Կառավարությունը հավանություն տվեց Ստամբուլի  կոնվենցիային, բայց որոշ վերապահումներով

 ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային,  որը  ընդունվել է  2011-ին Ստամբուլում:  

 

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականից և բացի ԵԽ երկու անդամներից՝ բոլոր երկրները ստորագրել են այն: «Մանրամասն չեմ ուզում խոսել, քանի որ որոշ ժամանակ առաջ մենք խոսում էինք ընտանեկան բռնության կանխարգելման և զոհերի  պաշտպանության մասին օրենքի նախագծի շուրջ: Սկզբունքորեն բուն դրույթներն այդ օրենքի վերցված են այս կոնվենցիայից», – ընդգծեց նախարարը:

 

Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ կոնվենցիոն որոշակի դրույթների հետ կապված Հայաստանն առաջարկում է վերապահում կատարել ու մի շարք դրույթներ ՀՀ-ում չեն տարածվելու. «Դա պայմանավորված է մեր երկրի իրավական համակարգի առանձնահատկություններով»:

 

Կոնվենցիայի նպատակներն են՝

ա)  պաշտպանել կանանց բռնության բոլոր ձեւերից եւ կանխարգելել, հետապնդել եւ վերացնել կանանց նկատմամբ բռնությունն ու ընտանեկան բռնությունը.

 

բ)    նպաստել կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացմանն ու խթանել կանանց եւ տղամարդկանց միջեւ իրական հավասարությունը, այդ թվում՝ կանանց ազատականացման միջոցով.

 

գ)    մշակել կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության բոլոր զոհերի պաշտպանությանն ու նրանց աջակցություն տրամադրելուն ուղղված իրավական նորմերի համապարփակ շրջանակ, քաղաքականություն եւ միջոցառումներ.

 

դ)  խթանել միջազգային համագործակցությունը՝ կանանց նկատմամբ բռնությունը և ընտանեկան բռնությունը վերացնելու նպատակով.

 

ե)   օժանդակություն և աջակցություն տրամադրել կազմակերպություններին և իրավապահ մարմիններին՝ կանանց նկատմամբ բռնությունը և ընտանեկան բռնությունը վերացնելու ուղղությամբ միասնական մոտեցում ձևավորելու նպատակով արդյունավետորեն համագործակցելու համար։

 

Այս Կոնվենցիան կիրառվում է կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի նկատմամբ՝ ներառյալ ընտանեկան բռնությունը, որը կանանց նկատմամբ դրսևորվում է անհամաչափորեն:

 

Նշենք նաև, որ Կողմերին խրախուսվում է սույն Կոնվենցիան կիրառել ընտանեկան բռնության բոլոր զոհերի նկատմամբ։ Սույն Կոնվենցիայի դրույթները կիրարկելիս Կողմերը պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն գենդերային հիմքով բռնության կին զոհերին։ Կոնվենցիան կիրառվում է խաղաղ ժամանակ և զինված հակամարտության իրավիճակներում։

 

2017-ի սեպտեմբերի  տվյալներով  Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետություններից կոնվենցիան ստորագրել էին   45-ը, նրանցից  27-ը  վավերացրել են փաստաթուղթը:  ՀՀ Կառավարության որոշումով Հայաստանը կմիանա    Կոնվենցիան ստորագրած պետություններին:

 

Մ.Մարգարյան

Դիտումների քանակը` 3468

Գլխավոր էջ