Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Հայաստանում. քննարկում / տեսագրություն/

Հայաստանում մինչ օրս գործում է 1993 թ. ընդունված «Հաշմանդամ անձանց սոցիալական պաշտպանվածության մասին» օրենքը: Դեկտեմբերի 4-ին Մեդիա կենտրոնում հրավիրված քննարկմանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարգարիտ Եսայանը նշեց, որ անհրաժեշտ է ընդունել օրենք, որ կբավարարի բոլոր շահագրգիռ կողմերին:

 

«Սա այն դաշտերից է, որտեղ մենք բազմաթիվ խնդիրներ ու անելիքներ ունենք, ու որևէ մեկը չի կարող ասել, որ մենք՝ որպես պետություն, որպես հասարակություն, մեր պարտավորությունը մեր քաղաքացիների հանդեպ իրականացրել ենք: Այս տարիների ընթացքում մենք չենք կարողացել բավարար արտաքին պայմաններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց համար, օրենքի ուժով լուծումներ տալ բոլոր այն խնդիրներին, որ ցավոք այսօր ՀՀ-ում ունեն հաշմանդամություն ունեցող անձինք: Սա բոլոր իշխանությունների համար մինուս գնահատական է, մենք պետք է ինքնաքննադատաբար դա խոստովանենք»,- ասաց նա:

 

Եսայանը շեշտեց՝ պետք է ունենալ օրենք, որ կբավարարի թե պետությանը, թե հաշմանդամություն ունեցողներին և թե բոլոր այն ՀԿ-ներին, որոնք շնորհակալ գործ են անում՝ զբաղվելով հաշմանդամություն ունեցողների խնդիրներով: Պատգամավորը կարևորեց տրանսպորտի հարցի լուծումը: Նա ընդգծեց՝ հարմարեցված մի քանի ավտոբուսներ կան միայն, բայց պետք է տրանսպորտային միջոցները մատչելի դարձնել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար:

 

Ոլորտում փոփոխություններ նախատեսող օրինագծում, ըստ Եսայանի, կարևոր մի փոփոխություն կա: Հաշմանդամությունն այստեղ որպես առողջապահական խնդիր չի դիտարկվում, այլ՝ որպես սոցիալական, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց որպես հիվանդների չեն դիտում:

 

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ, «Disability info» ՀԿ նախագահ Զարուհի Բաթոյանը նույնպես կարևորեց ոլորտում օրենսդրական փոփոխությունները, նշեց, որ նոր նախագիծն ամբողջությամբ տարբերվում է գործող օրենքից, սակայն այն, որ նախագիծը երկար ժամանակ է՝ բերվում է խորհրդարան, ապա վերադարձվում հեղինակներին, արդեն լուրջ խնդիր է, և դա վկայում է այն մասին, որ հարցն օրակարգում առաջնային չէ:

 

Նոր նախագծի բովանդակությունն, ըստ Բաթոյանի, հաշմանդամություն ունեցող անձին իսկապես թույլ է տալիս տեսնել որպես լիիրավ քաղաքացի՝ սկսած հաշմանդամության սահմանումից, որ էապես տարբերվում է օրենսդրությունում առկա սահմանումից: Բաթոյանը նաև կարևորեց օրենսդրությունը ոչ իրավական տերմիններով, մատչելի ձևով քաղաքացիներին ներկայացնելը:

 

Աղբյուրը՝  Panorama.am

 

Դիտեք նաև Մեդիա-կենտրոնում կայացած քննարկման տեսագրությունը.

 

 

Դիտումների քանակը` 2679

Գլխավոր էջ