Հայաստանի իշխանությունները բավարար չափով չեն պաշտպանում կանանց ու երեխաներին ընտանեկան բռնությունից. Human Rights Watch

Հայաստանում ընտանեկան բռնություն վերապրած կանանց և երեխաների կյանքն ու բարօրությունը վտանգված են, քանի որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում  բավարար չափով երաշխավորել նրանց պաշտպանությունը: Այդ մասին  է հայտարարում Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն օրերս լույս տեսած հրապարակման մեջ, որը հիմնված է  ընտանեկան բռնությունից տուժած կանանց հետ զրույցների վրա:

 

 

2017 թվականի դեկտեմբերին Հայաստանի խորհրդարանն ընտանիքում բռնության վերաբերյալ օրենք է ընդունել, բայց կանայք և երեխաները շարունակում են մնալ վտանգի տակ, քանի դեռ իշխանությունները չի փոխել բռնության բողոքներին ոստիկանության արձագանքման պրակտիկան:

 

 

«Նոր օրենքը կարևոր քայլ է, բայց մինչև իշխանությունները լրջորեն չընդունեն ընտանեկան բռնության մասին հաղորդումները և չերաշխավորեն իրավական, բժշկական և սոցիալական օգնությունը, որն անհրաժեշտ է կանանց և երեխաներին, վտանգը կպահպանվի»,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրենի օգնական Ջեյն Բուչանանը:

 

 

Կազմակերպությունը զրուցել է Հայաստանում ընտանեկան բռնության 12 «զոհի» հետ: Հարցազրույցներին մասնակցածները պատմել են, որ ոստիկանությանը կամ այլ տեղական մարմինների բռնության մասին հաղորդելուց հետո իշխանությունները ոչինչ չեն արել հետագա բռնությունը կանխելու, գործը հետաքննելու կամ հարձակվողներին պատասխանատվության ենթարկելու համար: Որոշ դեպքերում իշխանությունները խրախուսել են կանանց հրաժարվել բողոքներից և հաշտվել իրենց նկատմամբ բռնություն կիրառողների հետ:

 

Համաձայն  «Կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի»  հայկական կազմակերպության՝ 2017 թվականի առաջին կիսամյակում  չորս կին սպանվել են իրենց ամուսինների կամ  սիրեցյալների կողմից: 2010 թվականից մինչեւ 2017 թվականը զոհերի թիվը կազմել է 50 մարդ, նշում է կազմակերպությունը:

 

Հրապարակմանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ

 

Դիտումների քանակը` 2565

Գլխավոր էջ