Կարինե Դանիելյան. «Ընտրությունների գործող համակարգում ինտելեկտուալ կնոջ համար տեղ չկա»
Ընտրություններում կանանց մասնակցության վերաբերյալ WomenNet.am հարցերին պատասխանում է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Կարինե Դանիելյանը, ով համամասնական և մեծամասնական ընտրակարգերով առաջադրման փորձ ունի և քաջ ծանոթ է կին-թեկնածուների առջև ծառացող խնդիրներին:
-Ասեմ, որ ինձ շատ վշտացրեց այն փաստը, որ պատգամավորի դերում իրենց լավագույնս դրսևորած կանայք ներկայացված չեն լինելու նոր գումարման Ազգային Ժողովում: Գոնե ինձ համար այդպես էլ անհասկանալի մնաց այն, թե ինչպես կարող էր նախորդ գումարման խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար և Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը հայտնվել 41-րդ տեղում: Նույնքան անհասկանալի է այն, որ «Դաշնակցությունից» Լիլիթ Գալստյանը, «Ժառանգությունից» Անահիտ Բախշյանը հայտնվեցին ոչ անցողիկ տեղերում: Այս կանանց ձայնը միշտ լսելի է եղել խորհրդարանում, նրանք միշտ ներկայացրել եւ առաջ են տարել հասարակության շահերը, բարձրացրել են հրատապ լուծումներ պահանջող հարցեր: Ակամայից սկսում ես մտածել, որ գուցե հենց այս ակտիվությունը իրենց վատ ծառայություն մատուցեց, գուցե նրանք այնքան ինքնուրույնություն և համառություն ցուցաբերեցին, որ դրանով իսկ ստվերում թողեցին իրենց տղամարդ-գործընկերներին: Ամեն դեպքում կորուստը հասարակության համար ակնհայտ է: Ինչ վերաբորում է մեծամասնական ընտրատարածքներին, ապա եթե վերլուծենք, թե ում են յուրաքանչյուր դեպքում պարտվել կանայք, ապա հերթական անգամ ակնհայտ է դառնում, որ մենք իջել ենք այնպիսի մի մակարդակի, ուր որոշիչ են միայն փողն ու բիրթ ուժը: Եվ այս առումով ընտրությունները հանդիսանում են մեր հասարակության բարոյական և ինտելեկտուալ մակարդակի ցուցանիշ: Պարզից էլ պարզ է, որ նման համակարգում ինտելեկտուալ կնոջ համար տեղ չկա:
-Ինչպե՞ս եք վերաբերվում քվոտային:
-Ես քվոտային դեմ եմ, քանի որ կարծում եմ, որ քվոտայով ընդամենը արհեստականորեն խորհրդարան են մտցնում հեշտ ղեկավարվող կանանց: Այդ փուլը մենք ինչ-որ առումով արդեն անցել ենք: Շատերը կհիշեն, թե ինչպես ներքին գործերի նախարարը ժամանակին ձևավորեց կանանց կուսակցություն և փաստացի «անցկացրեց» նրա ներկայացուցիչներին խորհրդարան: Նախկինում քաղաքական և հասարակական ասպարեզում ոչնչով աչքի չընկած այդ կանայք պարզապես քվեարկում էին այդ նույն նախարարի հրամանով: Ի՞նչ շահեց հասարակությունը: Ոչինչ: Բացի այդ վարկաբեկվեց գենդերային հավասարության գաղափարը: Բայց ինչ խոսք, կանայք ամեն դեպքում պետք է լինեն խորհրդարանում եւ ոչ միայն այն պատճառով, որ կազմում են բնակչության ավելի մեծ թվաքանակ, այլ որովհետեւ նրանք նոր շունչ են հաղորդում խորհրդարանին, նոր տարր: Պետք է հաշվի առնել այն, որ նրանց ներկայությունը խորհրդարանում անշուշտ դրականորեն կանդրադառնա երեխաներին, ընտանիքներին, մարդու իրավունքներին վերաբերող օրենքների ընդունման վրա:
Դուք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու անձնական փորձ ունեք…
– 90-ականների սկզբին, երբ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը առաջադրվեց իր բնակության վայրում ` Նոր Նորքում, ես նրա վստահված անձն էի: Այդ ընտրությունները ես կհիշեմ իմ ամբողջ կյանքի ընթացքում… Միամտորեն հավատում էի, որ ընտրողները ըստ արժանվույն կգնահատեն Հրանուշի մասնագիտական և մարդկային որակները, անցած ուղին, և, վերջապես, կգիտակցեն խորհրդարանում պատգամավոր-ազգագրագետի առկայության անհրաժեշտությունը: Գնահատեցին….
Ընտրությունների օրը նկատեցի, որ տղամարդ ընտրողները գալիս են քվեարկելու մեծ խմբերով, այն էլ մի քիչ գինովցած: Մտնում էին տեղամաս հայացքներ էին փոխանակում «հիմնական» թեկնածուի վստահված անձանց հետ, արագ քվեարկում էին և շտապ ուղևորվում ինչ-որ տեղ այդ նույն խմբերով: Թե ուր – իմացանք շատ ավելի ուշ: Պարզվում է` բակերում սեղաններ էին գցված, տղամարդկանց կանչում էին, հյուրասիրում մի-մի բաժակ (ոչ ավել), հետո առաջարկում վերադառնալ և շարունակել «բանկետը» «պատշաճ» քվեարկությունից հետո: Արդյունքում, ընտրողը ըստ արժանվույն գնահատեց այս հյուրասիրությունների շռայլությունը ինչպես մենյուի, այնպես էլ ըմպլիքների առատության տեսանկյունից:
Հիշում եմ նաև իմ անհաջող ընտրությունները… Հիշում եմ ընտրողներից մեկի` իմ հասցեին հրապարակավ արված մեկնաբանությունը. «Դե քանի որ նա ընդամենը մեկ երեխա ունի, ուրեմն հաստատ ման եկող է…»: Դե էլ ի՞նչ ասես այսքանից հետո:
– Ստացվում է հայ հասարակության մեջ կնոջը վիճակված չէ՞ կայանալ քաղաքական ասպարեզում…
-Դրա համար պետք է փոխվի ընտրական գործընթացների ողջ արժեհամակարգը: Ինչպես և շատ այլ երկրներում, հատկապես հետխորհրդային տարածաշրջանում, Հայաստանում վերջին տարիներին առկա է մի երևույթ, որը գրականության մեջ կոչվում է «ինտելեկտի ֆեմինիզացում»: Տեղի է ունենում մի գործընթաց, երբ ֆինանսները և ուժային ռեսուրսները կենտրոնացված են մեկ բևեռում (արական), իսկ գիտելիքն ու ինտելեկտը` մյուս բևեռում (իգական): Եթե ընտրությունների ժամանակ առաջնայնությունը տրվի թեկնածուների բարոյական և ինտելեկտուալ որակներին, ապա կանայք, անկասկած, կզբաղեցնեն իրենց արժանի տեղը Հայաստանի խորհրդարանում:
Զրուցեց Կարի Ամիրխանյանը
Դիտումների քանակը` 3559