն, որպեսզի հանցագործությունն ամբողջությամբ կամ դրա մի մասով իրենց տարածքում կատարվելու դեպքում, սույն Կոնվենցիայի 35, 36, 37, 38 և 39-րդ հոդվածների համաձայն նախատեսված հանցագործությունների քննությունն ու դրանցով քրեական հետապնդման իրականացումը լիովին կախված չլինեն տուժողի կողմից հաղորդում կամ բողոք ներկայացնելու փաստից, և որպեսզի արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող վարույթներն հնարավոր լինի շարունակել անգամ տուժողի կողմից իր ցուցմունքներից կամ բողոքից հրաժարվելու դեպքում։Այստեղ Հայաստանի վերապահումը վերաբերում է 35 հոդվածին՝ Ֆիզիկական բռնությանը: Այդ դրույթը սահմանում է, որ մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու համար, որպեսզի քրեականացվեն մեկ այլ անձի դեմ դիտավորությամբ կատարվող ֆիզիկական բռնության գործողությունները:
- 58-րդ հոդվածով՝ 37-րդ հոդվածի առնչությամբ: 58-րդ հոդվածը վերաբերում է վաղեմության ժամկետներին: Սահմանված է, որ մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու համար, որպեսզի սույն Կոնվենցիայի 36, 37, 38 և 39-րդ հոդվածների համաձայն նախատեսված հանցագործությունների վերաբերյալ ցանկացած վարույթ հարուցելու համար քրեական հետապնդման վաղեմության ժամկետը շարունակի հոսել տուժողի չափահաս դառնալուց հետո այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ և համաչափ կլինի խնդրո առարկա հանցագործության ծանրությանը` այն հաշվով, որպեսզի քրեական վարույթի արդյունավետ իրականացումը հնարավոր լինի տուժողի չափահաս դառնալուց հետո: 37-րդ հոդվածը հարկադիր ամուսնության մասին, հոդվածի կետերը սահմանում են.
«1. Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու համար, որպեսզի քրեականացվի չափահասին կամ երեխային ամուսնանալուն դիտավորությամբ հարկադրելը:
- Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ բնութի անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու համար, որպեսզի քրեականացվի չափահասին կամ երեխային ամուսնանալուն հարկադրելու նպատակով այդ անձի քաղաքացիության կամ բնակության վայրի պետություն չհանդիսացող պետության տարածք մուտք գործելուն դիտավորությամբ գայթակղելը»:
- 59-րդ հոդվածով: Հոդվածն ընդգրկված է «Միգրացիա և ապաստան» գլխում, վերաբերում է տուժածներին կացության թույլտվություններ ու ապասատարաններ տրամադրելու պետության պարտավորություններին:
Օրինակ 59 հոդվածի 2–րդ կետը սահմանում է. « Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու համար, որպեսզի զոհերին տրվի նրանց ամուսինների կամ զուգընկերների՝ ներպետական իրավունքում դրանց տրված իմաստով, նկատմամբ ընթացող արտաքսման վարույթի կասեցմանը հասնելու հնարավորություն՝ այն հաշվով, որպեսզի իրենք կարողանան դիմել կացության ինքնուրույն թույլտվություն ստանալու համար»:
Կամ 4-րդ կետը, որում ասված է. «Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու համար, որպեսզի հարկադիր ամուսնության զոհերը, ովքեր այլ երկիր են տարվել ամուսնանալու նպատակով և ովքեր դրա արդյունքում կորցրել են իրենց հիմնական բնակության վայր հանդիսացող երկրում ունեցած կացության կարգավիճակը, հնարավորություն ունենան վերականգնելու այն»:
Հատկանշական է, որ կառավարության վերապահումները չեն տարածվել գենդերային հիմքով ապասատարանների դրույթի վրա:
Հիշեցնենք, որ փաստաթղթով կարգավորվում է նաև անդամակցության դադարեցումը: Նշվում է, որ յուրաքանչյուր մասնակից պետություն կարող է ցանկացած ժամանակ Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով դադարեցնել իր անդամությունը սույն Կոնվենցիային: Այդպիսի հայտարարությունն ուժի մեջ է մտնում այդ ծանուցումը Գլխավոր քարտուղարի կողմից ստանալու պահից հետո եռամսյա ժամկետին հաջորդող ամսվա առաջին օրը:
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կառավարությունը հավանություն տվեց Ստամբուլի կոնվենցիային, բայց որոշ վերապահումներով
Դիտումների քանակը` 3611