Կանանց «ազատատենչությունից» վախեցող պատգամավորները փոքրամասնության մեջ են
Ընտանեկան բռնության մասին օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ.
Այսօր խորհրդարանը ձայների 73 «կողմ», 12 «դեմ» և 6 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունեց « Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծն ու հարակից օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ: Անհատական քվեարկությունների պատկերը ցույց է տալիս, որ մոտ երկու տասնյակ պատգամավորներ այդպես էլ չկարողացան հաղթահարել այս օրինագծի հետ կապված իրենց մտավախությունները…
Դահլիճում ներկա բոլոր կին պատգամավորները կողմ են քվեարկել օրինագծին, բացառությամբ երեք հոգուց. Շուշան Պետրոսյանը ՀՀԿ-ից չի մասնակցել քվեարկությանը , Մարինա Մարգարյանը եւ Տատյանը Միքայելյանը «Ծառուկյան» դաշինքից ձեռնպահ են եղել: Ըստ էության, այս օրինագիծը յուրատեսակ «լակմուսի թուղթ» է հանդիսանում կին պատգամավորների համար՝ կանանց իրավունքները պաշտպանելու իրենց պատրաստակամության տեսակետից:
Ինչ վերաբերում է դեմ քվեարկողներին, ապա բոլոր 12 դեմերը «Ծառուկյան» խմբակցությունից էին, բացառապես տղամարդիկ: Նրանց թվում էին Կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը, Նապոլեոն Ազիզյանը, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ այլոք: «Այս օրենքով ազատատենչ կանայք կազատվեն իրենց ամուսիններից», – նման մտավախությամբ է դեմ քվեարկել «Ծառուկյան» խմբակցության անդամ , սոցապ նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը: «Այո, դժբախտաբար քիչ չեն այնպիսի կանայք, ովքեր այս օրենքի այդ դրույթները կօգտագործեն իրենց ամուսիններին բանտարկելու կամ տարագիր դարձնելու նպատակով: Դժբախտություն է, բայց երևույթը կա: Ազատատենչ ասելով՝ ես նկատի ունեմ այնպիսի կին, որը հավակնություն ունի իր ցանկություններին հագուրդ տալ ոչ միայն իր ընտանիքում: Նա կարող է թեթևակի ընտանեկան վիճաբանությունը օգտագործել որպես ամուսնուն ընտանիքից մեկուսացնելու հիմք և սկսել արդեն ազատորեն դրսևորել իր ֆանտազիան»,- ասաց Գևորգ Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը, ով կողմ է քվեարկել օրինագծին, չի կիսում ընդդիմադիր գործընկերոջ վախերը՝ նկատելով, որ այն կանայք, ովքեր ցանկանում են իրենց ամուսիններից ազատվել, կարող են դա անել նաև առանց այս օրենքի: Ի դեպ, խորհրդարանական մեծամասնություն կազմող ՀՀԿ-ում նույնպես միակարծիք չէին օրինագծի հարցում . խմբակցության մի քանի ներկայացուցիչներ ընդհանրապես չմասնակցեցին քվեարկությանը, դրանով իսկ ցուցադրելով իրենց մինչ այդ արտահայտած խորին անհամաձայնությունը : Նրանց թվում էր, մասնավորապես, պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ում վախերը կապված էին ուկրաինական «Ֆեմեն» շարժման ներկայացուցիչների հետ, ովքեր, իր կարծիքով, կարող են «դեսանտ» իջեցնել՝ ներխուժելով հայ ավանդական ընտանիք… Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի, Միհրան Հակոբյանի եւ քվեարկությանը չմասնակցած այլ պատագամավոների վախերի մասին ոչինչ հայտնի չէ, գերադասել են չբարձրաձայնել …
Ազգային ժողովի մյուս երկու խմբակցությունները՝ «Ելք»-ն ու «Դաշնակցություն»-ը միասնական դիրքորոշումով հանդես եկան՝ ամբողջ կազմով կողմ քվեարկելով օրինագծին:
Դիտումների քանակը` 2459