Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակում ստորագրվեց սեռական և գենդերային բռնության դեպքերի արձագանքման ու կանխարգելման վերաբերյալ ընթացակարգ
Նոյեմբերի 21-ին, «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության վերացմանն» ուղղված 16- օրյա միջազգային արշավի նախաշեմին, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակում կայացավ սեռական և գենդերային բռնության դեպքերի արձագանքմանը և կանխարգելմանն ուղղված փաստաթղթի ստորագրումը: Ստորագրող կողմերն էին՝ ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակը /ՄԱԿ ՓՀԳ/ ու Հայկական կարմիր խաչի ընկերությունը /ՀԿԽԸ/:
Փաստաթղթի լրիվ անվանումն է ՝ «Փախստականների, ապաստան հայցողների, տեղահանված և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև փախստականի կարգավիճակում գտնվող անձանց սեռական և գենդերային հիմքով բռնության դեպքերի վարման Ստանդարտ գործառնական ընթացակարգերը»: Այն ստորագրեցին ՀՀ-ում ՄԱԿ ՓՀԳ ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը և Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը: Ընգծվեց նաև, որ միջոցառումը անց է կացվում ողջ աշխարհում նոյեմբերի 25-ից մեկնարկող Ըննդեմ գենդերային բռնության ակտիվիզմի 16-օրյակի շրջանակում, որի կարգախոսն է այս տարի. «Չանտեսելով ոչ մեկին վերացնե՛նք բռնությունը կանանց ու աղջիկների նկատմամբ»:
ՀՀ-ում ՄԱԿ ՓՀԳ ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթն իր խոսքում ընդգծեց, որ սեռական և գենդերային բռնությունների արձագանքումն ու կանխարգելումը բազմատեսակ ծառայությունների և կազմակերպությունների պահանջն է, ուստի անհրաժեշտ է համատեղ պայքար, որի կազմակերպումը հանգամանորեն ներկայացված է ընթացակարգում: Նրա խոսքով փաստաթղթով նախատեսվող ուղղորդման մեխանիզմները լայն հնարավորություններ են ընձեռում ապահովելու ապաստան հայցող և փախստական անձանց պաշտպանությունը գենդերային բռնությունից, ինչպես նաև բարձրացնելու նրանց իրազեկվածությունը խնդրի վերաբերյալ:
Նախքան ստորագրման արարողակարգին անցնելը ներկաներին ուղղված ողջույնի խոսքում Աննա Եղիազարյանը ներկայացրեց համագործակցության դաշտում ՀԿԽԸ-ի և ՀՀ-ում ՄԱԿ ՓՀԳ գրասենյակի հետ իրականացվող առաքելության կարևորությունը: Նա նաև հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով Ստանդարտ գործառնական ընթացակարգի մշակմամբ ու կիրառմամբ հնարավոր կլինի առավել համապարփակ արձագանքել փախստականների նկատմամբ գենդերային բռնության դրսևորումներին:
Ստորագրման արարողակարգին հաջորդեց փախստականների պաշտպանության շրջանակներում ՀՀ Կառավարության կողմից հավանության արժանացած ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի քննարկումը:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 2608