Տեղաշարժման խնդիրներից մինչեւ կանանց վերարտադրողական առողջություն.

 Լուսանկարը՝ Մուշեղ Հովսեփյանի,

Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր։

 

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Հայաստանում մնում են չլուծված

 

Դեկտեմբերի 3-ը՝  հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրն է: Այն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից դեռ  1992 թվականին՝  նպատակ ունենալով հրավիրելու  հանրության ուշադրությունը դեպի հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները:

 

Հայաստանում այսօր 196 հազար հաշմանդամություն ունեցող մարդ է ապրում:Մեր երկիրը 2010  թվականին վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ‘մասին կոնվենցիան, բայց կից  կամընտիր արձանագրությունը դեռ չի վավերացվել: Թեև վերջին տասը  տարիների հանրության վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, Ունիսոն ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանի խոսքով, փոխվել է, և այդ մարդկանց հասարակության մյուս անդամներն արդեն լարված հայացքներով չեն նայում, բայց միջավայրն ամբողջությամբ հարմարեցված չէ հաշմանդամություն ունեղոցների կարիքներին: 

 

Ամենապարզ, մատչելիության խնդիրը մեր երկում դեռեւս լուծված չէ:    «Օրինակ մի ակնթարթ պատկերացրեք, որ գտնվում եք ինչ-որ տեղ որտեղ չկա սանհանգույց եւ դուք պետք է օրեր ու ժամեր անցկացնեք դա անմարդկային վերաբերմունքի դրսեւորում է կամ  եթե մի բորդյուրի պատճառով դու չես կարող շատ կարեւոր գործ անես,  երեխայիդ ձեռքը բռնես…», -ասում է  Արմեն Ալավերդյանը:

 

Առաջին հայացքից պարզ թվացող, բայց հաշմանդամություն ունեցողների համար չափազանց կարեւոր այս խնդիրների մի մասը , Արմեն Ալավերդյանի խոսքով, վերջին 3 տարիներին հատկապես մայրաքաղաքում որոշակի լուծում  ստացել է.  «Մենք կարող ենք մայրաքաղաքի առումով գրանցել որոշակի առաջընթաց, հազարավոր թեքահարթակներ են կառուցվել բոլոր վարչական շրջաններում և ոչ միայն կենտրոնում: Նպատակն է, որ չլինի ոչ մի տեղ խոչընդոտ և մենք պետք է հասնենք հարյուր տոկոսանոց արդյունքի և իննսուն տոկոսով չենք բավարարվի» :

 

 

Երեւանում ներկայումս հաշմանդամություն ունեցողների կարիքներին հարմարեցված 25 ավտոբուս է գործում,  հատուկ ռելիեֆային մակերեսով անցումներում գծանշումներ են արվել կույր անձանց համար,  աստիճանաբար ներդրվում է նաեւ ազդանշանային համակարգը: Այս ամենն իհարկե, դրական զարգացում է, բայց  բավարար չէ:

 

 «Հատկապես տեղաշարժման խնդիր ունեցող մարդիկ լիարժեք ապրելու, հասարակական-քաղաքական կյանքին ազատ եւ ինքնուրույն մասնակցություն ունենալու լիարժեք հնարավորույթյուն չունեն: Գիտեք, որ չկան մատչելի դպրոցներ, հասարակական վայրեր եւ ամենակարեւորը՝ տրանսպորտի խնդիրը, դեռեւս մնում է չլուծված, որովհետեւ ունենք ընդամենը քսանհինգ ավտոբուս, որոնք միայն հինգ երթուղով են աշխատում: Այս ամենը թույլ չի տալիս, որ մարդիկ իրենց տնից դուրս գան, հաճախեն դպրոց, համալսարան, ժամանցի վայրեր, այսինքն , վարեն այն կենսակերպը, որը կարող են վարել հաշմանդամություն չունեցող մարդիկ»,-ասում է Երեւանի ավագանու անդամ Զառա Բաթոյանը: Զառա Բաթոյանը եւս  նշում է, որ ֆիզիկական միջավայրի հետ կապված փոփոխությունները, օրինակ հարմարեցված մայթեր, թեքահարթակներ, միայն Երեւանում են, ինչը չի կարելի  ասել մարզերի մասին:  

 

Երեւանի ավագանու անդամը հատկապես շեշտում նորակառույց շենք-շինություններում օրենքի պահանջի չկատարման փաստը: Քաղաքաշինության նախարարի 2007 թ-ի հրամանով , հասարակական նշանակության բոլոր նոր կառուցվող շինությունները պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցողների համար, այնինչ լավագույն դեպքում մատչելիություն է դիտարկվում միայն մուտքի մոտ կառուցված թեքահարթակը, որի ստանդարտներն էլ, Զառա Բաթոյանի խոսքով, վիճելի են:

 

Զառա Բաթոյանն ամենաթարմ օրինակն է բերում. « 2017 թվականի գարնանը շահագործման հանձնված վերակառուցված Քանաքեռ-Զեյթուն ծննդատանը նույնիսկ մեկ սենյակ չկա, որտեղ կլինի սանհանգույց, այսինքն, հաշմանդամություն ունեցող կինը ծննդատանը չի կարող օգտվել այդ ծառայություններից: Մարդիկ ուղղակի ասացին, որ այդ մասին չեն մտածել»:

 

Զառա Բաթոյանը հավասար հնարավորությունների խնդիրց խոսելիս, առանձնացնում  է կանանց համար նախատեսված ծառայությունների մատչելիության խնդիրը եւ նշում, որ այս տեսանկյունից, Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանայք կրկնակի խոցելի են:  «Պետական մակարդակով որեւէ գործողություն, ծրագիր չկա, որը կանանց մատուցվող ծառայությունները հասանելի կդարձնի հաշմանդամություն ունեցող կանանց: Խոսքը հատկապես վերարտադրողական, սեռական  առողջությանն ուղղված ծառայությունների մասին է, որովհետեւ հաշմանդամություն ունեցող կինը հնարավորություն չունի վերարտադրողական ծառայություններից օգտվի ինքնուրույն, գաղտնի կերպով, այնպես, ինչպես օրենքն է պահանջում»,-նշում է Զառա Բաթոյանը՝ հավելելով, որ խնդիր է նաեւ կարծրատիպերի առկայությունը, որովհետեւ տարրական շփման կանոններին տիրապետելու եւ հաղորդակցվելու եւս լուրջ խնդիր է:  «Առողջապահության նախարարությունը որեւէ քայլ չի կատարում այս ուղղությամբ, ավելին ասեմ, ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, երբ ես հարց ուղղեցի կանանց վերարտադրողական առողջության վերաբերյալ,  նախարարն  ուղիղ եթերում նշեց, որ դա իրենց օրակարգում չի մտնում, եթե ես խնդիր ունեմ, կարող եմ դիմել իրեն»,-ասում է Զառա Բաթոյանը:

 

Հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար շարունակում է խնդիր մնալ զբաղվածությունը: Թեեւ պետական համակարգում ու մասնավոր ընկերություններում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունն այսօր բացառիկ երեւույթ չէ, սակայն այսօր  աշխատունակ տարիքի քաղաքացիների ընդամենը 8-9 տոկոսն է զբաղված: Արմռեն Ալավերդյանը հետընթացէ համարում Զբաղվածության մասին օրենքում քվոտավորման դրույթի սառեցումը:

 

Հաշմանդամություն ունեցող կանանց համար աշխատանք գտնելու խնդիրն ավելի բարդ է: Զառա Բաթոյանի խոսքով, նաեւ կարծրատիպերը տեղ ունեն:  «Հասարակական մենթալիտետի խնդիր է, որովհետեւ հաշմանդամություն ունեցող կանայք ավելի ինքնամփոփ  ու կաշկանդված են, որովհետեւ կարծիքը, որ տղամարդը պետք է աշխատի ու ընտանիք պահի, կարող են խրախուսել տղամարդկանց, որպեսզի նրանք աշխատանք ունենան, իսկ կանանց մասով,  լավագույն դեպքում խնամք է իրականացվում, երբ  ընտանիքը հարկ չի  համարում , որ հաշմանդամություն ունեցող կինն աշխատի: սա լավագույն դեպքում եմ ասում, որովհետեւ կա նաեւ հակառակ պատկերը՝ ընտանեկան բռնությունը եւ ցավոք, հաշմանդամություն ունեցող կանանց դեպքում մենք որեւէ տվյալ չունենք, քանի որ որեւէ պետական կամ հասարակական մարմին նման վիճակագրություն չի վարում», -նշում է Զառա Բաթոյանը՝ հավելելով, որ կանանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ծառայություններն էլ հաշմանդամություն ունեցող կանանց քիչ հասանելի են:

 

Մարիաննա Ղահրամանյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Զարուհի Բաթոյան. «Իմ առաջարկներն ուղղված են արժանապատիվ կյանքին բոլորի համար»

 

Հանրային կարծիքը հաշմանդամության խնդիրների վերաբերյալ՝ ինչպիսի՞ն է այն Հայաստանում

 

Հասարակություն բոլորի համար. հատուկ թողարկում

 

Դիտումների քանակը` 2255

Գլխավոր էջ