Խոշորացվող համայնքների ավագանիներում կանանց թվի նվազման միտումը պահպանվում է
Խոշորացման արդյունքում կանանց տոկոսային ներկայացվածությունն ավագանիներում նվազել է, ընդհանուր առմամբ, ավելի քան 2 անգամ, իսկ որոշ մարզերում` 3-6 անգամ:
Այս տարվա նոյեմբերի 5-ին կայացած խոշորացվող 34 համայնքների ՏԻՄ ընտրություններում կին թեկնածուներ առաջադրվել են միայն 20 համայնքներում:
- Մինչ խոշորացումը 34 փնջերում ընդգրկված 325 համայնքներն ունեցել են ավագանու 2059 անդամ, որից 250-ը կամ 12%-ը՝ կանայք:
- Ընտրություններին 769 առաջադրված թեկնածուների թվում 41-ը կամ 5,3 %-ը՝ կանայք:
- Խոշորացումից հետո 34 փնջերն ունեն ավագանու 416 անդամ, որից 23-ը կամ 5,5%-ը՝ կանայք:
Գեղարքունիքում 35 համայնք միավորվել է 4 փնջի մեջ՝ Գեղամասար, Ճամբարակ, Շողակաթ, Վարդենիս: Մինչ խոշորացումը համայնքների ավագանիների անդամների ընդհանուր թիվը եղել է 200, որոնցից 28-ը կամ 14%-ը կանայք էին: Չորս խոշորացված փնջերն ընդհանուր առմամբ ունեն 46 անդամ, որից երեքը կամ 6,5%-ը կանայք են:
Լոռիում 61 համայնք ներառվել է 10 փնջում՝ Ալավերդի, Ախթալա, Ստեփանավան, Տաշիր, Օձուն, Գյուլագարակ, Շնող, Լոռի Բերդ, Սարչապետ, Մեծավան: Մինչև խոշորացումը 61 համայնքների ավագանիների անդամների թիվը եղել է 365, որից 76-ը կամ 20%-ը կանայք էին: Խոշորացված տասն համայնքներն ընդհանուր առմամբ ունեն ավագանու 120 անդամներ, որից կանայք 12-ն են կամ ընդամենը 10%-ը:
Տավուշում 17 համայնք մտել է Բերդ փնջի մեջ: 17 համայնքներն ընդհանուր առմամբ ունեցել են ավագանու 98 անդամ, որից 13-ը կամ 13,2 %-ը կանայք են: Խոշորացված Բերդն այժմ ունի ավագանու 15 անդամ, որից միայն 1-ն է կին կամ 6,6%-ը:
Սյունիքում 48 համայնք միավորվել է երեք փնջում՝ Կապան, Քաջարան և Սիսիան: Մինչ խոշորացումը այս համայնքների ավագանիներն ունեցել են 264 անդամ, որից 54-ը կամ 20,4%-ը կանայք: Խոշորացված երեք համայնքներն այժմ ունեն ավագանու 41 անդամ, որից 4-ը կամ 9,7%-ը կանայք են:
Արագածոտնի մարզում չորս փնջերում միավորվել են 46 համայնքներ՝ Ապարան, Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ: Մինչ խոշորացումն այս համայնքների ավագանիների անդամները եղել են 261-ը, որից 17-ը կամ 6,5%-ը` կին: Խոշորացումից հետո չորս համայնքների ավագանու անդամների թիվը կազմում է 46, կանայք չկան:
Շիրակում 40 համայնքներ միավորվել են երեք փնջերում՝ Մարմաշեն, Անի, Ախուրյան: Մինչ խոշորացումը չորս տասնյակ համայնքներն ընդհանուր առմամբ ունեցել են ավագանու 230 անդամներ, որոնցից 16-ը կամ 6,9%-ը եղել են կանայք: Խոշորացումից հետո երեք համայնքներն ունեն ավագանու 41 անդամ, նրանց թվում կանայք չկան:
Վայոց ձորում 24 համայնքներ միավորվել են երեք փնջերի մեջ՝ Գլաձոր, Արենի, Եղեգիս: Մինչ խոշորացումը միավորվող համայնքների ավագանու անդամների թիվը եղել է 138, որից 17-ը կամ 12,3 %-ը կանայք են: Խոշորացված երեք համայնքներն այժմ ունեն 33 ավագանու անդամ, որից միայն մեկն է կին, ինչը 3% է կազմում:
Կոտայքում 31 համայնք միավորվել է վեց փնջերում՝ Բյուրեղավան, Չարենցավան, Եղվարդ, Ակունք, Մեղրաձոր, Ջրվեժ: Մինչ խոշորացումը 31 համայնքներն ունեցել են ավագանու 503 անդամ, որից 45-ը կամ 8,9%-ը կանայք են: Խոշորացումից հետո ավագանիների կազմում 74 անդամ կա, որից 2-ն են կանայք կամ 2,7%-ը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի հանրապետության 6 մարզերում` Սյունիքում, Տավուշում, Շիրակում, Արարատում, Լոռիում և Վայոց ձորում, կայացած խոշորացվող համայնքների ընտրությունների արդյունքում միավորել էին ընդհանուր թվով 125 համայնք 17 փնջերում: Բոլոր խոշորացված համայնքների ավագանիներում կանանց ներկայացվածության առումով առնվազն 2-3 անգամ նվազեցում արձանագրվեց: Այս տարվա ընտրությունների արդյունքները փաստում են, որ այդ միտումը պահպանվում է:
Տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունից WomenNet.am-ին հայտնեցին, որ խոշորացումը շարունակվելու է:
«Խոշորացվելու են 8 մարզերի (բացի Սյունիքից և Վայոց ձորից) դեռևս չխոշորացված համայնքները: Փնջերի կազմը դեռևս քննարկման փուլում է. մշակված նախագիծ չկա: ՀՀ կառավարության ծրագրի համաձայն՝ խոշորացման գործընթացն ավարտվելու է 2019 թվականին: Արդյունքում՝ համայնքների թիվը մոտավոր հաշվարկով կլինի 120-140` հայտնեցին նախարարությունից:
Մեր հարցին, թե խոշորացվող համայնքներում կանանց ներկայացվածության մակարդակի բարձրացմանն ուղղված ի՞նչ քայլեր ու միջոցառումներ են իրականացվում, նախարարությունից պատասխանեցին, որ բացատրական և կազմակերպչական աշխատանքներ են կատարվում:
«Այդ ուղղությամբ ավելի արմատական փոփոխություններ ակնկալվում է իրականացնել ավագանու՝ համամասնական ընտրակարգով ձևավորմանն անցման ընթացքում, ինչը նախատեսվում է խոշորացման գործընթացի ավարտից հետո»,- ասացին նախարարությունից:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 2461